copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 20:51 07-11-2025

Գերագույն հոգևոր խորհուրդը խստորեն դատապարտում է Եկեղեցու և եկեղեցականների իրավունքների նկատմամբ իրականացվող բացահայտ ապօրինի ճնշումները

Նոյեմբերի 4-7-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը։

Ժողովի սկզբում ԳՀԽ անդամներն աղոթեցին Մայր Աթոռի միաբան նորոգ հանգուցյալ Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանի հոգու հանգստության համար:

Նիստերը վարեց Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

Տ․ Միքայել արք․ Աջապահյանի, Տ․ Բագրատ արք․ Գալստանյանի, Տ․ Մկրտիչ եպս․ Պռոշյանի, Տ․ Գարեգին քհն․ Արսենյանի, ազգային բարերար Սամվել Կարապետյանի և ապօրինաբար ազատազրկված մյուս հայորդիների նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթների, իրականացված դատավարական գործողությունների, կայացված դատավճռի, դրանց իրավական անհիմն և խտրական բնույթի, միջազգային հարթակներում Եկեղեցու ու եկեղեցականների իրավունքների պաշտպանության, ազատ խոսքի և այլախոհության նկատմամբ անհանդուրժողականության ու տեղեկատվական դաշտում Եկեղեցուն և եկեղեցականներին թիրախավորելու հաճախացող դեպքերի մասին զեկույցներով հանդես եկան ի․գ․թ․ Արա Զոհրաբյանը, իրավաբան, միջազգային փորձագետ Արա Ղազարյանը, փաստաբաններ Արամ Վարդևանյանը, Հովհաննես Խուդոյանը և ի․գ․թ․ Արման Թաթոյանը։

Գերագույն հոգևոր խորհուրդը խստորեն դատապարտեց Եկեղեցու և եկեղեցականների իրավունքների նկատմամբ իրականացվող բացահայտ ապօրինի ոտնձգություններն ու ճնշումները, ինչպես նաև հակաեկեղեցական հռետորաբանությամբ ատելության խոսքի ու անհանդուրժողականության տարածումը՝ ընդգծելով, որ նման երևույթները խաթարում են ինչպես խղճի ու խոսքի ազատության սկզբունքը, այնպես էլ հանրային համերաշխությունը։ Արձանագրվեց նաև, որ եկեղեցականներին առաջադրված մեղադրանքները և խափանման միջոցները հիմնված են ոչ իրավաչափ փաստերի վրա և հակասում են արդար դատաքննության իրավունքի ու անձի ազատության սահմանափակման միջազգային չափանիշներին:

Խորհուրդը վերահաստատեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիրքորոշումը՝ աջակցել արդարադատության հաստատմանը և պաշտպանել Եկեղեցու սպասավորների ու հավատացյալ ժողովրդի իրավունքները՝ վերստին կոչ անելով իրավապահ մարմիններին հանուն արդարության դադարեցնել ապօրինի քրեական վարույթները և ազատ արձակել ազատազրկված հոգևորականներին ու քաղաքացիական անձանց։ Անհրաժեշտ նկատվեց նաև Հովհաննավանքի նկատմամբ Մայր Աթոռի իրավունքների և ծիսաարարողական կյանքի վերականգնմանը, հավատացյալների հոգևոր-կանոնական կյանքի պաշտպանությանն ու եկեղեցականների բնականոն ծառայության ապահովմանն ուղղված քայլերը։

Բաքվում պահվող զինվորական և քաղաքացիական անձանց նկատմամբ իրականացվող դատական գործընթացների, արցախահայերի իրավունքների պաշտպանության մասին զեկուցեց իրավաբան Արա Ղազարյանը։ Ներկայացվեցին Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտման աղաղակող դեպքերը, ընդգծվեց, որ իրականացվող, այպես կոչված, դատավարությունները որևէ կապ չունեն արդարադատության հետ և հակասում են միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար դրույթներին։

Բանախոսը կարևորեց ինչպես Եկեղեցու և միջազգային կազմակերպությունների ներգրավվածությունը, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՄԱԿ-ի իրավապաշտպան մարմինների միջոցով գերիների ազատ արձակմանն ուղղված իրավական քայլերի իրականացումը։

Գերագույն հոգևոր խորհուրդն ընդգծեց գերիների հարցի նկատմամաբ շարունակական ուշադրության և համակարգված քայլերի անհրաժեշտությունը։ Վերահաստատվեց Եկեղեցու պատրաստակամությունը՝ շարունակելու ջանքերը Քույր Եկեղեցիների ու միջազգային կրոնական կառույցների հետ համագործակցությամբ նպաստելու գերիների վերադարձին և մարդու իրավունքների պաշտպանության օրինական մեխանիզմների կիրառմանը։

Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների մասին զեկուցեց ԳՀԽ անդամ, ի.գ.դ. Գևորգ Դանիելյանը՝ ներկայացնելով փաստեր, որոնք վկայում են Ադրբեջանի կողմից իրականացվող համակարգված քաղաքականության մասին՝ միտված հայկական պատմամշակութային արժեքների ոչնչացմանը և յուրացմանը։ Նշվեց, որ ադրբեջանական իշխանության կողմից հովանավորվող պատմական զեղծարարության նպատակն է ջնջել տարածաշրջանի հայկական ինքնության հետքերը և փորձել օրինականացնել իրենց հավակնությունները հայկական ժառանգության նկատմամբ։

ԳՀԽ-ը կարևորեց միջազգային ամենալայն շրջանակների աջակցության ապահովումը և մասնավորաբար Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ Եկեղեցու կողմից իրականացվող աշխատանքների առավել ընդլայնումը։

Պ․գ․թ․, դոց. Միքայել Մալխասյանն իր զեկույցում անդրադարձավ հանրակրթական ծրագրերում և Հայոց պատմության դասագրքերում տեղ գտած մտահոգիչ դրույթներին։ Բանախոսը ներկայացրեց օրինակներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են աղճատվում Հայոց պատմության տարբեր փաստերը և խեղաթյուրվում իրադարձությունները՝ նսեմացնելով պատմական դեմքերի ու դեպքերի, եկեղեցական և պետական գործիչների պատմական դերը։

Գերագույն հոգևոր խորհուրդը խիստ մտահոգությամբ նկատեց, որ նման մոտեցումները վտանգում են սերունդների ազգային ինքնության և պատմական հիշողության շարունակականությունը՝ կարևորելով ազգային խորհրդանիշների արժևորման և դրանց հանդեպ հարգանքի ու պատշաճ վերաբերմունքի ձևավորման անհրաժեշտությունը, նաև ընդգծելով Եկեղեցու առաքելությունը ժողովրդի ազգային ինքնության, պատմական հիշողության և հոգևոր արժեքների պահպանման գործում։

ԳՀԽ քննարկեց և որոշեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետի վախճանման 1700-ամյակին նվիրված հոգևոր, մշակութային միջոցառումների կազմակերպման և Կոմիտաս վարդապետի սրբադասման հարցի քննության նպատակով ձևավորել հանձնախմբեր։

Քառօրյա ժողովի ընթացքում քննարկվեցին նաև Եկեղեցու հովվական կյանքին, կարգապահական ու իրավական խնդիրներին և Եկեղեցու առաքելության արդյունավորմանը առնչվող հարցեր:

Ժողովն ամփոփվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության և գնահատանքի խոսքով։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում