Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 1 ամիս առաջ - 20:43 30-04-2026

Ադրբեջանը շանտաժով ուզում է սահմանափակել Հայաստանի միջազգային աջակցությունը

Մերի Հակոբյան

Լրագրող

Oragir.News-ի խնդրանքով՝ ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը մեկնաբանել է այն տեղեկությունները, թե Բաքուն կարող է պաշտոնապես խզել հարաբերությունները Եվրախորհրդարանի հետ՝ Հայաստանի վերաբերյալ ընդունված բանաձևի պատճառով։

Նա նշեց, որ կոնկրետ այդ բանաձևի ամբողջական բովանդակությանը ծանոթ չէ, սակայն ընդհանուր իրավիճակը և Ադրբեջանի վարքագիծը բավական խոսուն են․

«Երբ միջազգային որևէ հարթակում ձևավորվում է Հայաստանի համար թեկուզ փոքր-ինչ դրական կամ աջակցող դիրքորոշում, ադրբեջանական կողմը անմիջապես արձագանքում է և փորձում է դա կանխել կամ չեզոքացնել»։

Նրա խոսքով՝ սա Ադրբեջանի արտաքին քաղաքականության երկարաժամկետ և հետևողական մոտեցումն է։

«Տպավորություն է, որ Բաքուն ձգտում է հասնել նրան, որ որևէ միջազգային կառույց Հայաստանի մասին կամ Հայաստանի շահերին առնչվող հարցերում դրական դիրքորոշում չարտահայտի։ Սա իրենց քաղաքականության կարևոր ուղղություններից մեկն է՝ սահմանափակել Հայաստանի միջազգային աջակցությունը»,- նշեց նա։

Դավթյանը նաև ընդգծեց, որ նման հայտարարությունները պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում՝ որպես քաղաքական ճնշման և ազդեցության գործիք.

«Եթե նայում ենք ընդհանուր գործընթացներին, ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձում է ունենալ թելադրող դեր թե՛ տարածաշրջանային գործընթացներում, թե՛ միջազգային քննարկումներում։ Երբ խոսք է գնում եվրոպական կառույցների մասին, այդ հայտարարությունները հաճախ ավելի շատ ճնշման ազդակներ են, քան իրական քաղաքական որոշման պատրաստակամություն»։

Նրա գնահատմամբ՝ Բաքվի կողմից հնարավոր է՝ կիրառվում է նաև քաղաքական շանտաժի գործիք.

«Եվրոպայի խորհրդից կամ այլ կառույցներից դուրս գալը կամ նման հայտարարություններ անելը մեկ օրվա որոշում չէ։ Դրա համար կան լուրջ իրավական, քաղաքական և միջազգային պարտավորություններ, որոնք չեն կարող պարզապես անտեսվել։ Այդ պատճառով նման հայտարարությունները հիմնականում ուղղված են ճնշում ստեղծելուն»։

Դավթյանը հիշեցրեց նաև նախկին օրինակներ, երբ նման ճնշման փորձեր արդեն եղել են․

«Պատերազմից հետո եղել են դեպքեր, երբ Եվրոպական միության կողմից Հայաստանին ուղղված ծրագրերը դժգոհություն են առաջացրել Բաքվում, և դրան հաջորդել են կոշտ հայտարարություններ։ Սակայն վերջում գործընթացները շարունակվել են իրենց բնական հունով»։

Անդրադառնալով գերիների հարցին՝ նա նշեց, որ խնդիրը շարունակում է մնալ առանց լուծման և պահանջում է համակարգված մոտեցում։

«Շատ ցավալի է, որ նման հարցերով հաճախ զբաղվում են ոչ թե պետությունը, այլ տարբեր արտաքին կառույցներ։ Սակայն իրականում հիմնական պատասխանատվությունը պետք է լինի Հայաստանի պետության վրա», ասաց Դավթյանն, ապա հավելեց. «Ադրբեջանի վրա իրական ազդեցություն ունենալու համար պետք են գործնական լծակներ և հետևողական միջազգային աշխատանք։ Առանց դրա` դժվար է հասնել մեր հայրենակիցների վերադարձին»։

Հիշեցնենք, Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում քվեարկվել է Հայաստանի վերաբերյալ բանաձև, որով վերահաստատվում է ԵՄ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, խաղաղության գործընթացին և եվրոպական ինտեգրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին։ Բանաձևը դատապարտում է հայ գերիների պահումն Ադրբեջանում և պահանջում է նրանց անհապաղ ազատ արձակում։ Բանաձևին կողմ է քվեարկել 476, դեմ՝ 47, ձեռնպահ՝ 48 պատգամավոր։

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին