Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 2 ամիս առաջ - 22:42 26-03-2026

Ահագին երկար գրառում Կարպիս Փաշոյանի ու Նիկոլ Փաշինյանի մասին. Վարդան Հարությունյան

Այլախոհ Վարդան Լ. Հարությունյանի ֆեյսբւքյան գրառումը.

Ահագին երկար գրառում Կարպիս Փաշոյանի ու Նիկոլ Փաշինյանի մասին

Լսեցի կառավարության նիստում Փաշինյանի խոսքը։ Պարզվում է՝ այս մտքերը երեկ հնչեցրել էր պառլամենտում։ Չեմ ցանկանում անդրադառնալ նրա խիստ մակերեսային պնդումներին, որ հնչեցնում է հայտնագործություն կատարած աշակերտի անմիջականությանբ։ Չեմ ցանկանում ասել, որ մեր պատմական հիշողությունը մերն է, մեր սեփականն է, մեր ապրածի ու կորցրածի մասին է ու այն մեզանից խլել, մեզանից օտարել չի լինելու, որ այն կապ չունի ոչ կայսրության հետ, ոչ էլ՝ Ստալինի։

Չեմ ցանկանում բացատրել, որ ավելի քան բնական է, երբ արցախցիները երբեւէ իրենց հայրենիք վերադառնալու հույս են փայփայում։ Չեմ ցանկանում ասել, որ իռլանդական, գերմանական, շոտլանդական ծագման ամերիկացիները նույնպես, ինչպես Վանից, Կիլիկիայից, Էրզրումից սերված հայերը հիշում են, թե որտեղից են սերում, խոսում են այդ մասին։ Չեմ ցանկանում բացատրել, որ պատմական հիշողությունն է մարդուն մարդ դարձնում։ Չեմ ցանկանում հիշեցնել, որ Փաշինյանը՝ թե որպես ընդդիմադիր գործիչ, թե որպես կառավարության ղեկավար եղել է ոչմիթիզականության առաջներդներից մեկն ու հասցրել է մեզ պատերազմի ու պարտության, հասցրել է մեզ այս տխուր հանգրվան, որտեղից էլ՝ դրսի թելադրանքներին հլու՝ հայրենիքը մոռանալ է առաջարկում։

Իսկ ահա իմ բարեկամ Կարպիս Փաշոյան-ին անդրադառնալ ցանկանում եմ։ Նա, ի տարբերություն ինձ, երեկ էր լսել Փաշինյանի այս մտքերն ու երեկ էլ անդրադարձել էր։ Փաշինյանի վիճահարույց մտքերից առանձնացրել էր Խորհրդային Հայաստանին վերաբերվող հատվածն ու Փաշինյանից պաշտպանում էր այդ Հայաստանը, որտեղ հայկական միտքը կայացել ու զարգացել է, որտեղ զրոյից կառուցվել են Երեւանը, Աբովյանը, Չարենցավանը, Վանաձորը եւ մնացյալ քաղաքները, ենթակառուցվածքները, գործարանները, արվեստը, գիտությունը, սպորտը, բյուրոկրատական համակարգը, մասնագետները (իր թվարկումներն են), ապա ավելացնում է՝ «Սովետական Հայաստանը նաև հայերի մշակութային ընթացքի կամ էլ ինքնության կարեւորագույն բաղադրիչն է։

Քաղաքական ազգի ձեւավորման ամենաէական շրջափուլերից մեկը։ Այն ինչ սաղմնավորվեց Մադրասում եւ Սուրբ Ղազարում, ի վերջո ստեղծվեց Աբովյանի, Րաֆֆու, Պատկանյանի, Միքայել Նալբանդյանի, Գաբրիել Այվազովսկու տեքստերով, ազատագրական պայքարով եւ հետագայում հիմնավորվեց ու ամրապնդվեց Սովետական Հայաստանի նվաճումներով» ու եզրափակում՝ «Փառք Աստծո, որ 1991 թ․-ին իշխանության չեն եկել սովետական այլախոհները։ Թե չէ առաջնորդվելով օրվա նորաձեւությամբ, նրանք կփորձեին հայ ժողովրդին պարտադրել Լատվիայի կամ էլ Էստոնիայի, Լեհաստանի անցած ճանապարհները»։

Ես, իհարկե, չեմ ցանկանում վիճարկել ոչ Վանաձորի կառուցումը, ոչ էլ Չարենցավանի։ Ավելին՝ չեմ էլ պատրաստվում հակաճառել, թե Սովետական Հայաստանում մշակույթ, գիտություն, գրականություն է ստեղծվել։ Իհարկե, ստեղծվել է։

Բայց ցանկանում եմ հիշեցնել, որ գրականություն ու մշակույթ մենք ստեղծել ենք նաեւ արաբական խալիֆաթում, օսմանյան կայսրությունում ու միշտ։ Ո՞ւր պետք է խցկենք օսմանյան կայսրության մեր փայլուն պոետներին ու մտածողներին։ Մենք միշտ ենք քաղաքներ կառուցել ու միշտ ենք գրքեր գրել։ Անհասկանալի է, թե ինչո՞ւ պետք է դա կայսրության/կայսրությունների պարգեւ համարենք։

Իսկ Կարպիսը համարում է։ Օսմանյան կայսրության «պարգեւները» մոռանում է, արաբական խալիֆաթինը մոռանում է, իսկ ռուսական կայսրությունն առանձնացնում ու պաշտպանում է, ավելացնելով՝ «Փառք Աստծո, որ 1991 թ․-ին իշխանության չեն եկել սովետական այլախոհները։ Թե չէ առաջնորդվելով օրվա նորաձևությամբ, նրանք կփորձեին հայ ժողովրդին պարտադրել Լատվիայի կամ էլ Էստոնիայի, Լեհաստանի անցած ճանապարհները»։

Թե ինչով են վատը Լատվիայի, Էստոնիայի ու Լեհաստանի ճանապարհները, որ նրանք ընտրեցին, որով ընթանում են այսօր՝ չգիտեմ, չեմ հասկանում, բայց շտապեմ հանգստացնել Կարպիսին. սիրելի Կարպիս, մտահոգվելու ոչ մի առիթ չունես, ասենք՝ մտահոգվելու առիթ չի էլ եղել՝ Հայաստանում սովետական այլախոհներն իշխանության գալ չէին կարող։ Դա բացառվում էր։ Ու գիտես, թե ինչո՞ւ։

Այլախոհները, գոնե այլախոհների անկախական հատվածը, ոչ թե Ղարաբաղի համար պայքար, այլ պետության համար պայքար էր առաջարկում։ Հայաստանցիների ճնշող մեծամասնությունը սրանից 38-40 տարի առաջ ճիշտ քեզ նման էին մտածում, Մոսկվայի հետ էին կապում իրենց հույսերը, Չարենցավանով էին հպարտանում, կայսրության հասցեին հնչած թթու խոսքը սեփական անձին ուղղված վիրավորանք էին համարում, Ղարաբաղ էին պահանջում, անկախականներին էլ սադրիչներ էին անվանում։ Այո՛, այո՛, սադրիչներ։

Պետության ու պետականության մասին միտքը մերժում էին, չէին ընդունում։ Նրանց Սովետական Հայաստանը բավարարում էր լիուլի։ Այսօր քո հիշատակած Լիտվան, Լեհաստանը կայացած երկրներ են, հայաստանցիները նախանձով են նայում նրանց, կուզենային ապրել այդ երկրներում, ավելին՝ ապրելու համար այդ երկրներ են գնում, իսկ մենք չգիտենք, թե ինչ պետք է անենք Չարենցավանի դատարկ ու փլված գործարանների հետ, որովհետեւ չկա կայսրությունը, որի ծրագրերի շրջանակներում կառուցվել էր այդ քաղաքը։

Ամենից շատ դիտված

23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար