copy image url
Ներքին Խոսք 2 ամիս առաջ - 20:42 06-05-2026

Կանաչ էներգիայից մինչև հանքարդյունաբերություն․ ՀՀ-ն ԵՄ ներդրումների համար կարող է գրավիչ դառնալ

Մերի Հակոբյան

Լրագրող

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությունների համատեքստում, թե Հայաստանը կարող է դառնալ ներդրումների համար գրավիչ ուղղություն և ունի մարդկային ու ռեսուրսային ներուժ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը Oragir.News-ի հետ զրույցում ներկայացրեց իր գնահատականները հնարավոր ներդրումային ուղղությունների վերաբերյալ։

Նրա խոսքով՝ առաջնային ոլորտներից մեկն էներգետիկան է։

«Եթե Հայաստանը ներգրավվի եվրոպական էներգետիկ նախագծերում, կարող են զարգանալ արևային և քամու էներգետիկայի ծրագրերը։ Դրանք կարող են դառնալ առաջին ներդրումային ուղղություններից մեկը, որովհետև այսօր Եվրոպան մեծ ուշադրություն է դարձնում հենց կանաչ էներգիայի զարգացմանը։ Այս համատեքստում Հայաստանը կարող է դառնալ հետաքրքիր հարթակ ներդրումների համար»,- նշեց Մակարյանը։

Նա հավելեց, որ այդ գործընթացում կարևոր դեր կարող է ունենալ նաև ատոմային էներգետիկան։

«Պետք է հաշվի առնել, որ ատոմային էներգիան այսօր նույնպես դիտարկվում է որպես կանաչ էներգիայի բաղադրիչ, հետևաբար էներգետիկ այս ամբողջ ուղղությունը կարող է դառնալ Հայաստանի համար առաջնային համագործակցության դաշտ»,– ասել է նա։

Երկրորդ ուղղությունը, ըստ տնտեսագետի, ռազմարդյունաբերության հետ կապված հումքային ոլորտն է։

«Եվրոպան այսօր մեծապես զարգացնում է իր պաշտպանական արդյունաբերությունը, և այդ ոլորտում մշտապես անհրաժեշտ են մետաղներ ու հումքային ռեսուրսներ։ Այդ պատճառով Հայաստանը կարող է մասնակցել այդ շղթային՝ հատկապես մետաղների և հանքարդյունաբերության միջոցով»,- ընդգծեց Մակարյանը։

Նրա խոսքով՝ երրորդ կարևոր ուղղությունը բարձր տեխնոլոգիաներն ու արհեստական բանականությունն են։

«Հայաստանում կա բավականին լուրջ ինժեներական կրթական բազա։ Մենք ունենք Թումո կենտրոն, տեխնոլոգիական դպրոցներ և մասնագետներ, որոնք կարող են ներգրավվել արհեստական բանականության, տվյալների բազաների և թվային համակարգերի զարգացման մեջ։ Եթե այս ոլորտը ճիշտ կազմակերպվի, Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոններից մեկը»,– նշեց նա։

Չորրորդ ուղղությունը գյուղատնտեսությունն ու սննդամթերքի արտադրությունն է։

«Եթե շարունակվի եվրոպական շուկայի բացման գործընթացը, Հայաստանը կարող է ավելի լայն մուտք ունենալ դեպի ԵՄ շուկա։ Սա վերաբերում է ոչ միայն գյուղմթերքին, այլև պահածոներին և վերամշակված արտադրանքին, որը կարող է ունենալ մրցունակ դիրք եվրոպական շուկայում»,- ասաց տնտեսագետը։

Հինգերորդ ուղղությունը տուրիզմն է։

«Եթե վիզաների ազատականացում լինի և շարժունակությունը հեշտանա, ապա դա կարող է լուրջ խթան դառնալ զբոսաշրջության համար։ Հայաստանը կարող է դառնալ հետաքրքիր ուղղություն եվրոպացի զբոսաշրջիկների համար՝ թե՛ մշակութային, թե՛ էքստրեմալ, թե՛ առողջարանային տուրիզմի առումով։ Սա անմիջապես կազդի նաև հյուրանոցային և սպասարկման ոլորտների զարգացման վրա»,– ընդգծեց Մակարյանը։

Վեցերորդ ուղղությունը կրթությունն է։

«Շատ կարևոր է կրթական համակարգի զարգացումը և եվրոպական բուհերի հետ համագործակցությունը։ Եթե կարողանանք ստեղծել համատեղ ծրագրեր, դա կբարձրացնի մեր մասնագիտական որակները և կնպաստի աշխատաշուկայի զարգացմանը թե՛ Հայաստանում, թե՛ եվրոպական երկրներում»,– ասաց նա։

Յոթերորդ ուղղությունը հանքարդյունաբերությունն է։

«Հայաստանն ունի զգալի պաշարներ՝ մոլիբդենի, հազվագյուտ մետաղների և այլ հումքային ռեսուրսների տեսքով։ Դրանք շատ կարևոր են ոչ միայն մեքենաշինության, այլև բարձր տեխնոլոգիաների և պաշտպանական արդյունաբերության համար։ Սա կարող է լինել կարևոր համագործակցության ոլորտ Եվրոպայի հետ»,– նշեց Մակարյանը, ապա հավելեց,- «Բազալտի և այլ քարային ռեսուրսների հիման վրա հնարավոր է զարգացնել կոմպոզիտային նյութերի արտադրություն, որոնք կիրառվում են մեքենաշինության, նավաշինության և ավիաշինության ոլորտներում։ Սա բարձր արժեք ունեցող արտադրություն է, որը կարող է հետաքրքրել եվրոպական շուկաներին»։

Տնտեսագետը կարծիք հայտնեց, որ Հայաստանը կարող է նաև դառնալ կապող օղակ Եվրոպայի և Ասիայի միջև ձևավորվող միջանցքային համակարգերում։

«Եթե Հայաստանը կարողանա ներգրավվել միջին միջանցքի ծրագրերում, ապա էականորեն կբարձրացնի երկրի տրանզիտային նշանակությունը և տնտեսական դերը տարածաշրջանում»,– նշել է Մակարյանը։

Վերջում նա ընդգծել է կրթության և մարդկային կապիտալի նշանակությունը։

«Եթե մենք կարողանանք բարձրացնել կրթության որակը և ձևավորել ավելի մրցունակ աշխատուժ, Հայաստանը կարող է դառնալ ավելի գրավիչ ներդրողների համար։ Առանց որակյալ մարդկային ռեսուրսի ներդրումները երկարաժամկետ չեն կարող արդյունավետ լինել»,– եզրափակեց տնտեսագետը։

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը