Անգլիական եկեղեցին թևակոխեց զարգացման նոր փուլ. Քենթերբերիի տաճարում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ Սառա Մալալին պաշտոնապես օծվեց որպես Քենթերբերիի առաջին կին արքեպիսկոպոս։
Այս իրադարձությունը նշանավորում է գրեթե 500-ամյա պատմություն ունեցող կառույցի առաջին կին ղեկավարի մուտքը հոգևոր բարձրագույն պաշտոնին։
Արարողությանը ներկա էին շուրջ 2000 հյուրեր, այդ թվում՝ բրիտանական գահի ժառանգորդ արքայազն Ուիլյամն ու նրա կինը՝ Քեթրինը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը և բազմաթիվ կրոնական առաջնորդներ աշխարհի տարբեր ծայրերից։ 63-ամյա Մալալին, ով նախկինում եղել է պրոֆեսիոնալ բուժքույր, իր տեղը զբաղեցրեց 13-րդ դարի պատմական Սուրբ Ավգուստինոսի աթոռին։ «Այսօր, սկսելով իմ ծառայությունը որպես Քենթերբերիի արքեպիսկոպոս, կրկին ասում եմ Աստծուն. «Ահա ես այստեղ եմ»»։
Արարողությունը հարուստ էր խորհրդանիշներով, որոնք կապում էին եկեղեցու անցյալն ու ներկան։ Մալալին կրում էր իր բուժքույրական տարիների գոտու մոդելով պատրաստված ճարմանդ, ինչն ընդգծում էր նրա ծառայողական ուղին։
Նա կրում էր Մայքլ Ռեմսիի մատանին, որը 1966-ին նվիրել էր Հռոմի պապ Պողոս VI-ը՝ որպես անգլիկան և կաթոլիկ եկեղեցիների մերձեցման նշան։ Իր ելույթում արքեպիսկոպոսն աղոթեց նաև Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում, Սուդանում և Մյանմայում խաղաղության հաստատման համար։ Սառա Մալալիի գահակալությունը տեղի է ունենում եկեղեցու համար բարդ ժամանակաշրջանում։
Նրա նախորդը՝ Ջասթին Ուելբին, հրաժարական տվեց 2024 թվականին՝ երեխաների նկատմամբ բռնության դեպքերը թաքցնելու սկանդալի պատճառով։ Մալալին իր խոսքում շեշտեց նաև անցյալի ձախողումներից դասեր քաղելու և «ճշմարտությանն ու արդարությանը» հավատարիմ մնալու կարևորությունը։ Բացի այդ, նրա առաջնորդությունը բախվում է պահպանողական թևի դիմադրությանը, հատկապես՝ Աֆրիկայի և Ասիայի եկեղեցիների կողմից, որոնք դեմ են կանանց առաջնորդությանը և ԼԳԲՏ համայնքին առնչվող հարցերում առաջադեմ մոտեցումներին։
Այնուամենայնիվ, Մալալին հորդորում է պահպանել միասնությունը. «Մենք ընտանիք ենք՝ ընդհանուր արմատներով, և ցանկացած համաշխարհային եկեղեցու մեջ կա մեծ բազմազանություն»։