1994-ի մայիսի 12-ի զինադադարը Հայաստանի նորանկախ պատմության մեծ ձեռքբերումներից է։ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը խնդրում էր, որ զինադադար հաստատվի։ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և ՌԴ-ի միջնորդությամբ զինադադար կնքվեց, որի տակ ստորագրեցին Հայաստանը, Ադրբեջանը և Արցախը։ Հայաստանի առաջխաղացումը կանգնեցվեց։ Հույս արթնացավ, որ խաղաղության պայմանագիր կստորագրվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ու երաշխավորությամբ։
Ինչո՞ւ 1994-ի զինադադարի հիման վրա խաղաղության պայմանագիր չստորագրվեց, և հնարավո՞ր է կրկին ազատագրել Արցախը։
Չնայած ՔՊ-ական իշխանությունն Արցախի էջը փակված է համարում, սակայն հանրության մեծ մասը փորձում է հասկանալ, թե ո՞րն էր մեր պարտության գլխավոր պատճառը։
1994-ի զինադադարը կնքվեց հայերի համար շահեկան պայմաններով։ Արցախը վերահսկում էր մի շարք ազատագրված տարածքներ։ Մեր դիրքերը կայուն էին։ Այսինքն՝ ռազմական առումով հաղթած էինք դուրս եկել պատերազմից։
Ասում են, թե զինադադարը խաղաղության պայմանագրի չվերածվեց, քանի որ հայ քաղաքական համայնքը, հանրության մեծ մասը պատրաստ չէր զիջումների։ Սա թույլ վարկած է, քանի որ իշխանությունն այդ շրջանում մոնոլիտ էր, միակարծիք։ Դրանից զատ՝ բոլոր իշխանությունները պատրաստակամություն են հայտնել փոխզիջումների, քննարկել են միջնորդների առաջարկած տարբերակներն ու հավանություն տվել փոխզիջումային առաջարկներին։
Մեկ այլ վարկած կա, թե Ադրբեջանի իշխանությունները չէին համաձայնվում միջնորդների առաջարկներին, մերժում էին դրանք, տապալում բանակցությունները, սպասում, որ կուժեղանան ու կզավթեն։ Սա նույնպես թույլ վարկած է, քանի որ միջնորդների բազմաթիվ առաջարկներ ընդունվել են Ադրբեջանի կողմից։
Առավել տարածված ու ողջամիտ վարկածը վերաբերում է ՀՀ քաղաքական կուրսի շրջադարձին։ 1994-ի զինադադարի բանակցությունների շրջանում բազմակողմ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որ զինադադարի կնքումից հետո հակամարտության բոլոր տարածքներից՝ Հայաստանից, Ադրբեջանից և Արցախից, պետք է դուրս բերվեին նախկին խորհրդային, այսինքն՝ ռուսական զորքերը ամբողջությամբ։
Եվ ըստ այս բազմակողմ պայմանավորվածության՝ 1994-ի մայիսի 12-ի զինադադարից հետո Արցախից դուրս բերվեցին ռուսական զորքերը, Ադրբեջանից ևս դուրս բերվեցին, իսկ ՀՀ-ում տեղակայվեց ռուսական ռազմակայան, որի տեղակայման մասին պայմանագիրը ստորագրվել է 1995-ի մարտի 16-ին՝ ռուս-թուրքական եղբայրության պայմանագրի խորհրդանշական օրը։ Այսինքն՝ Հայաստանն, ի հեճուկս պայմանավորվածությունների, իր տարածքում օրինականացնում է ռուսական ռազմական ներկայությունը, բազա է տեղակայում, հայ-թուրքական ու հայ-իրանական սահմաններին կանգնեցնում ռուսական զինվորներ։ Ի դեպ, 1995-ի մարտի 16-ի այս պայմանագիրը չկա Հայաստանի պաշտոնական աղբյուրներում, չի հրապարակվել հայերեն։ Հետևաբար՝ այն ապօրինի է։
Այս պայմանագրի ստորագրումից հետո միջազգային հանրության վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ փոխվեց։ Հայաստանին սկսեցին վերաբերվել որպես ռուսական ֆորպոստի, ռուսական ազդեցության գոտու։ Եվ սա է եղել հիմնական պատճառը, որ աշխարհը չճանաչեց Հայաստանի իրավունքները Արցախի նկատմամբ, քանի որ Հայաստանը վառ ռուսամետ կուրս սկսեց վարել, որը հետագա տարիներին ավելի խորացավ, իսկ Նիկոլ Փաշինյանն այնքան ինքնամոռաց խորացրեց ռուսական կախվածությունը, որ դա հանգեցրեց ազգային աղետի, քանի որ Մոսկվան վերածվել է հակաքաղաքակրթական չարիքի։
Կարճ ասած՝ 1994-ի զինադադարի հիմնական դասն այն է, որ միջազգային միջնորդությամբ ձեռք բերված թանկ զինադադարը չէր կարելի դնել Սառը պատերազմում խայտառակ պարտված Ռուսաստանի ոտքերի տակ։ Երբ հասկանանք այս ճշմարտությունն ու անկախության ամրացման ուղղությամբ իրական քայլեր կատարենք՝ առաջին հերթին դուրս հրավիրելով ռուսական զորքերը, որոնք պետք է դուրս գային 1994-ի զինադադարից հետո, ապա դրանից հետո կարելի է մտածել նաև Արցախը կրկին ազատագրելու պլանների մասին։
Թաթուլ Մկրտչյան