Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ ԲիզնեսLab 4 ամիս առաջ - 19:30 25-01-2026

«Բիզնես Lab». Բակուր Մելքոնյան - բիզնես մտածողություն, թիմ, արժեքներ և միջազգային հաջողություն

«Բիզնես Lab»-ը հաղորդում է բիզնեսի մասին՝ ոչ միայն որպես եկամտի աղբյուրի, այլև որպես մտածողության, ընտրության և պատասխանատվության։ Հաղորդման նպատակը բացահայտելն է այն մարդկանց ճանապարհը, ովքեր տեսնում են հնարավորություններ այնտեղ, որտեղ մյուսները տեսնում են խոչընդոտներ, գործում են անորոշության պայմաններում, ստեղծում են արժեք և իրենց աշխատանքով ձևավորում հասարակության ու պետության ապագան։

«Բիզնես Lab»-ն ուսումնասիրում է բիզնեսի ճանապարհը ներսից՝ մարդու մտածողությունից դեպի նրա ստեղծած աշխարհը։ Այստեղ խոսվում է ոչ միայն հաջողված բիզնեսների և թվերի, այլ նաև բիզնես կրթության, մտածելակերպի, արժեքների, սխալների և դասերի մասին՝ ընդգծելով, որ բիզնեսի իրական նպատակը միայն գումարը չէ, այլ երկարաժամկետ արժեք ստեղծելը։

Հաղորդման հյուրերն են տարբեր ոլորտներում հաջողություն գրանցած գործարարներ, ովքեր կիսվում են իրենց փորձով, որոշումներով և անցած ճանապարհով՝ նպաստելով բիզնես մշակույթի զարգացմանն ու նոր մտածողության ձևավորմանը Հայաստանում և դրա սահմաններից դուրս։

Այս թողարկման շրջանակում «Բիզնես Lab»-ը հյուրընկալել է Բակուր Մելքոնյանին՝ «Արտ Լանչ» սննդի ցանցի հիմնադիր, գործարար, որի մտածողությունը չի սահմանափակվում մեկ ոլորտով, և որի բիզնես ճանապարհը օրինակ է, թե ինչպես կարելի է նույն արժեքներով ու թիմային մոտեցմամբ հաջողել տարբեր բիզնես միջավայրերում։

Մեր հյուրն է մարդ, ով միաժամանակ համահիմնադիր է Dili Town Resort-ի, «Պոպոկ» հյուրատների, Իտալիայում գործող հյուրանոցային բիզնեսի, ինչպես նաև Vitamina համային ջրերի, Lava Elixir բրենդի և մի շարք այլ հաջողված նախագծերի։

Թողարկման ընթացքում խոսել ենք, թե ով է իրական գործարարը, ինչ հիմնական սխալներ են թույլ տալիս բիզնես սկսող մարդիկ, ինչպես է հնարավոր աշխատել միմյանցից էապես տարբեր ոլորտներում՝ չկենտրոնանալով միայն մեկ ուղղության վրա, ինչ դեր ունի ճիշտ թիմը բիզնեսի ձևավորման ու զարգացման մեջ։

Բակուր Մելքոնյանը կիսվում է իր՝ թիմ հավաքելու սկզբունքներով, վստահության ու համակարգերի կարևորությամբ:

Հատուկ անդրադարձ է կատարվում նաև ընտանիքի և բիզնեսի փոխհարաբերություններին․ զրույցի ընթացքում խոսում ենք նրա կնոջ՝ տիկին Գայանեի հետ համատեղ բիզնես սկսելու որոշման մասին, այն ժամանակվա կարծրատիպերի, կնոջ դերի ու առավելությունների մասին բիզնեսում, ինչպես նաև անձնականն ու գործնականը բաժանելու կարևորության մասին։

Քննարկում ենք գործարարի հանրային լինելու նշանակությունը, հանրային խոսքի ազդեցությունը բիզնեսի զարգացման, հասարակության կրթման և կարծրատիպերի կոտրման վրա, ինչպես նաև այն վախերը, որոնց բախվում են շատ բիզնեսմեններ՝ դուրս գալով հանրային դաշտ։

Բակուր Մելքոնյանը պատմում է նաև «Արտ Լանչի» միջազգային ընդլայնման փորձի մասին՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Ուկրաինայի ԱՄՆ-ի շուկաներում, ինչպես նաև հյուրանոցային բիզնեսի գործունեության առանձնահատկությունների մասին Իտալիայում՝ համեմատելով տեղական և արտասահմանյան շուկաները օրենքներից մինչև սպառողների սպասելիքներ։

Թողարկման ընթացքում անդրադառնում ենք նրա բիզնես ճանապարհի ամենասկզբին՝ ավտոտնակում արված առաջին քայլերին, ամուսնական մատանու վաճառքից ստացված փոքրիկ գումարի մեծ նշանակությանը և այն խորհուրդներին, որոնք նա տալիս է երիտասարդներին, ովքեր սպասում են «մեծ գումարի»՝ ինչ-որ բան սկսելու համար։

Զրույցը եզրափակվում է կյանքի հինգ կանոններով, մոտիվացիայի աղբյուրներով, ապագա նպատակներով ու երազանքներով, ամենաթանկ սխալի դասերով և այն հարցով, թե ինչպես պետք է վերաբերել ձախողումներին, որպեսզի դրանք չկանգնեցնեն, այլ արագացնեն զարգացումը։

Այս թողարկումը նրանց համար է, ովքեր ուզում են մտածել լայն, գործել համարձակ և բիզնեսին նայել որպես արժեք ստեղծելու երկար ճանապարհ։

Իսկ հաղորդման ավարտին Բակուր Մելքոնյանը գրում է մեկ հարց և մեկ մաղթանք մեր հաջորդ հյուրին, որոնք կկարդանք «Բիզնես Lab» հաղորդաշարի հաջորդ թողարկման ընթացքում՝ շարունակելով արժեքների, փորձի և մտածողության շղթան։

Բայց սա դեռ ամբողջը չէ։ Թողարկման ընթացքում կան անկեղծ դրվագներ ու մտքեր, որոնք դուրս են մնում վերնագրերից, սակայն իրականում բացահայտում են բիզնեսի իրական գինը և որոշումների խորքը։

Դիտեք թողարկումը մինչև վերջ՝ հասկանալու համար, թե ինչն է իրականում առաջ մղում հաջող գործարարին։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան