copy image url
Մշակույթ 10 ամիս առաջ - 22:30 06-10-2025

Ջիմ Ջարմուշի ֆիլմի հաղթարշավը Նյու Յորքի կինոփառատոնում

Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 13-ն անցկացվող Նյու Յորքի կինոփառատոնը (NYFF63) առանցքային դեր է խաղում ամերիկյան կինոմշակույթի ձևավորման գործում՝ ավանդույթի համաձայն հանդիսատեսին ներկայացնելով համարձակ և ուշագրավ ստեղծագործություններ ինչպես ճանաչված կինոռեժիսորների, այնպես էլ նորահայտ տաղանդների կողմից։

Ավանդաբար Նյու Յորքի Լինքոլն կենտրոնում (Lincoln Center) անցկացվող փառատոնը 1963 թվականից ի վեր ձևավորել է կինոմշակույթի կարևոր ավանդույթներ և շարունակում է մնալ ամերիկյան ու միջազգային կինոաշխարհի ամենասպասված իրադարձություններից մեկը։

Այս տարի փառատոնի բացումը վստահվել է Լուկա Գուադանյինոյի նոր կինոնկարին՝ «Որսից հետո» (անգլ.՝ After the Hunt), որի ամերիկյան պրեմիերան տեղի ունեցավ սեպտեմբերի 26-ին։ Ֆիլմում հանդես են գալիս այնպիսի աստղեր, ինչպիսիք են Ջուլիա Ռոբերթսը և Էնդրյու Գարֆիլդը։

Կինոփառատոնի կենտրոնական (Centerpiece) ֆիլմի կարգավիճակն այս անգամ ստացել է Ջիմ Ջարմուշի «Հայր, Մայր, Քույր, Եղբայր» ֆիլմը (անգլ.՝ Father Mother Sister Brother), որի համաշխարհային հաղթարշավը մեկնարկեց այս տարվա Վենետիկի կինոփառատոնից:

«Ես չափազանց հպարտ եմ, որ իմ ստեղծագործությունների երկարամյա պատմությունը ներկայացվել է Նյու Յորքի կինոփառատոնում։ Փառատոնը շարունակական ծրագրերով բացահայտել է կինոյի խոր ու բազմազան գեղեցկությունը՝ ինձ պարգևելով ամենամեծ ներշնչանքներն ու հայտնությունները»,- անկեղծացել է Ջիմ Ջարմուշը:



Նյու Յորքի կինոփառատոնի մշակութային գծով տնօրեն և ֆիլմերի ընտրության հանձնաժողովի նախագահ Դենիս Լիմը նշել է․ «Ջիմ Ջարմուշի նոր ֆիլմը ոչ միայն նրա լավագույններից է, այլև համառոտ ներկայացնում է այն ամենը, ինչ մենք սիրել ու գնահատել ենք այս եզակի ռեժիսորի ստեղծագործական աշխարհում։ «Հայր, Մայր, Քույր, Եղբայր»-ը եզակի, առանձնահատուկ, հանճարեղ հումորով և խորապես հուզիչ ֆիլմ է, և մեզ համար պատիվ է այն ներկայացնել այս տարվա ծրագրում՝ որպես կենտրոնական ֆիլմ»։

Նյու Յորքի 63-րդ կինոփառատոնի Main Slate բաժնում ընդգրկվել են 34 ֆիլմեր՝ ապահովելով հեղինակային և գեղարվեստական բազմազանություն։ Spotlight ծրագրում ներկայացված են 12 ֆիլմեր, որոնց թվում՝ երեք համաշխարհային և երկու ամերիկյան պրեմիերա։ Կինոփառատոնի Currents բաժնում ընդգրկված են 16 լիամետրաժ և 24 կարճամետրաժ ֆիլմեր՝ փորձարարական և նորարարական մոտեցումներով։

Հանդիսատեսը հնարավորություն կունենա մասնակցելու բազմաթիվ քննարկումների և հարցուպատասխանների, հանդիպումների․ օրինակ՝ Իթան Հոուքն ու Ուիլեմ Դեֆոն կներկայանան բաց զրույցի ընթացքում, իսկ Anemone ֆիլմի պրեմիերային կմասնակցեն Ռոնան Դեյ-Լյուիսը, Դենիել Դեյ-Լյուիսը և Շոն Բինը։ Մյուս հնչեղ իրադարձություններից է Բրյուս Սպրինգսթինի անակնկալ ելույթը՝ Springsteen: Deliver Me from Nowhere ֆիլմի ցուցադրությունից հետո։

Այս տարվա ծրագրում առանձնանում են մի շարք ֆիլմեր, որոնք ոչ միայն գեղարվեստական, այլև քաղաքական ու սոցիալական կարևոր թեմաներ են բարձրացնում։ Քեթրին Բիգելոուի A House of Dynamite-ը, Ռիչարդ Լինքլեյթերի նոր աշխատանքները (Blue Moon, Nouvelle Vague) և Մարտին Սկորսեզեին նվիրված Mr. Scorsese վավերագրական ֆիլմը դարձել են փառատոնի առանցքային իրադարձություններից։

NYFF63-ի ամենասպասված պահերից մեկն էլ հոկտեմբերի 6-ին նախատեսված «Գաղտնի ցուցադրությունն» է (անգլ. Surprise Screening), որի մանրամասները կազմակերպիչները խնամքով գաղտնի են պահում։ Բացի այդ, ֆիլմերի ցուցադրությունները հասանելի կլինեն ոչ միայն Մանհեթենում, այլև Նյու Յորքի տարբեր շրջաններում՝ Քուինսում, Բրոնքսում և Սթեյթեն Այլենդում։

Փառատոնը կեզրափակվի Բրեդլի Կուպերի Is This Thing On? ֆիլմի համաշխարհային պրեմիերայով։

Նյու Յորքի 63-րդ կինոփառատոնը կրկին հաստատում է իր միջազգային հեղինակությունը՝ համախմբելով համաշխարհային կինոյի նշանավոր դեմքերին, ներկայացնելով համարձակ նորարարություններ և առաջարկելով հարթակ՝ կինոմշակույթի ապագայի շուրջ երկխոսության համար։

Էլեն Դանիելյան





Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում