Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 18:00 25-04-2026

Տոնը կա, խորովածը կա, քաղաքացին չկա

Քաղաքացու օրը լավ առիթ էր հաշտվելու, միմյանց ներելու, ատելության մթնոլորտը ցրելու և սիրո ու համերաշխության ուղղությամբ գոնե մի քայլ անելու համար։

Օրինակ՝ իշխանությունները կարող էին այսօր հայտարարել, որ ի սեր ՀՀ քաղաքացու՝ դադարեցնում են բոլոր քաղբանտարկյալների նկատմամբ հետապնդումներն, ազատ են արձակում Բագրատ Սրբազանին։ Չէ՞ որ նրանք էլ են ՀՀ քաղաքացի։

ՄԻՊ-ը գրեթե ամեն օր բազմաթիվ բողոքներ է ստանում պետական կառույցների կողմից մարդու և քաղաքացու իրավունքների խախտման փաստերով։ Պետական պաշտոնյաների մի մասը անթաքույց արհամարհանքով են վերաբերվում քաղաքացու խնդիրներին։ Քաղաքացու օրը լավ առիթ է, որ պետական այս կառույցները հրապարակավ ներողություն խնդրեին այն մարդկանցից, որոնց հանդեպ անմարդկային են վերաբերվել, խախտել են կամ ոտնահարել նրանց իրավունքները։ Գուցե այսպիսի ներողությունից հետո մարդու և քաղաքացու իրավունքների խախտման դեպքերը կպակասեին, պաշտոնյաներն ավելի հոգատար ու հարգանքով կվերաբերվեին քաղաքացիներին։

Այս առումով՝ Քաղաքացու օրվա իրական հերոսը կարող էր դառնալ ՄԻՊ-ը, որը կարող էր արձանագրել, թե իր ջանքերով քանի հիմնարկ է ներողություն խնդրել քաղաքացուց ու խոստացել որ հարգանքով կվերաբերվի մարդուն։ Այսպիսով՝ Քաղաքացու օրը կարող էր վերածվել յուրատեսակ Դատաստանի օրվա։

Իսկ ի՞նչ է անում ՔՊ-ական իշխանությունն այսօր։

Այս տարի, օրինակ, տոնը նշվում է նաև «խորոված փարթիով», որը կարծես ավելի շատ հիշեցնում է ժամանցային միջոցառում, քան քաղաքացիական արժեքների մասին խորհելու առիթ։ Այն, ըստ էության, բնամթերքով ընտրակաշառքի պես մի բան է սովածների համար։

Իհարկե, վատ չէ, երբ մարդիկ հավաքվում են, շփվում, միասին ժամանակ անցկացնում, մի բան էլ ուտում։ Բայց հարց է առաջանում՝ արդյո՞ք նման ձևաչափը չի նսեմացնում օրվա հիմնական իմաստը։ Երբ քաղաքացիական գիտակցության մասին խոսակցությունը փոխարինվում է խորովածի բույրով և երաժշտությամբ, օրն ակամա վերածվում է սովորական տոնախմբության՝ առանց խորքային բովանդակության։ Տոնը կարծես՝ կորցնում է իմաստը։ Սա՞ էինք ուզում։

Լավատեսները կարծում էին, թե ժամանակի ընթացքում մարդու մեջ կմեռնի սովետահպատակը ու նրա տեղը կզբաղեցնի ՀՀ քաղաքացին, որի համար ամենաթանկն անկախությունն է։ Բայց հիմա, Սեպտեմբերի 21-ից 35 տարի անց, դեռ այդպես չէ։ Նիկոլ Փաշինյանն, օրինակ, մայիսի 9-ին գնում Մոսկվա պառադի, շնորհավորում մեզ, այսպես կոչված՝ Հայրենական պատերազմում հաղթանակի առթիվ։ Ինչպե՞ս կարող ենք այս համապատկերում հավատալ, որ անկախությունն ու քաղաքացին կարևոր են ՔՊ-ական իշխանության համար։

Հանրային կյանքում բևեռացված խոսույթը, անհանդուրժողականության աճը և քննադատության նկատմամբ սուր արձագանքները ձևավորում են մի միջավայր, որն անհամատեղելի է Քաղաքացու տոնի գաղափարի հետ։ Ընդդիմախոսների հանդեպ անթաքույց ատելությունը, ժողովրդի մի մասի ատելությունը Փաշինյանի հանդեպ տպավորություն է ստեղծում, թե մարդիկ տարբեր հայրենիք ու քաղաքացիություն ունեն։ Սոցիալական խնդիրների մասին բարձրաձայնողը բախվում է ՔՊ-ականների այնպիսի հանդիմանության, կարծես՝ պետական գաղտնիք է բացահայտվել։

Փորձեք մտնել ցանկացած պետական հիմնարկ՝ պոլիկլինիկա, հիվանդանոց, ոստիկանություն, նախարարություն՝ Ձեզ կդիմավորեն այնպես, կարծես՝ բեռ լինեք, ճանապարհին ընկած քար, որը մի կողմ են հրում կամ շրջանցում։ Սրանից հետո Քաղաքացու տոնի առթիվ ճոխ միջոցառումները ի՞նչ են, ծաղր չե՞ն։

Այս ֆոնին խորոված փարթին դառնում է յուրօրինակ խորհրդանիշ։ Այսպիսով՝ կարծես ակնարկում են, թե մոռացե՛ք քաղաքացու իրավունքները, քաղաքացիական հասարակություն ունենալու երազանքը, չեն լիենլու այս ամենը, եկե՛ք պարզապես ուտենք ու հաճույք ստանանք։

Կարճ ասած՝ ապրիլի 25-ին Հայաստանում ամեն ինչ կա՝ խորովածը կա, ուտողը կա, երգող-պարողը կա, քաղաքացին չկա։ Այսպես էլ լինելու էր, քանի որ իրականում՝ քաղաքացին լիարժեք չի զգում է իրեն երկրի տեր։ Պաշտոնյան թյուրիմացաբար կարծում է, թե ինքն է պետության հենասյունն, իսկ քաղաքացին հումք է, կթան կով, հերոս հարկատու։ Ավելին՝ իշխանության համար մարդասիրությունը դիտվում է թուլություն, հակառակ կարծիքը ներկայացնողը ընկալվում է հակառակորդ։ Իսկ եթե այսօր փորձեք խոսել քաղաքացիական համերաշխության մասին, ապա Ձեզ միանգամից խիստ կհակադարձեն՝ «Ո՞ւմ հետ հաշտվեմ, սրա՜»։

Այնինչ՝ Քաղաքացու օրը կարող էր դառնալ ոչ թե վերացական տոն, այլ իրական առիթ՝ վերանայելու մեր իրականությունը։ Եթե քաղաքացին չի զգում իրեն ազատ, պաշտպանված և հարգված, ապա տոնը կորցնում է իր իմաստը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
18:08 Հայաստանը միտումնավոր մզկիթներում խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար. Ալիև
19:56 Ջրի միջոցով ինֆեկցիոն վարակներ ենք ունենալու, նախարարությունը պետք է մի կողմ դնի ամբիցիաներն ու գործով զբաղվի
18:35 Գառնիում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները, ովքեր գործի են դրել շինարարական գործիքներ
18:48 Գյումրիում ՌԴ ռազմաբազային իրական այլընտրանք չկա․ Զախարովա
23:56 Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբ
17:54 Տաթև բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը կալանավորվել է
22:17 Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ Ավանեսյան
20:24 Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան