ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է իր լիակատար և անվերապահ աջակցությունը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջիկա խորհրդարանական ընտրություններում։ Սպիտակ տան ղեկավարը այս մասին գրել է իր Truth Social էջում։ Թրամփը նաև նշել է, որ ԱՄՆ-ն և Հայաստանը շուտով կսկսեն հետևել «Թրամփի ուղուն», որը, ըստ նրա, «կվերափոխի տարածաշրջանը և կօգնի ամերիկյան էներգետիկ ընկերություններին հասանելիություն ստանալ տարածաշրջանային ռեսուրսներին»։
«Այս պատճառներով ես լիովին և անվերապահորեն աջակցում եմ Նիկոլի վերընտրությանը 2026 թվականի հունիսի 7-ին։ Նրա օգնությամբ մենք Միացյալ Նահանգները, Հայաստանը, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան կհասցնենք աննախադեպ բարձունքների։ Մենք (Հայաստանը) կրկին մեծ կդարձնենք»,- գրել է Թրամփը։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ Թրամփի աջակցությունը կօգնի՞ Նիկոլ Փաշինյանին վերընտրվել»։
Հարցվածների մի մասը նշեց, որ Թրամփի աջակցությունը ոչինչ չի փոխի, եթե ընտրողը հայ ժողովուրդն է, իսկ որոշներն էլ դրական պատասխան տվեցին։
«Ոնց կաջակցի, եթե դու իրան չընտրես», - պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Թրամփը ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ։ «Իմ կարծիքով՝ ոչ, որովհետև Փաշինյանին ընտրում է ժողովուրդը, ոչ թե Թրամփի անձնակազմը։ Թրամփի ազդեցությունը հայ ազգի տոկունության կամ կամքի վրա չի կարող ազդել։ Ընտրում է ժողովուրդը, Թրամփը ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ», - նշեց նա։
Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանն ազգի դավաճան է։ «Ոչ մի դեպքում։ Թրամփը եկել է, որ մեր հանքերը ամբողջությամբ իրենով անի։ Փաշինյանն ազգի դավաճան է, նա պիտի պատժվի։ Ես չգիտեմ՝ ինչ ձևով պիտի սատկացնեն իրան իրա կամանդով։ Տարավ 5000 երեխու գլուխը կերավ։ Սա չգիտեմ՝ ինչ թյուրիմացություն է, թուրքի ագենտ է։ Էսը խաղաղություն չի։ Խաղաղություն է, որ հողերը տալիս է», - ասաց նա։
«Ոչ մի բան չի օգնի Փաշինյանին», -պատասխանեց մեկ այլ հարցված։
Մանրամասները՝ տեսանյութում․