Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Վարդանյանն անդրադարձավ ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությանը՝ արված Փաշինյան–Պուտին հանդիպումից հետո։
Հիշեցնենք, որ Մեդվեդևը իր տելեգրամյան գրառման մեջ նշել էր, որ ժամանակն է հրաժարվել հարևանների՝ եվրոպական ուղղությամբ ինտեգրվելու նկատմամբ «հանդուրժողական» վերաբերմունքից՝ օգտագործելով նաև «404-րդ երկիր» ձևակերպումը։
Անդրադառնալով հարցին՝ արդյոք այդ բնորոշումը կարող էր ուղղված լինել Հայաստանին, քաղաքագետը նշեց, որ դա պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում։
«Ոչ միայն Մեդվեդևը, այլև այս օրերին Ռուսաստանի մի շարք պաշտոնյաներ Հայաստանին ուղղված՝ բացահայտ կամ քողարկված սպառնալիքներ ու զգուշացումներ են հնչեցնում»,- ասաց նա։
Քաղաքագետի կարծիքով՝ նման հայտարարությունների պատճառներից մեկը առաջիկա քաղաքական զարգացումներն են Հայաստանում։
«Ես կարծում եմ, դրա պատճառներից մեկն այն է, որ մայիսին Հայաստանում տեղի է ունենալու Եվրոպական քաղաքական համայնքի լիդերների համաժողովը, և ամբողջ Եվրոպայի առաջնորդները ժամանելու են այստեղ։ Այդ ֆոնին սպասվում է, որ Հայաստանը ևս մեկ քայլ կանի կամ առնվազն կհնչեցնի քայլ՝ Եվրոպային ավելի մոտենալու ուղղությամբ»,- նշեց Վարդանյանը։
Նրա խոսքով՝ ռուսական կողմը տեղյակ է այդ գործընթացներից և փորձում է հետ պահել Հայաստանին Եվրամիության հետ ավելի սերտ ինտեգրումից, նկատելով, որ Մեդվեդևի վիրավորական գնահատականը հիբրիդային ճնշման կիրառումը։
«Այո, սա հիբրիդային ճնշման դրսևորում է, և դա որևէ մեկի համար գաղտնիք չէ»,- ասաց նա։
Վարդանյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է նախապես հաշվարկի իր քայլերը և ունենա հակաքայլեր։
«Փաշինյանը նման քայլեր անելուց առաջ պետք է մտածի այլընտրանքների մասին։ Եթե Ռուսաստանը սահմանափակի հայկական ապրանքների մուտքը, պետք է մտածել այլընտրանքային շուկաների մասին։ Եթե գազի գինը բարձրացվի, պետք է մտածել այլ աղբյուրներից գազ ներմուծելու մասին»,- նշեց նա։
Նա հիշեցրեց նաև Ռուսաստանի նախագահի հայտարարությունները՝ տնտեսական լծակների վերաբերյալ։
«Պուտինը հանդիպման ժամանակ գրեթե բաց տեքստով ակնարկում էր, որ հայկական ապրանքների մեծ մասը գնում է Ռուսաստան, և այդ ուղղությունը կարող է սահմանափակվել»,- ընդգծեց քաղաքագետը։
Անդրադառնալով հարցին՝ արդյոք նման քայլերը իրատեսական են, Վարդանյանը նշեց, որ կողմերը ներկայումս սպասողական դիրքում են։
«Եթե շախմատային լեզվով ասենք, կողմերը հիմա սպասում են՝ ով առաջինը սխալ քայլ կանի, նոր իրենք կանցնեն գործողությունների»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը նաև հաշվի է առնում Հայաստանի ներսում իր դիրքերի թուլացումը։
«Ռուսաստանը լավ հասկանում է, որ Հայաստանում իր վարկանիշը զգալիորեն նվազել է, և, հնարավոր է, սպասում է, որ ընտրությունների արդյունքում կձևավորվի ավելի ռուսամետ իշխանություն»,- նշեց նա։
Վարդանյանի գնահատմամբ՝ ներկայումս ո՛չ Հայաստանը, ո՛չ Ռուսաստանը կտրուկ քայլերի չեն դիմում։
«Ռուսաստանը որոշակի սպասողական վիճակում է։ Նիկոլ Փաշինյանն էլ չի գնում ծայրահեղ քայլերի։ Տեսնում ենք, որ նա շատ դանդաղ, մանր քայլերով փորձում է հավասարակշռել՝ թե՛ Ռուսաստանի, թե՛ Եվրոպայի ուղղությունները, բայց առանց կտրուկ շարժումների»,- եզրափակեց քաղաքագետը։