copy image url
Ներքին Միտք 3 շաբաթ առաջ - 13:00 13-05-2026

Ինչու է Փաշինյանը զխկելով սպանելու մասին խոսում

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

«Եթե 15 տարի առաջ այսպիսի բան ասեիք, հիմա զուգարանում ձեզ զխկելով սպանում էին»,- քաղաքացիներից մեկին այսպես նյարդային արձագանքեց Շենգավիթում մայիսի 12-ին քարոզարշավ անող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ քաղաքացին ասաց, որ անհանգստանում է Հայաստանի համար, քանի որ Փաշինյանը հանձնել է Արցախը և 5000 զոհված տղաների գլխավոր պատասխանատուն է։

Նորմա՞լ է, որ վարչապետը քաղաքացու հետ այս կերպ է խոսում։ Եվ ինչո՞ւ է Փաշինյանը հիշեցնում Պողոս Պողոսյանի սպանության դեպքը, վախենո՞ւմ է, թե՞ ուզում է վախեցնել։

Քաղաքացու խոսքում վիրավորական արտահայտություն, նվաստացուցիչ կամ արհամարհական տոն չկար։ Մարդը հարգանքով էր խոսում Նիկոլ Փաշինյանի հետ, կարծիք հայտնում։ Ո՞վ չգիտի, որ Արցախը հանձնվել է, և դրա գլխավոր պատասխանատուն Փաշինյանն է։ Կամ ո՞վ չգիտի, որ մի քանի հազար զոհվածների անուններն ու լուսանկարները հրապարակված են «Զինապահ» կայքում։

Մայիսի 12-ի այս միջադեպը հիմք է տալիս կասկածելու, որ Նիկոլ Փաշինյանը վախենում է ժողովրդից, նյարդայնանում, երբ հիշեցնում են իր աղետալի սխալների, պարտության, հազարավոր զոհերի, կորուստների պատասխանատվության մասին։ Նրանք, ովքեր հիշում են այս ամենն ու գլխավոր պատասխանատուին, նրանք, հավանաբար, ՔՊ-ին ձայն չեն տա հունիսի 7-ին։ Ինչքան շատ մարդ հիշի այս ամենը, այնքան քիչ ձայն կստանա ՔՊ-ն։ Այս առումով՝ բնական է, որ Փաշինյանը նյարդայնանում է, երբ մարդիկ խոսում են Արցախը հանձնելու, հազարավոր զոհերի մասին։

Նկատելի էր նաև անթաքույց ատելություն՝ ուղղված այն քաղաքացուն, որի կարծիքով՝ պարտված, մեծ կորուստներ պատճառած Փաշինյանը պետք է հեռանա։ Սա էլ նորություն չէ։ Իրո՞ք նա ատում է այն մարդկանց, որոնք իրեն չեն ընտրելու։ Սա հակաժողովրդավարական մոտեցում է։ Ժողովրդավարության համար կարևոր է հասարակական համերաշխությունը, հանդուրժողականությունը։ Միմյանց նկատմամբ այսպիսի ատելությունը կարող է այլասերել ու քայքայել ժողովրդավարությունը։

Դեռ հին դարերում ժողովրդավարությունն ունեցել է երեք կարևոր արժեբանական սյուն՝ ազատությունը, հավասարությունն ու եղբայրությունը։ Մեր հասարակության մեջ քաղաքական մրցակիցները միմյանց եղբայրաբար չեն վերաբերվում։ Նրանց համակիրներն էլ՝ ընդօրինակելով, միմյանց եղբայրաբար չեն վերաբերվում։ Նիկոլ Փաշինյանի վրդովմունքը քաղաքացու պարզ խոսքի նկատմամբ վկայում է, որ նա եղբայրաբար չի վերաբերվում ոչ միայն քաղաքական մրցակիցներին ու նրանց ընտրողներին, այլև այն հասարակ մարդկանց, որոնք կարծում են, թե Արցախը հանձնելու և հազարավոր զոհերի գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։

Ուշագրավ է այն, որ Փաշինյանն իր հասցեին հնչող քննադատությանն ի պատասխան հիշեցնում է Պողոս Պողոսյանի սպանության դեպքը։ Այս համեմատությունը մտավախություն է առաջացնում, թե ինչու է քննադատություն լսող պաշտոնյան ուղղակի հիշեցնում, որ նման բան ասողին նախկինում սպանում էին։ Կարծես ակնարկում է, որ մարդիկ հիմա պետք է շնորհակալ լինեն Փաշինյանին, որ իրենց չեն սպանում։ Սա քողարկված սպառնալիք չէ՞։

Կա նաև լավատեսական ընկալում զուգարանում զխկելով սպանելու մասին հիշեցման վերաբերյալ։ Այս հիշեցումը հիմք է տալիս ենթադրելու, որ Փաշինյանն ու ՔՊ-ականներն, ինչքան էլ վախենան ժողովրդից, ինչքան էլ ատեն մարդկանց, այնուամենայնիվ նրանց զխկելով չեն սպանի։ Գուցե զանգվածային բռնաճնշումներ կիրառվեն, բանտերը լցվեն ընդդիմադիր գործիչներով ու նրանց համակիրներով, սակայն չեն սպանի մարդկանց այնպես, ինչպես Պողոս Պողոսյանին «Պապլավոկի» զուգարանում։

Կարճ ասած՝ 2018-ին Փաշինյանին աջակցած և 2026-ի մայիսի 12-ին նրա հետ զրուցած քաղաքացին, ինչպես նաև նախկինների լծից 2018-ին ազատագրված երախտապարտ ժողովուրդը կարող են ամեն շաբաթ շնորհակալության ցույց կազմակերպել Հանրապետության հրապարակում, շարք կազմած ու ձեռքերը բարձր պահած շնորհակալություն հայտնել վարչապետին, որ իրենց զխկելով չեն սպանում «Պապլավոկի» զուգարանում։ Այսպիսի ցույցերից հետո բարձրաստիճան ՔՊ-ականները, հավանաբար, կհասկանան, որ զխկելով սպանելու մասին հիշեցումը քողարկված սպառնալիք է, վայել չէ ժողովրդավար գործչին, ամոթալի է հատկապես նախընտրական շրջանում։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»