copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 18:00 27-05-2026

«Ֆրի Նյուզից» մինչև «Ջելլիմալս». Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ էլիտար բնակարանն ու մարմելադի բիզնեսը

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

2018 թվականի «Թավշյա հեղափոխությունը» խոստանում էր արմատախիլ անել կոռուպցիան, հովանավորչությունն ու արտոնյալների կլանը։ Տարիներ անց, սակայն, հանրությունը ականատես է լինում միանգամայն այլ իրականության, որտեղ «Նոր Հայաստանի» որոշ չինովնիկների ընտանիքներն ու հատկապես կանայք կտրուկ հարստանում են, հիմնում արտադրություններ և տիրանում միլիոնավոր դրամների եկամուտների։

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախկին կինը՝ Մարիամ Մարգարյանը, ամուսնալուծությունից ամիսներ անց՝ 2025 թվականի նոյեմբերի 27-ին, պաշտոնապես գրանցել է «Ջելլիմալս» ՍՊԸ-ն։ Ընկերությունը զբաղվում է երեխաների համար նախատեսված վիտամինային ժելեների՝ մարմելադների, արտադրությամբ։



Ուշագրավ է ընկերության գրանցման հասցեն՝ Կենտրոն, Եկմալյան փողոց, շենք 1/1, բնակարան 103։ Սա հենց այն հասցեն է, որտեղ Ալեն Սիմոնյանը ձեռք էր բերել 320 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ նոր բնակարանը։ Ստացվում է՝ հեղափոխության կարկառուն դեմքերից մեկի ընտանեկան սեփականությունն ու բիզնեսը ծագել և ծաղկել են պաշտոնավարմանը զուգահեռ։ Հիշեցնենք նաև, որ այս գերթանկարժեք բնակարանը Սիմոնյանը ձեռք էր բերել 2020 թվականին, երբ երկիրը թաղված էր պանդեմիայի մեջ։


Հատկանշական է, որ «Թավշյա հեղափոխություն»-ից հետո ՔՊ-ական պաշտոնյաների կանայք այսօր հայտարարագրում են միլիոնավոր դրամների եկամուտներ, ձեռք բերում անշարժ գույք և կապիտալ։ Ողջամիտ կասկածներ են առաջանում, որ ՔՊ-ական պաշտոնյաները ստվերային եկամուտներ են ունենում և դրանց մի մասը պարզապես «պահում են» իրենց կանանց թիկունքում, որ խուսափեն «տհաճ» հարցադրումներից։

Այս վիտամինային մարմելադների լայն սպառումն անհնար կլիներ պատկերացնել առանց բոլոր իշխանությունների սիրելի օլիգարխ Սամվել Ալեքսանյանի «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի։



Գաղտնիք չէ, որ Հայաստանում նոր արտադրողների համար խոշոր առևտրային ցանցերի դարակներում հայտնվելը հաճախ երկար, բարդ և ծախսատար գործընթաց է։ Այս համատեքստում բնական հարցեր են առաջանում՝ արդյոք «Ջելլիմալս» ՍՊԸ-ն նույն պայմաններո՞վ է շուկա մուտք գործել, ինչ մյուս սկսնակ արտադրողները, թե՞ իշխանության բարձր շրջանակների հետ կապերը նպաստել են ընկերության ավելի արագ առաջխաղացմանը։

Ենթադրելի է, որ այստեղ կիրառվել է քաղաքական լծակ, և խոշոր տնտեսվարողները փորձել են հավատարմություն ցուցաբերել պաշտոնյաների և նրանց հետ փոխկապակացված անձանց հանդեպ։ Եվ եթե նախկինում բիզնեսները գրանցվում էին օլիգարխների անուններով, ապա այժմ որոշ ակտիվներ կամ եկամուտներ կարող են ձևակերպվել կանանց, նախկին կամ ներկա ընտանիքի անդամների անուններով՝ քաղաքական ռիսկերից խուսափելու նպատակով։

Ավելի վաղ Oragir.News-ն անդարդարձել էր նաև Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի ընտանեկան բյուջեի մանրամասներին. այստեղ ևս նկատելի էր նույն օրինաչափությունը՝ պաշտոնյայի կնոջ եկամուտներն ու ֆինանսական միջոցները կտրուկ աճ էին գրանցել։

Տեղին է հիշել նաև «Ֆրի Նյուզ» լրատվամիջոցի մասին։ Թե՛ «Ջելլիմալս» ՍՊԸ-ի և թե՛ «Ֆրի Նյուզ»-ի թիկունքում կանգնած է նույն անձը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախկին կինը՝ Մարիամ Մարգարյանը: Սակայն ամենացնցող նմանությունը ոչ թե հիմնադիրների անուններն են, այլ տնտեսական այն մանիպուլյատիվ մոդելը, որը հնարավորություն է տալիս բիզնեսը պաշտոնապես ներկայացնել որպես «խեղճ ու կրակ», բայց իրականում գեներացնել հսկայական միջոցներ:

Զարմանալի է՝ ինչպե՞ս է ստացվում, որ պաշտոնյայի ընտանիքին պատկանող բիզնեսը տարիներով «վնասով» է աշխատում, բայց ոչ միայն հրաշքով գոյատևում է, այլև դրա տերերը զուգահեռաբար ձեռք են բերում հարյուր հազարավոր դոլարների գույք։

Չի բացառվում, որ «Ջելլիմալս» ՍՊԸ-ն կրկնի «Ֆրի Նյուզի» հարկային ձեռագիրը՝ պաշտոնական փաստաթղթերում ցույց տալ զրոյական կամ վնասով հաշվեկշիռներ, բայց վայելել վիտամինային մարմելադների ու էլիտար բնակարանների իրական «քաղցրությունը»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից