Բազմաթիվ քաղաքացիներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորև մեջբերված խոսքը որակում են զրպարտություն, բամբասանք, սուտ, փոքրոգություն։
«Իրականությունն այն է, որ որոշ հոգեւորականներ, ովքեր ցինիկ կերպով խախտել են հոգեւոր բարեվարքության բոլոր կանոնները, այդպիսով՝ իրենք իրենց խոցելի դարձրել օտարերկրյա հատուկ ծառայությունների համար (ի դեպ՝ նրանցից ոմանց ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ լինելու փաստը ապացուցվում է փաստաթղթերով), ահա այդ հոգեւորականները Հայաստանի Հանրապետությունում ստանձնել են պատերազմի կուսակցության առաջնորդությունը՝ իրենց շուրջ հավաքելով Հայաստանի նախկին ղեկավարներին, նրանց հետ կապված որոշ ուժերի, որոշ ռուսաստանաբնակ եւ բելոռուսամետ օլիգարխների, եւ փորձում են Հայաստանի անկախությունը զոհաբերել երրորդ երկրների շահերին»,- ասել է նա մարտի 11-ին ԵԽ ամբիոնից եվրոպացի քաղաքական գործիչների առաջ ունեցած ելույթում։
Ակնհայտ է՝ որ ակնարկը վերաբերվում է Բագրատ Սրբազանին։ Ինչո՞ւ է Փաշինյանը զրպարտում Բագրատ Սրբազանին Եվրոպայի խորհրդում։ Ինչո՞ւ է այսպիսի բան ասում Եվրոպայի խորհրդում, և ի՞նչ հետևանք կունենա սա։
Նախ՝ Հայաստանում պատերազմի կուսակցություն գոյություն չունի։ Բազմաթիվ հետազոտողներ պեղումներ են կատարել, որ գտնեն պատերազմի կուսակցության հետքեր մեր երկրում, սակայն ոչ ոքի չի հաջողվել։ Հայ ժողովրդին վախեցնելու հարցում արդյունքներ գրանցած Փաշինյանը հիմա էլ պատերազմի կուսակցությունով վախեցնում է խեղճ եվրոպացիներին։ Գուցե արժանապատվություն ունեցող որոշ քաղաքական գործիչներ ու հոգևորականներ խոսում են հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության մասին։ Եթե այսպես խոսողներն են ներկայացվում որպես պատերազմի կուսակցությունը, ապա սա չափազանցություն է, եթե չասենք՝ զրպարտություն։
ՀՀ քրեական օրենսգրքում հոդվածներ կան որոնք վերաբերվում են ինքնիշխանության դեմ գործողներին։ Եթե ըստ Փաշինյանի՝ ՀՀ հոգևորականները, նախկին ղեկավարները, որոշ ուժեր, օլիգարխներ «փորձում են Հայաստանի անկախությունը զոհաբերել երրորդ երկրների շահերին», ապա ինչո՞ւ այս մասին ոչ մի քրեական վարույթ Հայաստանում չկա։ Ո՞վ է բռնել իրավապահի ձեռքը։ Ովքե՞ր են պարտակում այսօրինակ հանցանքները։ Եթե նա Ստրասբուրգում ելույթ չունենար, ապա չէինք էլ իմանալո՞ւ, որ անկախությունը զոհաբերելու փորձ անողներ կան մեր երկրում։ Սա ամոթալի տեսարան էր։ Տպավորություն ստեղծվեց, որ հայ ժողովուրդն այնքան վատն է, որ նրա հոգևորականը, քաղաքական գործիչը, գործարարը անկախության դեմ են։ Եվրոպացին կհավատա՞ սրան, թե՞ կմտածի՝ Փաշինյանը զրպարտում է։
