Քաղաքի տեսքը խոսում է այնտեղ ապրողների մասին՝ ովքեր են, ի՞նչ երազանքներ ունեն, բարոյական ինչ նորմերով, արժեքներով են առաջնորդվում, մա՞րդ են, թե՞ առնետ։
Մարտի 23-ին
լուր տարածվեց, թե Երևանի մամուլի շենքի փոխարեն պրեմիում դասի բազմաֆունկցիոնալ համալիր կլինի։ Այստեղ նշանակություն չունի, թե ովքե՞ր են այստեղ ներդրում անելու և շահագործելու որպես հյուրանոց, ի՞նչ խնդիրներ ունեն օրենքի հետ, ի՞նչ կապեր Նիկոլ Փաշինյանի հետ, ի՞նչ գնով են ձեռք բերել այս շենքը հյուրանոց դարձնելու իրավունքը։ Էականն այլ է, թե ինո՞ւ է ՔՊ-ական իշխանությունը որոշել Մամուլի շենքը հյուրանոց դարձնել։
Մամուլի շենքը, կարծես, խորհրդանշում է, որ կան արդարության, ճշմարտության պաշտպաններ, իրականությունը բաց ու անթաքույց պատմողներ, իշխանությունների ապաշնորհությունն անխնա քննադատողներ, ազատ խոսքի, ազատ մամուլի ջատագովներ։ Մամուլի շենքի բարձրությունն էլ խորհրդանշում է ազատ խոսքի, ազատ մամուլի, ճշմարտությունը, իրականությունը ժողովրդին ասելու նշանակությունը քաղաքացիական հասարակության համար։
Նորմալ իշխանությունն այս շենքը կնորոգեր ու ցածր գներով վարձակալության կտրամադրեր թերթերին, լրատվական կայքերին, լրագրողական կազմակերպություններին, մամուլի ակումբերին, հեռուստատեսությունների, ռադիոալիքների խմբագրություններին, մամուլի առաջընթացի համար դրամաշնորհ տրամադրող հիմնադրամներին։ Եթե դրանից հետո ազատ տարածք մնար, ապա այստեղ կարող էին տեղափոխել բուհերի լրագրության բաժինները, որտեղ նաև գործող լրագրողների համար վերապատրաստման կուրսեր կանցկացնեին։ Այս ամենով կնպաստեին ազատ մամուլի զարգացմանը։ Այնինչ՝ որոշել են ցածր սեգմենտին ծառայող էժան հյուրանոց դարձնել։
Տևական ժամանակ ՔՊ-ականները լուտանքներ են թափում ազատ մամուլի ուղղությամբ, վիրավորական բաներ ասում իրենց քննադատողների հասցեին, պիտակավորում լրագրողներին։ ՔՊ-ի համակիրները մի բան էլ հավելում են, ասելով, թե երկրում տեղի ունեցող ամեն վատ բանում լրագրողներն են մեղավոր։ Եթե նրանք վատ բաներ չգրեն Նիկոլ Փաշինյանի մասին, չքննադատեն ՔՊ-ական իշխանությունների ապաշնորհությունը, թերացումները, աղետալի սխալները, ապա ժողովուրդն ուրախ ու երջանիկ կլինի։
Որոշ ժամանակ առաջ ՔՊ-ականները կռվով հեռացրին լրագրողներին ԱԺ հանձնաժողովի նիստից։ Տարիներ շարունակ Փաշինյանի ասուլիսներին չէին հրավիրում
Oragir.News-ին։ ՔՊ-ական բազմաթիվ պաշտոնյաներ հրաժարվում են պատասխանել
Oragir.News-ի հարցերին, հարցազրույց կամ մեկնաբանություն տալ։
Այնպիսի տպավորություն են ստեղծում, թե լրագրողն է մեղավոր, որ Փաշինյանը ցածր վարկանիշ ունի։ Կարծես ոչ թե իր սխալների պատճառով է ընկել իր վարկանիշն, այլ մամուլն է մեղավոր, որ ժողովրդի մի մասը Փաշինյանին չի սիրում։ Ուստի՝ եթե մամուլ չլինի, ապա ոչ ոք չի իմանա, չի հասկանա, թե ինչ վատ բաներ են արել ու անում ՔՊ-ականները, ինչ վնաս են պատճառել ժողովրդին ու պետությանը։
Այս բացասական վերաբերմունք էլ, հավանաբար, հանգեցրել է Մամուլի շենքը հյուրանոց դարձնելու քաղաքական որոշմանը։ Հավանաբար, Փաշինյանն, այսպիսով վրեժ է լուծում մամուլից՝ իրեն քննադատելու, իրականությունը, առկա խնդիրները, քաղաքացիների դժգոհությունները, բողոքները ցույց տալու, մարդու իրավունքների և ժողովրդավարության պաշտպանության դիրքերում կանգնելու համար։ Կարծես ուզում է ցույց տալ, որ ՀՀ-ին մամուլ պետք չէ, այլ միայն հյուրանոց։
Սա վիրավորական է ոչ միայն լրագրողական համայնքի համար, այլև քաղաքի։ Դրսից նայողն ի՞նչ կմտածի մեր քաղաքի ու քաղաքացիների մասին։ Լավատեսները գուցե կմտածեն, որ այստեղ ապրողները շատ հյուրընկալ մարդիկ են, և այնքան շատ հյուրեր կան այստեղ, այնքան շատ հյուրանոցի կարիք կա, որ նույնիսկ Մամուլի շենքն են հյուրանոց դարձնում։
Իսկ իրատեսները կկարծեն, թե ՀՀ իշխանությունն էլ այն աստիճան չի սիրում ճշմարտությունն, իրականությունն ասողներին, որ Մամուլի շենքը հյուրանոց են դարձրել, այն էլ՝ ցածր սեգմենտին ծառայող էժան հյուրանոց։ Եթե այսպես մտածողները շատ լինեն, ապա Մամուլի շենքը հյուրանոց դարձնելը գցելու է Հայաստանի, որպես ժողովրդավարական պետության, վարկը։ Ինչքան էլ վիրավորական հնչի, տպավորություն է ստեղծվելու, թե Երևանում արդարներ չկան, ճշմարտությունը ոչ ոքի պետք չէ, մարդիկ միայն հացիվ են ապրում, միայն ուտելու մասին մտածում, և նրանց մամուլ պետք չէ, առավել ևս՝ Մամուլի բարձրահարկ շենք։
Թաթուլ Մկրտչյան