Եզոպոսն արտաքին տեսքով այլանդակ էր։ Երբ ցածրորակ ստրուկները տևական ժամանակ չէին վաճառվում, ապա ստրկավաճառը նրանց կանգնեցնում էր Եզոպոսի կողքին։ Գնորդները նայում էին այլանդակ Եզոպոսին և գնում նրա կողքին կանգնածներին։ Եզոպոսը ստրկավաճառի հրահանգով մտնում էր դերի մեջ՝ լկտիություն անում, հիմարություն դուրս տալիս։ Եվ գնորդները, համեմատելով նրան ու նրա կողքին կանգնածին, գնում էին ցածրորակ ստրուկին։
Նախկինում իշխանական կուսակցությունը երազում էր, որ ԱՄՆ-ն, ԵՄ-ն կճանաչեն ՀՀ-ում անցկացված ընտրությունների լեգիտիմությունը, որոնք անցել էին բազմաթիվ ընտրախախտումներով, ընտրակաշառքով և այլն։ Իսկ այսօր ԵՄ-ն, ԱՄՆ-ն ընտրություններից առաջ աջակցություն են հայտնում իշխանական թեկնածուին։
Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ նախագահը ընտրություններից առաջ աջակցություն է հայտնում թեկնածուներից մեկին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր «Truth Social» պաշտոնական հարթակում
հրապարակում է արել, որտեղ բարձր է գնահատել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեությունը և հայտնել իր լիակատար աջակցությունը հունիսի 7-ի ընտրություններին։
Ինչո՞ւ Թրամփն աջակցեց Փաշինյանին, և ինչ հետևանք կունենա դա։
Եզոպոսի հետ կապված վերը հիշված հնարքը հետխորհրդային տարածքում առաջին անգամ կիրառվեց Ռուսաստանում Ելցինի կողմից։ Նա վերակենդանացրեց մեռած կոմունիստական կուսակցությունն ու նրա ֆոնին ժողովրդավար երևաց, ընդունելի գործընկեր դարձավ Արևմուտքի համար։ Արևմուտքն էլ շատ չէր ճնշում Ելցինին՝ վախենալով, որ կգան կոմունիստները, չարիքը կվերածնվի։
ՀՀ-ում այս հնարքը նույնությամբ սկսեցին կիրառել 1998-ից։ Իշխանությունները Կրեմլի ցուցումով հատուկ ակտիվացնում էին ռուսամետ ուժերին, որ վերջիններիս ֆոնին ժողովրդավար երևան և ընդունելի լինեն Արևմուտքի համար։ Այսկերպ նաև տպավորություն էին ստեղծում, թե հայ ժողովուրդն անուղղելի ռուսամետ է, հետամնաց, ոչ ադեկվատ, ցածրակարգ հանրույթ, ժողովրդավարություն, ազատություն, անկախություն չի ուզում։ Այս իրավիճակում Արևմուտքը կարող էր գործակցել միայն իշխանության կուսակցության հետ։
Նիկոլ Փաշինյանը նույն բանն է անում։ Նա Կրեմլի հետ միասին ակտիվացրել է ռուսամետ ուժերին։ Վերջիններիս ֆոնին Փաշինյանը ժողովրդավար է երևում, վաստակում է քաղաքակիրթ աշխարհի աջակցությունը, չնայած՝ 2018-ին ռուսների աջակցությամբ է ֆորպոստի վարչապետ կարգվել և ռուսամետ աղետալի կուրս վարել։
Այսօր էլ Փաշինյանը հանդես է գալիս հայ-ռուսական օրակարգն անխախտ պահելու օգտին, Հայաստանից ռուսական զորքերը դուրս հրավիրելու մասին չի մտածում, ՀԱՊԿ-ից դուրս չի բերում Հայաստանը, լյուստրացիա ու դեսովետիզացում չի անում և այլն։ Այսինքն՝ վարում է ռուսամետ կուրս։ Բայց քանի որ նրանից ավելի վառ ռուսամետ ուժեր կան, որոնք բարձր վարկանիշ ունեն, ապա ԱՄՆ-ն, ԵՄ-ն աջակցում են Փաշինյանին, որ ավելի վառ ռուսամետները չգան, մեծ խնդիրներ չստեղծեն քաղաքակրթության, ժողովրդավարության, գլոբալ անվտանգության համար։
Եզոպոսի օգնությամբ ստրկավաճառը շատ ցածրորակ ստրուկներ վաճառեց, մինչև եկավ Քսանթոսն ու գնեց Եզոպոսին։ Նա միանգամից նկատեց, որ ստրկավաճառը Եզոպոսին շահագործելով՝ գնորդին հիմարի տեղ էր դնում։ Իսկ Քսանթոսը փիլիսոփա էր, և խայտառակ կլիներ, եթե ստրկավաճառն ասեր, թե հիմարացրել է նաև հայտնի Քսանթոսին ու Եզոպոսի այլանդակ խաղի հնարքով ցածրորակ ստրուկ վաճառել։ Ցավոք, ԱՄՆ նախագահը Քսանթոսի պես բծախնդիր չգտնվեց և թույլ տվեց, որ իրեն հիմարացնեն մի հնարքով, որը մարդկությանը ծանոթ է դեռ Եզոպոսի ժամանակներից։
Թրամփի աջակցությունը նաև ռիսկեր է առաջ բերում։ Եթե մինչ օրս Պուտինը թաքուն էր հովանավորում ռուսամետ թեկնածուներին, ապա Թրամփի հայտարարությունից հետո բացահայտ կարող է միջամտել ընտրությունների ընթացքին ու ազդել արդյունքի վրա։ Իսկ երբ նրան հարցնեն, թե ինչո՞ւ է միջամտում, ապա նա կհակադարձի, որ Թրամփն էլ է ազդել հայ ընտրողի որոշման վրա։ Արդյունքում՝ արտաքին միջամտությունը կդառնա նորմալ, իսկ ՀՀ-ում ընտրությունները կվերածվեն ֆարսի։
Կարճ ասած՝ լավատեսություն կա, որ այսպես երկար չի շարունակվի, և հաջորդ ընտրություններից առաջ աշխարհում կհայտնվեն իմաստասեր մարդիկ, որոնք թույլ չեն տա, որ իրենց հիմարացնեն ու ռուսամետ կուրս վարող Փաշինյանին ներկայացնեն որպես ժողովրդավար, անկախական առաջնորդ։ Իսկ Փաշինյանի իրացմանը նպաստող ռուսամետներն էլ գուցե կխոստովանեն, որ իրականում քաղաքական հավակնություն չեն էլ ունեցել և հարկադրաբար են ներքաշվել քաղաքականություն, որ հիմարացնեն ընտրողին ու քաղաքակիրթ հանրությանը։