Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում առողջապահական համակարգը փաստացի կոլապսի մեջ է հայտնվել։
Oragir.News-ը մարզի գյուղական բնակավայրերից ստանում է դժգոհություններ այն մասին, որ գյուղերում մարդկանց համար առողջապահական ծառայությունները անհասանելի են, իսկ խոշորացված համայնքների բուժհաստատություններում էլ վիճակը հուսադրող չէ։
Անի խոշորացված համայնքի Լուսաղբյուր գյուղի բնակիչ Մացակ Ալեքսանյանը
Oragir.News-ի հետ զրույցում փաստում է, որ գյուղում բուժօգնությունը դարձել է գրեթե անհասանելի։
Նրա խոսքով՝ մարդիկ ստիպված են ամենափոքր խնդրի դեպքում ստիպված են նույնիսկ մայրաքաղաք հասնել. «Ուղեգիրը վերցնում ենք և ուղիղ կամ Գյումրի, կամ Երևան։ Գյուղում չկա ամբուլատորիա, որ գոնե մարդը առաջին բուժօգնություն ստանա։ Մի քանի օր առաջ եմ գնացել Գյումրի բժշկական կենտրոն ռենտգենի, գիտեք, որ բժշկի կաբինետի դուռը բացելը արդեն փող է»։
Պատկերը նույնն է նաև Արթիկ համայնքի Հոռոմ գյուղում։ Բնակիչները դժգոհում են, որ ստիպված հասնում են Արթիկ, բայց նույնիսկ այնտեղ բուժօգնություն ստանալը հեշտ չէ։ Ժամերով հերթեր, սահմանափակ հնարավորություններ, և ամենակարևորը՝ տեխնիկապես թերի հագեցած ամբուլատորիաներ։ Գյուղացիները նշում են, որ գյուղում բուժում չկա, քաղաքում էլ գերբեռնվածություն է։
«Մարդիկ անցնում են կիլոմետրեր, որպեսզի վերջում կանգնեն հերթի մեջ՝ առանց որևէ երաշխիքի, որ ժամանակին կստանան անհրաժեշտ օգնությունը։ Տեղում չկա բժիշկ, սարքավորում կամ նվազագույն պայմաններ»,- ասում է գյուղացի տղամարդը։
Փաստն այն է, որ Շիրակի մարզի գյուղերում առողջապահության հասանելիությունը կախված է ոչ թե համակարգից, այլ մարդու հնարավորություններից։ Սա արդեն ոչ թե առանձին դժգոհությունների շարք է, այլ համակարգային ձախողում, որի հետևանքները ամեն օր զգում են հազարավոր մարդիկ։ Եթե իրավիճակը չփոխվի, «գնա քաղաք բուժվելու» տարբերակը Շիրակում կդառնա ոչ թե ընտրություն, այլ պարտադրանք։
Oragir.News-ը այս հարցով դիմել է նաև Շիրակի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչություն։ Մարզպետի աշխատակազմի պատասխանը ևս կհրապարակենք այն ստանալուն պես։