Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 20:30 12-02-2026

Սամվել Կարապետյանը՝ վարչապետի թեկնածու, օրհներգի կենդանի կատարումը պարտադիր է դառնում․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ը ներկայացնում է փետրվարի 12-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանն է։ Այս մասին այսօր կուսակցության համաժողովում հայտարարեց նրա եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը: Սակայն, Սամվել Կարապետյանը երկքաղաքացի է, և գործող օրենքներով՝ չի կարող ո՛չ վարչապետի, ոչ էլ պատգամավորի թեկնածու լինել: Այսօրվա համաժողովում քաղաքական ուժի ներկայացուցիչները չպարզաբանեցին՝ հաշվի առնելով օրենսդրական հստակ արգելքները՝ ի վերջո ո՞վ է գլխավորելու «Ուժեղ Հայաստանի» նախընտրական ցուցակը: «Սահմանադրությունը ունի 148 հոդված, Ազգային ժողովի քվեարկությամբ է փոխվելու այդ դրույթը»,- հայտարարեց Նարեկ Կարապետյանը: Սահմանադրության 148-րդ հոդվածը սահմանում է, որ կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները։ Իսկ Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել 25 տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Սա փաստացի նշանակում է, որ Սամվել Կարապետյանը չի կարող լինել նաև «Ուժեղ Հայաստանի» նախընտրական ցուցակում: Կուսակցության համաժողովում հեռարձակված տեսաուղերձում իրավաբան Սիրանուշ Սահակյանն ասում էր, որ Սահմանադրության 148-րդ հոդվածն անփոփոխելի չի և չի պահանջվում հանրաքվե: Նարեկ Կարապետյանն էլ հայտարարեց, թե «ընտրություններից 20 օր անց հանդես կգան օրենսդրական փոփոխությամբ, և դրանով հնարավորություն կտան Սամվել Կարապետյանին դառնալ վարչապետ»: «Մեզ պետք է մեծամասնություն Ազգային ժողովում», - ասաց Նարեկ Կարապետյանը, պնդելով, որ հաղթելու են՝ Սամվել Կարապետյանի հետ միասին:


Հայաստանի բարեկեցիկ կյանքի կառուցումը սկսվելու է ԱԺ ընտրությունների հենց հաջորդ օրվանից` հունիսի 8–ից։ Այս մասին նշվել է Սամվել Կարապետյանի տեսաուղերձի ժամանակ, որը գեներացվել էր արհեստական բանականության միջոցով։ Կարապետյանը նշեց, որ ՀՀ գործող իշխանությունները, իրեն կալանավորելով, փորձում էին լռեցնել ժողովրդի ձայնը։ «Հիմա մեր ձայնն ավելի բարձր է հնչում, հիմա մենք ձեզ հետ ավելի ուժեղ ենք, քան երբևէ։ Այսօր ևս մեկ անգամ հաստատում ենք, որ ՀՀ–ում քաղաքական իրավիճակը վերջնականապես փոխվել է, ու փոքրիկ խմբակն այլևս ուժ չունի իր թուլացած դիրքերը վերականգնելու համար»,– հայտարարեց նա։ Կարապետյանի խոսքով` իշխանությունը ձախողել է թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունը, իսկ տնտեսության վիճակը կարելի է բնորոշել մեկ նախադասությամբ` աղքատ ենք ու խրված պարտքերի մեջ։ «Մեր երկրին ամեն տեսակի արհավիրք ու թուլություն բերածները վերջին շրջանում միայն խոստանում են ու խոսում են միայն մեկ բանից` թույլ խաղաղությունից։ Խաղաղությունն առանց ուժեղ պետության կոչվում է հանձնվել, իսկ հանրությանը մոլորեցնում են, թե իբր ուժեղ բանակ ունենալը հավասարազոր է պատերազմի։ Սա հերթական սուտն է հանրությանը վախեցնելու համար»,– նշեց գործարարն իր տեսաուղերձում։ Նա ընդգծեց, որ մեր երկրին անհրաժեշտ է արժանապատիվ խաղաղություն. աշխարհում ոչ մի երկիր չի կարող իրական խաղաղության մասին բանակցել խաղաղություն աղերսելով։ «Մենք կուժեղացնենք մեր բանակը ու պաշտպանությունը նոր տեխնոլոգիաների ներդրմամբ, ժամանակակից պաշտպանական ծրագրի մշակմամբ և ներդրմամբ»,– հայտարարեց Կարապետյանը` ավելացնելով, որ Հայաստանն ու մարդկանց տանելու են սրընթաց զարգացման ու բարեկեցության։ Եզրափակելով իր խոսքը` Կարապետյանը տեղեկացրեց, որ շուտով մանրամասն պատմելու են իրենց բոլոր ծրագրերի մասին, որոնք Հայաստանի համար բացառիկ են լինելու, ապա հավելեց․ «Մենք անպայման հաջողելու ենք մեր ձևով»։


«Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այսօր իր ու իր աջակիցների գործով դատական նիստին անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային ՀԸ-ի եթերում հնչեցրած մտքերին։ Նա ասաց, որ իրենց իրավունքները պաշտպանված չեն, որովհետև Փաշինյանն ուղիղ եթերում կարդաց հոդված, որով զբաղվում են իրավապահ մարմինները։ «Ասում են՝ ռադիկալ իսլամիզմի են նման, պետություն են՝ պետության մեջ։ Սա ասում է մեկը, որ տոտալ աղանդավորական գործունեությամբ է զբաղվում։ Ասում է՝ ժողովուրդը մերժեց մեզ։ Ժողովուրդը չմերժեց, ժողովրդին դո՛ւ ռմբահարեցիր ու բանտարկեցիր։ Մեզ մեղադրում է մի մարդ, որն Արցախ է հանձնել։ Մի մարդ, որը պարգևավճարի պաշտամունք ունի։ Սրան ոչ ոք չի արձագանքում։ Փաստորեն մեր երկրում ոչ մի իրավունք պաշտպանված չէ՝ ո՛չ անձնական, ո՛չ միասնական»,- ասաց Բագրատ սրբազանը։ Նա հավելեց՝ այս գործը երբևէ ահաբեկչության հետ կապ չի ունեցել։ Ըստ նրա՝ սա մի մարդու վախերի արտացոլումն է միայն։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան