copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 18:40 29-04-2026

Գյումրի-Կարս երկաթուղին կբացվի միայն Ադրբեջանի հետ կարգավորումից հետո․ թյուրքագետ

Թյուրքագետ Մուշեղ Խուդավերդյանն Oragir.News-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Գյումրի-Կարս երկաթուղու վերականգնման և շահագործման հանձնման շուրջ Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի նիստին, կարծիք հայտնեց, որ Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե նախ կարգավորվեն Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները և կնքվի խաղաղության պայմանագիր։

«Քանի դեռ Ադրբեջանի հետ հարաբերությունները չեն կարգավորվել, Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք հաստատում չի լինի։ Եթե սահմանները բացվեն, երկաթուղին կշահագործվի, և ոչ միայն այդ երկաթուղին, այլ նաև այլ նախագծեր կան»,- նշեց նա։

Թյուրքագետի գնահատմամբ՝ երկաթուղու գործարկումը տնտեսական առումով շահավետ կլինի երկու կողմերի համար։

«Սա տնտեսական տեսանկյունից շատ շահավետ կլինի թե՛ Հայաստանի, թե՛ Թուրքիայի համար, սակայն այդ ամենը հնարավոր է միայն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումից հետո»,- շեշտեց Խուդավերդյանը։

Անդրադառնալով աշխատանքների ժամկետներին՝ նա դժվարացավ հստակ ասել, թե որքան ժամանակ կպահանջվի, սակայն նկատեց, որ երկու կողմերն արդեն ենթակառուցվածքային աշխատանքներ են իրականացնում ինչպես երկաթուղու, այնպես էլ սահմանային անցակետերի մասով։

Հարցին, թե ինչո՞ւ է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամերի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն ողջունել այս գործընթացը, Խուդավերդյանը նշեց, որ Արևմուտքը շահագրգռված է տարածաշրջանային հարաբերությունների կարգավորմամբ։

«Ամբողջ արևմտյան աշխարհը ողջունում է Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը։ Դա բխում է նաև Եվրամիության շահերից, քանի որ տարածաշրջանում փոքրանում է ռուսական ազդեցությունը»,- ասաց նա։

Նրա կարծիքով՝ եթե կարգավորվեն հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունները, ապա Հայաստանում ռուսական ռազմական ներկայության անհրաժեշտությունը կարող է վերանալ։

«Եթե անվտանգության հարցերը լուծվեն, ապա Հայաստանում ռուսական զորաբանակի կարիք այլևս չի լինի»,- եզրափակեց թյուրքագետը։

Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին Կարսում հանդիպել է Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման՝ Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խումբը: Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն ջերմորեն ողջունել է Գյումրի-Կարս երկաթուղու վերականգնման և շահագործման հանձնման Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի այս նիստը, հայտարարելով, թե ԵՄ-ն լիովին աջակցում է տարածաշրջանում կապի հնարավորությունների զարգացման և հայ-թուրքական լիարժեք կարգավորման ուղղությամբ այս նոր կարևոր քայլին։

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
21:25 Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար պետք է աշխատեր 20833 տարի
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
09:31 Արփինե Սարգսյանի հրամաններով ոստիկանությունում «միլպետներ» են պաշտոնանկ եղել․ պաշտոնանկություններ են սպասվում նաև քրեական ոստիկանությունում