copy image url
Ներքին Միտք 8 ամիս առաջ - 09:26 26-10-2025

ՔՊ շտաբի պետ ընտրելն ԸՕ խախտում է

Մրցակցային անհավասար պայմանները ստվեր են գցում ընտրությունների վրա։ Դիտորդը դա կարող է որակել լուրջ խախտում ու կասկածի տակ դնել ընտրությունների օրինակարգությունը։

ՀՀ ընտրական օրենսգրքի 19 հոդվածի 4-րդ կետով սահմանված է՝ «Ընտրություն նշանակվելուց հետո կարող են կազմավորվել ընտրական շտաբներ»։ Բոլորի համար պարզ է այս տողը։ Կուսակցությունը ընտրական շտաբ կարող է կազմավորվել ընտրություններ նշանակելուց հետո, ոչ թե առաջ։ 2026-ի ԱԺ ընտրությունները դեռ չեն նշանակվել։ ԱԺ ընտրություններ նշանակելու մասին Հանրապետության նախագահի հրամանագիր չկա։ Մոտավոր հաշվարկով՝ դեռ 7-8 ամիս կա ընտրություններին։ Ուստի՝ այսօր ընտրական շտաբ բացելը կարող է որակվել Ընտրական օրենսգրքի խախտում։

Այս պարզ տրամաբանությունը, կարծես, ՔՊ-ի կողքով է անցնում։ Հոկտեմբերի 24-ին Արայիկ Հարությունյանն ընտրվել է ՔՊ 2026-ի Նախընտրական շտաբի պետ, Վահագն Ալեքսանյանը՝ շտաբի պետի քարոզչության գծով տեղակալ։ Այս մասին հայտնել է Նիկոլ Փաշինյանը։

ՔՊ-ն կտրվե՞լ է իրականությունից, թե՞ միտումնավոր խախտում են Օրենսգիրքը։

Եթե ՔՊ-ին անհրաժեշտ էր 7-8 ամիս առաջ շտաբ բացել, ապա կարող էր Ընտրական օրենսգրքի փոփոխման մասին նախագիծ բերել ԱԺ, ընդունել ու հետո արդեն օրենքով շտաբի պետ ընտրել։ Իսկ հիմա դիտորդը կարող է նկատել, որ ՔՊ-ն խախտել է Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 4-րդ կետը։ Ավելին՝ ենթադրելի է, որ միտումնավոր են խախտել, ակնարկելով, թե կարող են մեծ խախտումներ անել ՔՊ-ի հաղթանակն ապահովելու համար։ Մյուս կուսակցություններն էլ, հավանաբար, կսարսափեն այս ակնարկից ու չեն խիզախի իշխանության հավակնել 2026-ին։

Ժողովրդավարական երկրները հնարավոր ամեն ինչ անում են, որ հավասար մեկնարկային պայմաններ ապահովեն բոլոր մասնակից կուսակցությունների համար։ Տեղական և միջազգային դիտորդներն առաջին հերթին ուշադրություն են դարձնում հավասար մեկնարկային պայմաններին։ Եթե դրանք հավասար չեն, ապա ընտրությունները կարող են ոչ արդար որակվել։ Չի բացառվում, որ ՔՊ-ի շտաբի պետի հոկտեմբերի 24-ի ընտրությունն այդպիսի որակման հիմք դառնա։

Որոշ փորձագետներ կարծում են, թե ՔՊ-ն, շտաբի պետ ընտրելով, ուզում է դրդել գանձ համարվող ընդդիմադիրներին, որ նրանք էլ ընտրական շտաբեր բացեն, շտաբի պետեր ընտրեն, բացահայտեն իրենց ներուժն ու կազմակերպիչներին։ Կասկած կա նաև, թե ՔՊ-ն այս ֆալստարտով փորձում է ջրի երես հանել պոտենցիալ բոլոր մրցակիցներին, ճնշումներ կիրառել նրանց նկատմամբ ու մրցակցությունից դուրս հանել նախքան առաջադրումը։

Ընդդիմախոսներն էլ կարծում են, թե Փաշինյանը ողջամիտ վախ ունի, որ կարող է պարտվել 2026-ին։ Եթե նա վստահ լիներ, որ 2026-ին ժողովուրդն իրեն է ընտրելու, ապա ընտրությունների նշանակումից ամիսներ առաջ ընտրական շտաբի պետ չէր ընտրի, չէր խախտի մեկնարկային պայմանների հավասարության սկզբունքը։ Եվ իրոք՝ հավասար մեկնարկային պայմաններում Նիկոլ Փաշինյանը 2026-ին կարող է պարտվել անկախության ու ժողովրդավարության ջատագով ուժերին, քանի որ ժողովրդի մեծ մասը չի պաշտպանում ներկայիս ռուսամետ կուրսը։

Կարճ ասած՝ նույնիսկ եթե հոգեբաններն ախտորոշեն, որ ՔՊ-ն կտրվել է իրականությունից, միևնույն է անաչառ դիտորդը կարող է կասկած հայտնել, որ ՔՊ շտաբի պետի ընտրությունը ԸՕ խախտում է, որը դուռ է բացելու հետագա ավելի մեծ ու խայտառակ խախտումների համար։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը

Ձեզ գուցե հետաքրքրի