Խորհրդային բռնազավթումից ազատագրված երբեմնի բախտակից երկրներում՝ Արևելյան Եվրոպայում, Բալթյան երկրներում լյուստրացիա է իրականացվել, գաղտնազերծվել են ԽՍՀՄ ՊԱԿ-ի արխիվները, ՊԱԿ-ի գործակալներն օրենքով զրկված են բարձր պաշտոն զբաղեցնելու իրավունքից։ ԱԺ մեծամասնություն կազմող ՔՊ-ն նախընթաց տարիներին լյուստրացիայի մասին խոսելու փորձ չի արել, չլսելու է տվել այս մասին հանրային պահանջները։ Հետևապես՝ ինչո՞ւ է Փաշինյանը ԵԽ-ում ասում, թե որոշ հոգևորականներ ԽՍՀՄ ՊԱԿ-ի գործակալներ են եղել։ Իսկ ՔՊ-ում քանի՞ հոգի է ՊԱԿ-ի գործակալ է եղել։ Փաշինյանը վախենում է նույնիսկ ԿԳԲ-ի դահիճների ձեռքով սպանվածների հիշատակը հարգել, նա ոչ մի տարի Հունիսի 14-ին՝ Բռնադատվածների հիշատակի օրը, մի ծաղիկ չի խոնարհել մի խոսք չի ասել, իսկ հիմա ԵԽ ամբիոնից ասում է, թե որոշ հոգևորականներ ՊԱԿ-ի գործակալ են եղել։ ՔՊ-ն մի պատգամավոր չունի՞, որ լյուստրացիայի նախագիծ բերի ԱԺ։
Մի խոսքով՝ խիստ վորդովվեցնող է, որ Փաշինյանը ԵԽ-ում զրպարտեց Բագրատ Սրբազանին, գոյություն չունեցող պատերազմի կուսակցությամբ վախեցրեց խեղճ եվրոպացիներին, տպավորություն ստեղծեց, թե հայ ժողովուրդը՝ նրա հոգևորականը, գործարարը, քաղաքական մրցակիցները ռուսական գործակալ են, ցածրակարգ հանրույթ են, անկախության դեմ են։ Հետևապես՝ ինչքան սահմանափակվեն Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներն, այնքան անվտանգ կլինի տարածաշրջանի ու աշխարհի համար։ Սա է լինելու նրա այս ելույթի հետևանքը։ Եթե հայ ժողովուրդը մի քիչ հարգանք ուներ աշխարհում, ապա Փաշինյանն այս ելույթով փոշիացրեց այն։ Այսպիսի հակահայկական ելույթ չէր հնչել միջազգային ամբիոնից, ոչ մի ադրբեջանցի այսքան վատ բաներ չէր ասել մեր ժողովրդի ու պետության մասին։
ԵԽ-ում Փաշինյանի՝ ելույթը հիմք տվեց ենթադրելու, որ ԵՄ-ն նրանից պահանջել է անկախության պաշտպանության ուղղված գործուն քայլեր։ Նա էլ փորձեց արդարանալ, ստերով, բամբասանքով ու զրպարտությամբ լի կեղծ պատկեր հորինեց, թե ժողովուրդն անկախությանը դեմ է, ուստի՝ իշխանությունը կաշկանդված է։ Սա լկտի սուտ է։ Սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը 99 տոկոսով «Այո» է ասել անկախությանը։ Հիմա նույնիսկ դժվար է պատկերացնել, որ որևէ գիտակից հայ մարդ անկախությանը դեմ է։ Գուցե Փաշինյա՞նն է անկախության դեմ, գուցե նա՞ է փորձում մեր անկախությունը, ինքնիշխան իրավունքները զոհաբերել Մոսկվային, բայց հոգևորականը, գործարարը, քաղաքական համայնքը թույլ չեն տալիս։ Հույս ունենանք, որ եվրոպացին մեզնից լավ է ճանաչում Փաշինյանին և գիտի, որ Բագրատ Սրբազանին կալանավորել են, քանի որ նա թույլ չէր տալիս, որ Փաշինյանը մեր անկախությունը, մեր ինքնիշխան իրավունքները զոհաբերի երրորդ երկրներին։
Թաթուլ Մկրտչյան