copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 09:37 06-04-2026

Արցախում շարունակվում է մշակութային վանդալիզմը. թիրախում Ստեփանակերտի մայր եկեղեցին է

Ստեփանակերտում ադրբեջանցի օգտատերերի կողմից նկարահանված տեսանյութերից երևում է, որ ջարդված են Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարի պատուհաններից երկուսը:

Այս մասին ահազանգում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը։

«Թեև շինությունն ամբողջությամբ կանգուն է և արտաքինից անվնաս, սակայն մտահոգիչ է քաղաքի հայկական դիմագիծը ներկայացնող կառույցի պատուհանների վնասումը, որոնք նախկինում վնասված չէին: Սա ցույց է տալիս, որ հուշարձանը ենթարկվել է վանդալիզմի (https://www.youtube.com/shorts/QSN6nc1sACg):

Ցավոք, թարմ լուսանկարներ, տեսանյութեր չունենք եկեղեցու ներսում պատկերը և իրավիճակը հասկանալու համար:

Հիշեցնենք, որ Ստեփանակերտի Մայր տաճարը կառուցվել է 2019 թվականին և հանդիսանում է քաղաքի կարևոր խորհրդանիշներից մեկը:

Մեր արձագանքը

Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարի պատուհանների դիտավորյալ վնասումը 1954թ. Հաագայի կոնվենցիայի («Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիա) 4-րդ հոդվածի և 1954 թ. Հաագայի կոնվենցիային կից 1999թ. Երկրորդ արձանագրության 9-րդ հոդվածի կոպիտ խախտում է։

Հաագայի Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 3-րդ կետն ուղղակիորեն պարտավորեցնում է կողմերին «արգելել, կանխել և, անհրաժեշտության դեպքում, կասեցնել մշակութային արժեքների նկատմամբ գողության, կողոպտման կամ յուրացման ցանկացած ձև և վանդալիզմի ցանկացած գործողություն»։ Իսկ 1999 թվականի Երկրորդ արձանագրության 9-րդ հոդվածի համաձայն՝ տարածքը վերահսկող կողմը պարտավոր է արգելել և կանխել մշակութային արժեքի ցանկացած ձևափոխում կամ դրա օգտագործման բնույթի փոփոխություն, որը նպատակ ունի թաքցնել կամ ոչնչացնել մշակութային կամ պատմական վկայությունները։ Եկեղեցու արտաքին տեսքի խաթարումը հենց այդպիսի ձևափոխում է։

Որպես հայկական մշակութային ժառանգությունը վերահսկող կողմ՝ Ադրբեջանը կրում է միջազգային իրավական պատասխանատվություն մշակութային արժեքի ամբողջականությունը չպահպանելու և վանդալիզմի գործողությունները չկանխելու համար։ Քանի որ տաճարը քաղաքի հայկական ինքնության կարևոր խորհրդանիշն է, նման գործողությունները նպատակ ունեն ոչնչացնել տարածքի հայկական մշակութային ժառանգության հետքերը, ինչը հակասում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի սկզբունքներին և միջազգային մարդասիրական իրավունքին։

2021 թվականի դեկտեմբերի 7-ին Արդարադատության միջազգային դատարանը («Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով) կիրառեց հրատապ միջոցներ և պարտավորեցրեց Ադրբեջանին «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք ուղղված են հայկական մշակութային ժառանգությանը, ներառյալ եկեղեցիները և այլ պաշտամունքի վայրերը»։

Ստեփանակերտի եկեղեցու վնասումը նշանակում է, որ պետությունը չի կատարում միջազգային բարձրագույն դատարանի պարտադիր որոշումը։ Բացի այդ, «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի (ICERD) համաձայն՝ մշակութային վանդալիզմը հաճախ դիտարկվում է որպես էթնիկ զտման և ռասայական խտրականության մաս։

Կոնվենցիայի 5-րդ հոդվածը երաշխավորում է յուրաքանչյուրի իրավունքը՝ հավասարապես մասնակցելու մշակութային կյանքին։ Հայկական հոգևոր կոթողների թիրախավորումը խախտում է արցախահայության՝ իրենց մշակութային ժառանգությունից օգտվելու հիմնարար իրավունքը։

Մշակութային արժեքների դիտավորյալ թիրախավորումը կամ վնասումը, որոնք ռազմական նպատակներով չեն օգտագործվում, Հաագայի 1999թ. Երկրորդ արձանագրության 15-րդ հոդվածով որակվում է որպես լուրջ խախտում, ինչը կարող է հանգեցնել նաև անհատական քրեական պատասխանատվության»։

Ամենից շատ դիտված

15:52 Զոհեր և վիրավորներ Ուկրաինայում՝ ռուսական հարվածների հետևանքով
12:55 Ինչու՞ Փաշինյանը «նախկին թալանչիներից» հետ բերած մեծ փողերով գյուղերում հակակարկտային կայաններ չի տեղադրել
22:16 Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը
13:32 Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի անվան 14-րդ մրցանակը կհատկացնի ՀՌԳ 32-ամյա մարտիկին
14:53 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները
11:51 Հարբած տղամարդը մտել է Տուվայի մանկական ճամբար. կան տուժած երեխաներ
13:49 Այլևս կանոններ չկան. Մեդվեդևը կոչ է արել հրաժարվել Հաագայի կոնվենցիաներից
12:43 Իտալիայի վարչապետ Մելոնին կոշտ պատասխան է տվել Թրամփին, ով պնդում էր, թե նա ուզում է նկարվել իր հետ
14:38 Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելն ու դրանով հպարտանալը համարվում են «նորմալ»
17:47 Եթե փակեք Հորմուզի նեղուցը, այլևս երկիր չեք ունենա. Թրամփ