Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 15:05 30-07-2025

Դեպք ա՝ եղել ա․ էլ պրոբլեմ չունի՞ էս երկիրը․ «Արթմեդի» բժշկին ծեծել են ու դեպքը կոծկել

Oragir.News-ի տեղեկություններով՝ մոտավորապես մեկ ամիս առաջ լեղապարկի բորբոքում և աճուկային ճողվածք ախտորոշմամբ «Արթմեդ» բժկական կենտրոն է տեղափոխվել 71 տարեկան մի կին։ Հիվանդին ընդունել է Որովայնային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արթուր Սահակյանը, անձամբ էլ՝ վիրահատել, որից երեք օր անց, կնոջ մոտ սեպսիս է (թարախային վարակ) սկսվել։

Քանի որ վիճակը կտրուկ վատացել է, նրան տեղափոխել են «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց, հիվանդը գտնվել է վիրաբույժ Հարություն Վարդանյանի հսկողության տակ։ Տարեց կնոջը տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։ Վեց օր հետո նա մահացել է։

Ըստ հավաստի տեղեկությունների՝ մահացած կնոջ բարեկամները փորձել են հաշվեհարդար տեսնել բժիշկ Արթուր Սահակյանի հետ և «Արթմեդում» դաժանորեն ծեծել են նրան, իսկ տասը օր անց՝ ներողություն խնդրել տուժած բժշկից։

Oragir.News-ը փորձեց որոշ հանգամանքեր ճշտել կնոջը վիրահատած բժշկից։

Ինչի՞ց է վրա հասել մահը։ Եթե բռնություն կամ ծեծ է եղել բժշկի հանդեպ, ինչո՞ւ ոստիկանություն չի դիմել նա։ Հարազատին կորցրած մարդիկ ինչո՞ւ են ներողություն խնդրել։

«Ծեծի-մեծի խնդիր չի եղել, ուղղակի բարձր տոնով խոսակցություն է եղել, պատահում է․․․ խնդիրը բժշկական էր․ հիվանդը բավականին ծանր դիաբետ ուներ, իսկ ինֆեկցիայի ընթացքում վիճակն էլ ավելի բարդացավ։ Այդ ամենը չորս օր ընդամենը տևեց։ Այնուհետև, նա տեղափոխվեց «Միքայելյան», որովհետև ինֆեկցիայի հետևանքով երիկամների խնդիր էր առաջացել»,- մեզ հետ զրույցում դեպքը ներկայացրեց բժիշկ Սահակյանը։

Հարցին, թե բժիշկն ինչո՞ւ ոստիկանություն չի դիմել մահացածի հարազատների կողմից իր հանդեպ բռնության և անվայելուչ պահվածքի համար, վերջինս պատասխանեց․

«Դե ի՞նչ դիմեինք… Այո, խոսակցություն եղել է հարազատների հետ, բայց դա եղել է բարձր տոնով, տգեղ իրավիճակ է եղել․․․ Ոստիկանություն դիմելու հարց չկար, որովհետև էդտեղ լիքը մարդիկ են եղել, ականտեսներ կան․․․ Եթե ամեն բանի համար գնաս ոստիկանություն (ծիծաղում է-խմբ․)… Իբր՝ նրանք իրենց գործերը շատ են անում, մնում էր՝ իմ բողոքով զբաղվեին։ Բայց դե, մյուս կողմից էլ, հասկանո՞ւմ եք՝ բժշկական հարցեր են․․․ Դե, հասկանում ենք՝ մայր է մահացել, տարիքով շատ մեծ չէր։ Իսկ սա Հայաստան է։ Հայաստանը գիտեք՝ ոնց ա․․․ Ուրիշ երկրներում է, որ դեպքն ընդունվում է այսպես՝ դեպք ա՝ եղել ա։ Բժշկությունն այնպիսի բան չէ, որ հիվանդի հետ ոչ մի վատ բան չպիտի կատարվի։ Պետք է հասկանալ՝ հիվանդ է, բարդ վիճակ է, վիրահատություն, կարող է և խնդիր լինել»,- բացատրեց մեր զրուցակիցը։

Հարցին՝ մի փոքր անհասկանալի է, թե ինչո՞ւ են վիճաբանությունից հետո հարազատները ներողություն խնդրել, բժիշկն արձագանքեց․ «Շատ հասարակ․ էդ հոգեվիճակը հասկանալի է։ Դե, կարող է՝ մի քիչ խմած են եղել, վրդովված են եղել, բայց հետո հասկացել են, որ իրենք չպիտի անեին մի բան, որը պետք չէր անել, որովհետև այդտեղ որևէ մեկի մեղավորությունը չկար, ոչ ոք չէր թաքնվել իրենցից»։

Եզրափակելով խոսքը, բժիշկ Արթուր Սահակյանը հորդորեց․ «Ես չեմ գտնում, որ դա էն հարցն է, որ պետք է քննարկման առարկա դարձնել․ էլ պրոբլեմ չունի՞ էս երկիրը, որ պետք է սենց անկապ բաների հետևից ընկնել, դա լուրջ բան չէ։ Ես գտնում եմ, որ Դուք ավելի լուրջ գործեր ունեք անելու»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել