ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի հայտարարությունը, թե վարչական ռեսուրսի չարաշահման որևէ դեպք չի արձանագրվել, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին
Oragir.News-ի հետ զրույցում ասաց «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ, միջազգայնագետ Արմեն Մանվելյանը։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի ապրիլի 15-ի նիստին Հովակիմյանը, պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին, նշել էր, որ հունիսի 7-ին նախատեսվող ընտրություններից առաջ վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր չեն արձանագրվել։
Մանվելյանի գնահատմամբ՝ նման պնդումները պայմանավորված են «չնկատելու» ցանկությամբ։
«Վարչական ռեսուրսի չարաշահման դրսևորումներն ակնհայտ են և տեսանելի բոլորի համար։ Երբ վարչապետը պետական ռեսուրսների օգտագործմամբ շրջում է մարզերով, հանդիպումներ է ունենում քաղաքացիների հետ, և դա տեղի է ունենում նախքան պաշտոնական քարոզարշավի մեկնարկը, արդեն իսկ առաջանում են լուրջ հարցեր։ Եթե դա ունի քաղաքական կամ ընտրական ենթատեքստ, ապա նման գործունեությունը պետք է իրականացվի համապատասխան կարգով՝ օրինակ՝ արձակուրդ ձևակերպելով և չօգտագործելով պետական միջոցներ»,- ասաց նա։
Մանվելյանի խոսքով՝ պետական ռեսուրսների կիրառումը՝ ծառայողական մեքենաներ, վարչական լծակներ կամ տեղական կառույցների ներգրավում, արդեն կարելի է գնահատել որպես վարչական ռեսուրսի չարաշահում։
«Երբ պետական պաշտոնյան իր գործունեության շրջանակում օգտագործում է հանրային միջոցներ՝ ընտրական ազդեցություն ունենալու նպատակով, դա դասական իմաստով վարչական ռեսուրսի կիրառումն է։ Այս ամենը տեղի է ունենում հանրության աչքի առաջ, և այն չնկատելը դժվար է բացատրել այլ կերպ, քան քաղաքական նպատակահարմարությամբ»,- նշեց նա։
Անդրադառնալով դիտորդական փորձին՝ Մանվելյանն ընդգծեց, որ նման դեպքերը նոր չեն և բազմիցս արձանագրվել են նախորդ ընտրական գործընթացների ընթացքում։ Նա նաև ընդգծեց, որ ընդդիմադիր ուժերը գործում են անհամեմատ այլ պայմաններում։
«Ի տարբերություն իշխանության ներկայացուցիչների՝ ընդդիմադիր ուժերը չեն օգտվում պետական ռեսուրսներից և իրենց գործունեությունն իրականացնում են սեփական միջոցներով։ Այդ տարբերությունն ինքնին խոսում է անհավասար պայմանների մասին»,- ասաց նա։
Խոսելով այն դիտարկման մասին, թե մինչև պաշտոնական քարոզարշավի մեկնարկը քաղաքական ուժերը կարող են ակտիվ հանդիպումներ իրականացնել, Մանվելյանը նշեց, որ օրենքը նման ձևակերպում չի նախատեսում։
«Ընտրական օրենսգիրքը չի սահմանում, որ մինչև քարոզարշավի պաշտոնական մեկնարկը կարելի է իրականացնել քարոզչություն։ Պարզապես ստեղծված իրավիճակում փորձ է արվում արդեն իսկ թույլ տրված խախտումները ներկայացնել որպես թույլատրելի պրակտիկա։ Այսինքն՝ օրենքը մեկնաբանվում է այնպես, ինչպես տվյալ պահին ձեռնտու է իշխանություններին»,- ընդգծեց նա։
Մանվելյանի խոսքով՝ նման մոտեցումը հանգեցնում է ընտրական գործընթացների նկատմամբ վստահության նվազմանը։
«Երբ նույնատիպ գործողությունների համար մի դեպքում մարդիկ կարող են պատասխանատվության ենթարկվել, իսկ մյուս դեպքում՝ ոչ, առաջանում է ընտրովի արդարադատության տպավորություն, ինչը խաթարում է ամբողջ ընտրական գործընթացի հանդեպ հանրային վստահությունը»,- եզրափակեց Արմեն Մանվելյանը։