Oragir.News-ը ներկայացնում է մայիսի 14-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը ադրբեջանական բանտից պատմել է իր իրավունքների ոտնահարման մասին, դիմել է հայ ժողովրդին, լրատվամիջոցներին, միջազգային հանրությանն ու մարդու իրավունքների պաշտպաններին՝ խնդրելով պաշտպանել հայ գերիների իրավունքները։ «Սա ոչ թե դատավարություն է, այլ էթնոքաղաքական վենդետա՝ ուղղված հայ ժողովրդի անցյալի ու ապագայի դեմ», - ձայնային հաղորդագրությունում ասում է Դավիթ Բաբայանը, որին Բաքվի ռազմական դատարանը դատապարտել է ցմահ ազատազրկման։ Բաբայանը հայտնել է, որ անհետացել են Վերաքննիչ դատարան ուղարկած իր նամակ-բողոքները, դիմումները, իսկ դրանք անհրաժեշտ են իրեն՝ միջազգային դատարան դիմելու համար. «Իմ փաստաբանն է դրա մասին ինձ տեղյակ պահել մայիսի 7-ին, ասել է՝ վերջին օրն է, անակնկալ էր, փետրվարի 23-ին երկու դիմում եմ ուղարկել, և այդ ամենը անհետացել է։ Ստիպված մի նամակ եմ գրել, բայց չգիտեմ պատասխանը։ Բացի դրանից՝ մեկուսարանից բանտ տեղափոխվելու ժամանակ իմ վերջին ելույթն են առգրավել։ Սա ոչ այլ ինչ է, քան քայլ, որ ոչնչացնեն բոլոր քննադատական ելույթները։ Միջազգային հանրությանն ի գիտություն»։ Գրեթե երեք տարի ադրբեջանական գերության մեջ գտնվող Բաբայանը խնդրում է, որ պահանջեն իր վերջին ելույթների տեսանյութերը. «Կխնդրեի, որ պահանջեք, խնդրեք մեր վերջին ելույթները ձեզ տրամադրեն։ Նաև տեսանյութով, եթե արդեն չեն ոչնչացրել։ Դատական գործընթացի մասին հակիրճ ներկայացնեմ, ով է իմանում՝ վաղը ինչ կլինի հետս, որ տեղյակ լինեք ընդհանուր առմամբ՝ ինչ է կատարվում։ Այս դատավարությունը, որն ընթանում է, իհարկե, շինծու է։ Խախտվում են կոպտորեն բոլոր նորմերը՝ մարդասիրության, արդարադատության, միջազգային իրավունքի, իրենց սեփական օրենսդրությունը։ Կոչ եմ անում, որ մեր հայրենանվեր հայությունը միավորվի, և պաշտպանենք մեր իրավունքները, որովհետև մենք դիմելու ենք միջազգային դատարան»։ Օրեր առաջ էլ բանտից Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանին էին դիմել Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ու ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը։
Նիկոլ Փաշինյանի երեկվա քարոզարշավից հետո Արագածոտի մարզի 4 դպրոցի տնօրեն ազատման դիմում է գրել, բայց դրանք դեռ չեն մակագրվել, քանի ընթանում է ծառայողական քննությունը։ Այս մասին այսօր Նիկոլ Փաշինյանն է հայտարարել՝ անդրադառնալով վարչական ռեսուրսի չարաշահման մասին դիտորդների ահազանգերին: «Ականատես» դիտորդական առաքելությունը հայտարարել է, որ Ապարան համայնքում ՔՊ-ի քարոզարշավին իրենց դիտորդներն արձանագրել են վարչական ռեսուրսի չարաշահման, հանրակրթական ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության արգելքի խախտման և քարոզչությանը անչափահասների ներգրավման դեպքեր: «Այն դպրոցները, որոնց հետ կապված խնդիր կա, դիմում են գրել աշխատանքից ազատման, բայց նաև որպեսզի չստացվի, որ մենք պահի տակ հանկարծ որևէ մեկի նկատմամբ անարդար վարվենք, մենք հիմա ծառայողական քննություն կիրականացնենք և որտեղ պարզվի, որ ապօրինի հրահանգ է եղել, միանշանակ կազատվեն: Ես ասել եմ, որ դիմում գրեն, եթե չեմ սխալվում 4 դպրոցի տնօրեն, որտեղից աշակերտ է ներկա եղել: Իրենք դիմում են գրել, համարել են, որ ինչ-որ խնդիր կա, այդ դիմումների մասով կլինեն ծառայողական քննություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ այդ դիմումները չեն մակագրվի, քանի դեռ ընթանում է ծառայողական քննություն: Աջափնյակում քարոզարշավի ժամանակ Փաշինյանը նաև ասուլիս էր տալիս, որն ընդհատվեց այն պահին, երբ Փաշինյանը պատասխանում էր ատոմակայանի վերաբերյալ հարցերին, կինը բարձրաձայնեց թափառող կենդանիների ստերջացման խնդիրը՝ վստահեցնելով, որ անգամ ստերջացումից հետո կենդանիները հղիանում են։ «ԱԺ մտած նոր օրենքում հստակ գրված է, որ ստերջացման հետ կապված վերահսկողությունն իրականացնելու են համայնքները։ Արդեն 150-րդ շունն է՝ համայնքները հավասարաչափ փողերը «լվանում են». շների ականջներին 300 դրամանոց կլիպս են կպցնում ու 24 հազար 700 դրամը գրպանում»,– ասաց նա` հավելելով, որ իր հետ բերած շունը նույնպես այդ օրինակներից մեկն է։ Փաշինյանը խնդրեց, որ շանը փոխանցեն վերահսկող մարմիններին, որպեսզի հենց այդ օրինակով հասկանան ու բացահայտեն խնդրի էությունը։
Քարոզարշավին ակտիվորեն մասնակցող Արարատ Միրզոյանը կարծում է, որ Թուրքիայից Հայաստան ապրանքների ուղիղ ներմուծումը ազդեցություն կունենա գների նվազման վրա։ Միրզոյանը բացատրեց, որ նախինում Թուրքիայից ապրանքներ արտահանելու և Հայաստան ներմուծելու ուղիղ հնարավորություն չկար։ Բեռը ցամաքային ճանապարհով որպես արտահանում տեղափոխվում էր Վրաստան, այնտեղ մաքսազերծվում էր և գրանցվում որպես արտահանում Վրաստանից Հայաստան։ Ըստ նրա` սա լրացուցիչ ֆինանսական ծախս էր, ինչն արտացոլվում էր Հայաստանում դրա ինքնարժեքի վրա։ «Ցանկացած մարդ, որը նախկինում ինչ-որ ապրանք էր ներմուծում Թուրքիայից, այսուհետ կարող է դրանք ներմուծել մաքսային առումով ուղիղ Հայաստան, քանի որ սահմանը դեռ փակ է, բայց վստահ եմ` առաջիկայում այդ սահմանն էլ կբացվի, ու ուղիղ բառի ուղիղ իմաստով ապրանքը կներմուծվի Հայաստան»,– ասաց նա։ Միրզոյանը հավելեց, որ սա մեծ գործընթացում կարևոր արդյունք է։ Ըստ նրա` Թուրքիայի հետ երկխոսությունն այնքան է հասունացել, որ ցանկացած պահի կարող է հասնել սպասել ամբողջական կարգավորման։ Արարատ Միրզոյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ գործընթացի վերջնական նպատակը Թուրքիայի հետ բաց սահմաններ ունենալն է, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և ընդհանուր առմամբ նորմալ հարևանային հարաբերությունների ձևավորումը։
Մանրամասները՝ տեսանյութում:
Արփինե Նավասարդյան