Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի աջակցությունը Նիկոլ Փաշինյանին միանշանակ ու անվերապահ չէ։ Օրեր առաջ Մակրոնի առաջարկով ՀՀ
ժամանեցին նաև Ֆրանսիայի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչներ, որոնք ՀՀ իշխանությունների կողմից «պերսոնա նոն գրատա» են ճանաչվել։ Մեկը ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանն է, որի մուտքը տարիներ առաջ Փաշինյանի իշխանությունն արգելել էր։
Պատվիրակության մեջ են նաև Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհրդի համանախագահ Արա Թորանյանը, ՀԲԸՄ նախագահ Նադյա Գործունյանը, ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը, Ստեփան Հացպանյանը, ֆրանսահայ հայտնի բժիշկ և քաղաքական գործիչ Ժորժ (Գևորգ) Քեփենեկյանը, հայտնի պրոդյուսեր Ալեն Թերզյանը և այլք։
ՔՊ-ի համար անցանկալի անձանց Հայաստան բերելն ի՞նչ ակնարկ է պարունակում։ Այս առումով շրջանառվում է երկու վարկած։
Առաջին վարկածով ենթադրվում է, թե Մակրոնն այսպիսով նախազգուշացնում է Նիկոլ Փաշինյանին։ Լավատեսները կարծում են, թե Փաշինյանը Մակրոնին խոստացել է գործուն քայլեր անել անկախության ու ժողովրդավարության ուղղությամբ հունիսի 7-ի ընտրություններից հետո։ Սակայն Մակրոնը, հավանաբար, կասկածներ ունի, որ Փաշինյանը կարող է խաբել ու ոչինչ չանել, շարունակելով սպասարկել Մոսկվայի շահերը, ինչպես անում էր 2018-2022-ին։
Նիկոլ Փաշինյանը դեռ 2023-ի սեպտեմբերի 24-ին է հայտարարել, որ անկախության պաշտպանության շարժում է սկսում, սակայն շատ քիչ բան է արել այս ուղղությամբ։ Ավելին՝ նա ակնարկել է, որ հունիսի 7-ից հետո կրկին առաջինը գնալու է Մոսկվա, ցույց տալով աշխարհին, թե մտադիր է շարունակելու նույն կուրսը, որը վարում է 2018-ից ի վեր։ Այսպիսով՝ նա փաստացի հիմք է տվել կասկածելու, որ մտադիր է մնալ նույն ֆորպոստի վարչապետը, ժողովրդավարության ու անկախության ուղղությամբ ոչինչ չանել, որ չնեղացնի Մոսկվային։
Մակրոնը ոչ միայն Ֆրանսիայի, այլև Արևմուտքի շահերն է պաշտպանում։ Եվ եթե Հայաստան են բերում Փաշինյանի համար անցանկալի մարդկանց, որոնք բազմաթիվ առիթներով քննադատել են ու ամոթանք տվել նրան, ապա սա նշանակում է, որ Փաշինյանի հանդեպ վերաբերմունքը կարող է նաև փոխվել։ Օրինակ՝ ՀՅԴ-ն ոչ միայն ՀՀ-ում, այլև արտերկրում է բարձրացնում Փաշինյանի հրաժարականի, իշխանափոխության պահանջ։ Այս առումով՝ ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանին և մյուսներին Հայաստան բերելը կարող է նշանակել ակնարկ, որ եթե Փաշինյանը չանի այն, ինչ խոստացել է Արևմուտքին և կրկին ռուսական պարեր պարի, ապա Ֆրանսիան, Արևմուտքը կաջակցեն ընդդիմադիր ուժերին, և ՔՊ-ն ընդդիմություն կդառնա։
Երկրորդ վարկածը վերաբերում է բացառապես սփյուռքին։ Նիկոլ Փաշինյանը ֆրանսահայ համայնքում ժողովրդականություն չունի, նրան չեն սիրում։ Փոխադարձաբար՝ ՔՊ-ական իշխանությունը ֆրանսահայ համայնքին է արհամարհում։ Օրեր առաջ Փարիզում ՀՀ դեսպանատան նոր շենքի բացմանը համայնքի ներկայացուցիչները չէին հրավիրվել։ Այսպիսով ցույց տրվեց, որ Հայաստանի համար ֆրանսհայերը կարևոր չեն, հարգանքի արժանի չեն, հաշիվ չեն։
Լրիվ այլ վերաբերմունք ունի Ֆրանսիայի իշխանությունը։ Ֆրանսահայերը Ֆրանսիայի քաղաքացի են, ընտրող։ Այս պատճառով Ֆրանսիան նրանց նկատմամբ հարգանքով ու հոգատարությամբ է վերաբերվում, անկախ Փաշինյանի վերաբերմունքից։ Ավելին՝ նրանց տեղավորում է հայ-ֆրանսիական հարաբերություններում որպես միավորող գործոն, քանի որ նրանք և՛ հայ են, և՛ ֆրանսիացի։ Սա նաև ակնարկ է, որ հայ-ֆրանսիական գործակցությունը բնական է, քանի որ Ֆրանսիայում շատ հայեր են ապրում, որոնց սիրտը Հայաստանում է։ Լավատեսական կարծիք կա, թե Մակրոնի ջանքերով ֆրանսահայերը կարող են հաշտվել Փաշինյանի հետ՝ միասնաբար նպաստելով հայ-ֆրանսիական բարեկամության ամրացմանը, գործակցության խորացմանը և այլն։
Պարզ ասած՝ Մուրադ Փափազյանի և մյուս ֆրանսահայերի այցը հիմք է ենթադրելու, որ Ֆրանսիան կարող է գործել ի հեճուկս Փաշինյանի և կարող է լրջորեն նպաստել իշխանափոխությանը Հայաստանում։ Սա կարող է նաև դաս լինել ՀՀ իշխանության համար, թե ինչպես է նորմալ երկիրը պաշտպանում իր քաղաքացիների իրավունքները, երբ դրանք ոտնահարվում են օտար երկրի իշխանությունների կողմից։
Թաթուլ Մկրտչյան