copy image url
Ներքին 1 տարի առաջ - 10:12 31-08-2025

Փաշինյանը Ծինփինի հետ հանդիպմանը վերահաստատել է Հայաստանի ցանկությունը` անդամակցելու ՇՀԿ-ին

Թիենծին քաղաքում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի հետ:

ՉԺՀ նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի այցը և մասնակցությունը ՇՀԿ գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը: Սի Ծինփինն արժևորել է երկու երկրների միջև առկա բազմադարյա բարեկամական հարաբերությունները և հավելել, որ երկկողմ փոխգործակցությունը կայուն զարգացում է ապրում: Նա շեշտել է, որ ՉԺՀ-ն անվերապահորեն աջակցում է Հայաստանի Հանրապետության քաղաքական անկախությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:

Միաժամանակ, ՉԺՀ նախագահը շեշտել է, որ Չինաստանն աջակցում է ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը: Սի Ծինփինը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը: Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին` նա կարևորել է Հայաստանի հետ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը` ընդգծելով, որ այն պետք է լիարժեք բացահայտի երկկողմ տնտեսական փոխգործակցության ներուժն ու հետևողական քայլեր ձեռնարկի այն իրացնելու համար:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ երկու երկրների միջև ձևավորված քաղաքական երկխոսության բարձր մակարդակն իր արտացոլումն է գտնում նաև միմյանց համար կարևորություն ներկայացնող հարցերում փոխաջակցության ցուցաբերմամբ։

Վարչապետի խոսքով` Հայաստանը վերահաստատում է իր աջակցությունը «Մեկ Չինաստան» սկզբունքին: Երկրի ղեկավարը կարևորել է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջտարածաշրջանային կայունության և ինտեգրացիայի բարձրացմանն ուղղված ՀՀ Կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կյանքի կոչումը և նշել, որ այն լավագույնս կարող է շաղկապվել նաև Չինաստանի «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության հետ, որին Հայաստանն առաջիններից է պաշտոնապես միացել։

Նիկոլ Փաշինյանի խոսքով` երկկողմ բարձր մակարդակի հարաբերություններն այսօրվա հանդիպման արդյունքում նորովի կզարգանան ու կամրապնդվեն: ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ հետևողական կերպով կբարձրանա առևտրատնտեսական համագործակցության մակարդակը, կիրականացվեն ներդրումային համատեղ նոր ծրագրեր: Երկրի ղեկավարը շեշտել է, որ ՀՀ Կառավարությունը շահագրգիռ է չինական ընկերությունների կողմից ՀՀ-ում ներդրումային ծրագրերի ընդլայնմամբ:

Հանդիպման արդյունքներով կողմերը հայտարարել են, որ Հայաստանի և Չինաստանի միջև հաստատվում է ռազմավարական գործընկերություն, ինչի մասին ընդունվում է համատեղ հայտարարություն:

Հանդիպման ընթացքում երկու երկրների առաջնորդները կարևորել են համագործակցության խթանումը նաև գիտության, կրթության, մշակույթի, զբոսաշրջության, տեղեկատվության, չափագիտության և այլ ուղղություններով:

Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի ցանկությունը` անդամակցելու Շանհայի համագործակցության կազմակերպությանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնելու համագործակցությունը ՇՀԿ շրջանակում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում