Սահմանադրության նախագծի շուրջ մտահոգությունները խորանում են։ Ի՞նչ է փոխվելու, ինչո՞ւ մինչ օրս չի հրապարակվում նախագիծը, որն, ըստ նախարարի, պետք է հրապարակվեր մարտին։ Անորոշությունը մի շարք կասկածներ է առաջ բերում։ Ասում են, թե նախատեսված փոփոխությունների մեծ մասը ազգային շահերի դեմ են։
«Սահմանադրության փոփոխության նախագիծ է պատրաստված, որը ՔՊ-ն մինչև ընտրություններ գաղտնի է պահում։ Մեր տեղեկություններով՝ Սահմանադրությունից ուզում են հանել այն հոդվածը, որով արգելվում է օտարերկրացիներին հողի սեփականություն ունենալ, որպեսզի թուրքերն ու ադրբեջանցիները գան այստեղ, հողի սեփականատերեր դառնան ու արդյունքում հողը տանեն ձեռքներիցս»,- 168.am-ի «Պրեսսինգ» հաղորդաշարում ասել է «ՀայաՔվե» ազգային-քաղաքական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը։
Այս տեղեկությունը իրականությանը հակասող է որակել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը։
«Ավետիք Չալաբյանը, «168ժամ»-ի եթերում հայտարարել է, որ իր տեղեկություններով Սահմանադրական բարեփոխումների խորհրդի մշակած նախագծից հանվում է օտարերկրացիների կողմից հող գնելու արգելքի դրույթը։ Դա կրկնակի սուտ տեղեկություն է։ Նախ, գործող սահմանադրությունում այդ արգելքը բացարձակ չէ։ Մի շարք դեպքերում օտարերկրացիները, գործող սահմանադրությամբ ու օրենքներով, կարող են հող գնել (օրինակ՝ իրավաբանական անձ ստեղծելու միջոցով)։ Երկրորդը, նախագծում, հակառակը, նախատեսվում է խստացնել այդ կարգավորումը ու արգելել օտարերկրյա մասնակցությամբ իրավաբանական անձանց էլ հող գնել»,- նշել է նա։
Այս իրարամերժ հայտարարությունները թույլ չեն տալիս միանշանակ պատկերացում կազմել սահմանադրական բարեփոխումների մասին։ Այս ամոթալի անորոշությունը հնարավոր կլինի պարզել, երբ նախագիծը կդրվի հանրային քննարկման։
Ամիսներ առաջ, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը խոստացավ, որ մարտին պատրաստ կլինի Սահմանադրության նախագիծն ու կդրվի հանրային քննարկման։ Մայիսի 30-ի դրությամբ ոչինչ պարզ չէ, ոչինչ հրապարակված չէ։ Այս է պատճառը, որ միանշանակ չենք կարող ասել, որ Ավետիք Չալաբյանի տեղեկությունները ճիշտ են, և Սահմանադրությամբ հանվելու է օտար երկրի քաղաքացիներին հող վաճառելու արգելքը։
Իսկ եթե Դանիել Իոաննիսյանն է ճիշտ ասում, և նախագծում խստացվում է օտարերկրյա քաղաքացիներին հող վաճառելու արգելքը, ապա հասկանալի չէ, թե ինչո՞ւ չեն հրապարակում նախագիծը։ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն ինչ ասես՝ չեն անում, որ ձայն հավաքեն։ Եթե Սահմանադրության նախագծում իրոք ազգանվեր փոփոխություններ են լինելու, ապա այն հաստատ կհրապարակեին, դրանից մեջբերումներն էլ կհնչեին ՔՊ-ի քարոզարշավի ժամանակ։
Այս առումով՝ առավելությունը Ավետիք Չալաբյանի կողմն է։ Տրամաբանական է, որ եթե նախագիծը չեն հրապարակում, ապա այնտեղ մութ, չար բաներ կան, օրինակ՝ այն, ինչի մասին ասել է քաղաքական այս գործիչը։ Այսինքն՝ նա տրամաբանորեն ճշմարիտ է ասում։ Սակայն հնարավոր չէ միանշանակ պնդել, որ նա հաստատ ճշմարիտ է ասում, քանի որ նախագիծը հրապարակված չէ։
Դանիել Իոաննիսյանի հակադարձումը ևս ենթադրաբար կարելի է ճշմարիտ որակել, քանի որ նա նախագիծը մշակող խորհրդի անդամ է։ Սակայն այստեղ տրամաբանական հակասություն կա։ Եթե խստացվում է արգելքը, նշանակում է՝ նախագծում ազգանվեր բաներ կան։ Եթե ազգանվեր բաներ կան, ապա պետք է հրապարակվեր։ Եթե չի հրապարակվել, ապա Իոաննիսյանի ասածը միանշանակ ճշմարիտ ընկալել չի կարելի։ Միակ ապացույցը դարձյալ Սահմանադրության նախագիծն է, որը հրապարակված չէ։ Եվ քանի դեռ այն հրապարակված չէ, միանշանակ չենք կարող ասել, որ Իոաննիսյանը ճշմարիտ է։
Պարզ ասած՝ ընտրություններում հաղթելու կամ շեմն անցնելու հավակնություն ունեցող ուժերը այսօր և վաղը, հավանաբար, կհրապարակեն նոր տեղեկություններ, թե ինչ խայտառակ բաներ կան նախագծում։ Ճակատային այսպիսի գրոհը էապես կգցի ՔՊ-ի վարկանիշը, ու ՔՊ-ն կպարտվի։ Այս հեռանկարը բացառելու համար ՔՊ-ն, հավանաբար, կհրապարակի Սահմանադրության նախագիծը մինչև հունիսի 7-ը։ Դա ազնիվ կլինի քաղաքացու, ընտրողի, ժողովրդի հանդեպ։ Նախագիծը հրապարակելուց անմիջապես հետո կդադարեն չճշտված տեղեկությունները, ոչ ոք չի կարող ասել, թե վատ, չար բաներ կան նախագծում, ոչ ոք ոչ ոքի սուտ խոսելու մեջ չի հանդիմանի՝ օգտվելով հանգամանքից, որ իր աչքով տեսել է նախագիծը, մի կտոր էլ կերել։