«Էդպիսի մարդը իրավունք չունի դառնա պետական պաշտոնյա, էդպիսի մարդը իրավունք չունի լինի քաղաքական գործիչ»,- ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը՝ անդրադառնալով ՔՊ-ականների կողմից հանրային հարթակներում հայհոյանքներ հնչեցնելու և ապա քաղաքական պատասխանատվությունից դրդված ներողություն խնդրելու արատավոր պրակտիկային։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գյումրիի ավագանու անդամ, ՔՊ-ական Սարիկ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջի մեկնաբանություններում հայհոյանքներ էր հնչեցրել քաղաքացիների հասցեին, իսկ հետո, հանրային արձագանքից սթափվելով, ներողություն էր խնդրել։

Oragir.News-ի հետ զրույցում հոգեբանը նշեց, որ սա ոչ թե քաղաքական համատեքստ ունի, այլ իրենց ղեկավարից եկող անպատասխանատվության հետևանքն է։ Նա հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը նույնպես նախ մատ է թափ տալիս, հետո՝ ներողություն խնդրում։
Միհրդատ Մադաթյանը նաև նշեց, որ «Քաղաքացիական պայմանագիրը» այսօրվա դրությամբ ուղղակի անպատասխանատու մարդկանց հավաքածու է, որոնք քայլեր են անում, իսկ հետո փորձում են ներողությունով դուրս գալ ստեղծված իրավիճակից։
«Սարիկի ներողությունը չի ջնջելու այն հայհոյանքները կամ այն խոսքերը, որոնք ինքը գրել էր։ Էդ խոսքերը, որ գրել էր, իրենից տղամարդ չի սարքել։ Սա տղամարդկության ինչ-որ մի հատ արտահայտում չէր։ Սա ուղղակի ցածր սլենգ էր՝ հենց շուն ու շանգյալ մակարդակի վրա»,- ընդգծեց հոգեբանը։
Մասնագետը կարծիք հայտնեց, որ խնդիրը ոչ թե քաղաքական գործչի կարգավիճակի, այլ տարրական մարդկային որակների մեջ է։ Ըստ նրա՝ մարդը չպետք է կյանքն այնպես ապրի, որ ստիպված լինի հաճախ ներողություն խնդրել։ Մադաթյանի պնդմամբ՝ մենք պետք է կիրթ լինենք, որ դառնանք պետական պաշտոնյա, այլ ոչ թե պաշտոն ստանալուց հետո փորձենք կրթվել։ Նա հավելեց, որ մարդը, ով կարող է փողոցում հայհոյել կամ տղայական բազարներ անել, իրավունք չունի զբաղեցնել պետական պաշտոն։
Այն հարցին, թե ինչո՞ւ են ՔՊ-ական պաշտոնյաները միայն հանրային ամոթանքից հետո հիշում, որ իրենք քաղաքական գործիչ են, Միհրդատ Մադաթյանը պատասխանեց.
«Ես չեմ կարծում, որ այս իշխանության որևէ անդամ ինչ-որ ամոթի զգացում երբևէ ունենում է։ Քանի՞ անգամ եք տեսել, որ Ալեն Սիմոնյանը իր թքելու համար ամաչի... Մենք ամոթը կորցրել ենք 18 թվից»։
Նրա խոսքով՝ ամոթի զգացում ունենում է այն մարդը, ով ունի ներքին որակներ, մինչդեռ այսօր մենք տեսնում ենք մարդկանց, ովքեր երկու քայլը մեկ՝ ստում են և անգամ Եռաբլուր գնալիս չեն ամաչում զոհվածների ծնողներին քաշքշել տալուց։
Հիշեցնենք, որ թեմայի շուրջ քննարկումները սկսվեցին այն բանից հետո, երբ Սարիկ Մինասյանը ֆեյսբուքյան կայքի մեկնաբանությունների հատվածում հայհոյելու համար հրապարակավ ներողություն խնդրեց։ «Որպես հանրային և քաղաքական գործիչ՝ սխալ եմ թույլ տվել, որի համար հայցում եմ ձեր ներողամտությունը»,- գրել էր նա։
Սակայն, ինչպես նշում է հոգեբանը, նման ներողությունները որևէ մեկին այլևս հետաքրքիր չեն, քանի որ դրանք չեն լրացնի մարդու ներքին մշակույթի բացակայությունը։