Որոշ քննադատներ պարբերաբար ընդգծում են, որ ՀՀ քաղաքական օրակարգի թիվ մեկ խնդիրը անկախությունն ամրացնելն է, ավելի անկախ դառնալը։ Ոմանք ուղղակի քաջալերում են Փաշինյանին այս ուղղությամբ գործուն քայլեր անել։ Ոմանք հեգնում են, որ նա այս հարցում փոքրոգի է, խիզախություն չունի։ Այսօրինակ հորդորներին միացավ նաև ԱՄՆ պետքարտուղարը։
Մարկո Ռուբիոն մայիսի 26-ին Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ ասել է՝ «Դուք, վարչապետը, հայաստանյան ողջ թիմը ճանապարհ եք հարթում դեպի ավելի պայծառ, ավելի անկախ ապագա ՀՀ-ի համար, ու մենք ուրախ ենք մեր աջակցությունը հայտնելու այս խիզախությանը»։
Ի՞նչ ավելի անկախ ապագայի մասին է ակնարկում Ռուբիոն, և ՀՀ-ի համար դեպի ավելի անկախ ապագա ճանապարհ հարթելն ինչո՞ւ է խիզախություն որակվում։
Ռուբիոն այս խոսքը ՔՊ-ականները փորձում են քողարկել բալանսավորման մասին դատարկ խոսույթով։ Եթե ԱՄՆ պետքարտուղարը խոսում է Հայաստանի ավելի անկախ ապագայի մասին, նշանակում է՝ այսօր միջազգային քաղաքականության մեջ Հայաստանը դեռ լիարժեք անկախ պետություն չի ընկալվում։
Օրինակ՝ 2022-ի սեպտեմբերի 15-ին, երբ ՄԱԿ ԱԽ-ում քննարկվում էր Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտելու հարցը, Չինաստանն ակնարկեց, թե Հայաստանը լիարժեք անկախ երկիր չէ, ռուսական ազդեցության գոտի է։ Եվ եթե Ռուսաստանն ասում է, որ Հայաստանի դեմ ագրեսիա չկա, ուրեմն չկա։
Հիշենք, որ 1991-ին ՀՀ-ն կարողացավ անկախանալ նաև օբյեկտիվ պատճառով։ Արևմուտքը՝ ԱՄՆ-ն, Անգլիան, հաղթեցին Սառը պատերազմում, խորհրդային կայսրությանը պարտադրեցին դուրս գալ ազդեցության գոտիներից, և Հայաստանն անկախացավ։ Բայց անկախությունից հետընթաց սկսվեց 1995-ի մարտի 16-ի հայ-ռուսական ապօրինի պայմանագրից հետո։ Հայ-թուրքական, հայ-իրանական սահմաններին կանգնեցին ռուս սահմանապահները, էներգետիկ համակարգը հայտնվեց ռուսական վերահսկողության տակ, անվտանգության գլխավոր մեխանիզմը դարձավ ՀԱՊԿ-ը։ Միջազգային հարթակներում Երևանը երկար տարիներ վարվում էր Մոսկվայի թելադրանքով։ Օրինակ՝ երբ միջազգային հանրությունը, ժողովրդավարական երկրները ՄԱԿ-ում և այլ հարթակներում դատապարտում էին ՌԴ-ի զավթիչ քաղաքականությունը, ՀՀ-ն քվեարկում էր ՌԴ-ի պես։
Անկախությունից հետընթացի արդյունքում հասունացավ ու լեգիտիմացվեց նաև 2020-ի պատերազմը։ Թուրքիան աշխարհին կարողացավ համոզել, որ ՀՀ-ն Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ դարձել է ամբողջությամբ ռուսական ֆորպոստ։ Ու եթե Ռուսաստանը որակվում է համաշխարհային չարիք, ապա Հայաստանն էլ այդ չարիքի շահերի սպասարկողն է։ Վերջին ապացույցը դարձավ այն, որ Փաշինյանը զորք ուղարկեց Սիրիա։ 44-օրյա պատերազմը, ՀԱՊԿ-ի անգործությունը, ռուսական դաշնակցային պարտավորությունների ցուցադրական սնանկությունը և Հայաստանի նկատմամբ աճող քաղաքական ճնշումները համոզեցին գրեթե բոլորին, որ անկախությունից նահանջելով՝ ոչ միայն ոչինչ չստացանք, այլև հասանք մահվան դուռը։ Հիմա արդեն բոլորը գիտեն, որ որքան թույլ է անկախությունը, այնքան խոցելի է պետությունը։
Ոմանք կարծում են, թե ավելի անկախ ապագա կառուցելն իսկապես խիզախություն է, քանի որ Ռուսաստանը չի հարգում ՀՀ անկախությունը, ՀՀ-ին վերաբերվում է որպես իր ազդեցության գոտու։ Օրինակ՝ նա շատ ցավոտ ընկալեց Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացումն ու դրան Ուկրաինայի նախագահ Զելենսկու մասնակցությունը։
Բանն այն է, որ Փաշինյանը Կրեմլի հետ ունի որոշակի պայմանավորվածություններ։ Եթե դրանք պահպանվեն, ապա ՀՀ-ն կմնա ռուսական ազդեցության գոտի։ Դրանք խախտելն ու ՀՀ-ն ավելի անկախ դարձնելն իրոք խիզախություն է։ Այս խիզախության արդյունքում Փաշինյանը գուցե պատմության մեջ չհիշվի միայն պարտություններով։ Օրինակ՝ 1956-ին Իմրե Նաձն անցավ ժողովրդի կողմն ու պաշտպանեց նրա ազատության իրավունքը։ Նա Հունգարիայի ազգային հերոսն է, նրա արձաններն ամենուր են։ Եթե Փաշինյանն Իմրե Նաձի չափ խիզախություն ունի։
Նախկինում էլ է փորձ արվել ավելի անկախ դարձնել Հայաստանը։ 2009-ին Սերժ Սարգսյանը սկսեց ԵՄ-ի հետ ասոցիացման համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցությունները։ ՌԴ-ն կոշտ հակագրոհեց, ՀՀ իշխանությանը ստիպեց ՀՀ-ում ռուսական ռազմակայանի տեղակայման մասին պայմանագրի ժամկետը 25-ից դարձնել 49 տարի։ 2016-ին Երևանում կանգնեցվեց Նժդեհի արձանը։ Այս առումով նկատենք, որ ԵՄ-ի հետ բանակցություններ վարելը, Նժդեհի արձանը կանգնեցնելը ու նման նախաձեռնությունները ցույց են տալիս, որ ՀՀ-ն փորձել է անկախ քաղաքականություն վարել։ Իսկ 2013-ի սեպտեմբերի 3-ի գիշերային համաձայնագիրը ապացուցեց հակառակը՝ որ ՀՀ իշխանությունը դեռ չի կարողանում դիմադրել Մոսկվայի ուլտիմատիվ պահանջներին։
Հետևապես՝ ՀՀ քաղաքական օրակարգի առաջնային խնդիրը անկախությունն ամրացնելն է, ՀՀ-ն ավելի անկախ դարձնելն է, որ ոչ ոք չկարողանա ՀՀ վարչապետին քաղաքականություն թելադրել։ Իսկ եթե այսօր այս հարցում ՀՀ-ին աջակցում է նաև ԱՄՆ-ն, ապա հույս կա, որ հնարավոր է ազատվել ռուսական ազդեցությունից՝ ի շահ ժողովրդի և պետության։
Այս լավատեսության ֆոնին հարկ է նկատել, որ եթե Փաշինյանը Հայաստանն ավելի անկախ դարձնելու օրակարգ ունենար, ապա այսքան աղետների միջով չէին անցնի երկիրն ու ժողովուրդը։ Ուստի՝ Հայաստանն ավելի անկախ դարձնելու հարցում ՔՊ-ն լավագույն կառավարությունը չէ, քանի որ Փաշինյանը խիզախություն չունի, ինչի մասին դիվանագիտական լոզվով հեգնել է նաև ԱՄՆ պետքարտուղարը։