copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 17:30 07-05-2025

Քաղաքացիների անտարբերության գլխավոր մեղավորը Փաշինյանն է 

Ժողովրդավարական երկրում քաղաքական անտարբերությունը համակարգային խնդիր է։ Անտարբեր քաղաքացիները չեն մասնակցում ընտրություններին, քաղաքական գործընթացներին, քաղաքական հավակնություններ չեն ներկայացնում, ակտիվություն չեն ցուցաբերում։ Հետևապես՝ ընտրությունների արդյունքները լիարժեք չեն արտացոլում հասարակության տրամադրությունները։ Այսինքն՝ ձևավորվում է ոչ օրինակարգ իշխանություն։

Oragir.News-ն ավելի վաղ հայտնել էր, որ Gallup International Association-ի Հայաստանում լիիրավ անդամի տնօրենի մայիսի 6-ին հրապարակած տվյալներով՝ եթե առաջիկա կիրակի ընտրություներ լինեն, ապա հարցվածների 23.7% -ը չեն մասնակցի ընտրություններին, ոչ մեկին չեն ընտրի 5.5%-ը, կփչացնեն քվեաթերթիկը՝ 4.5%-ը, 6.4% հրաժարվել է պատասխանել, դժվարացել է պատասխանել 18.5%:

Ընդհանրապես, այսպիսի անտարբերությունը հիասթափության, երբեմն՝ հուսահատության ցուցիչ է։ Եվ լուրջ մտահոգության առարկա է, որ հանրության կեսից ավելին այսպիսի անտարբերության մեջ է։ Ինչի՞ց կամ ումի՞ց է հիասթափվել քաղաքացին, ի՞նչն է նրան հուսահատության հասցրել։

Առաջին ենթադրությունը, բնականաբար, առնչվում է գործող իշխանություներին։ Նիկոլ Փաշինյանի օրոք ժողովուրդը մեծ պարտություն է կրել, զավթվել է Արցախը 2020-ին։ 2021-ին ժողովուրդը կրկին վստահել է նրան, ու կրկին մարդկային, տարածքային կորուստներ ունեցել՝ զավթվել է ՀՀ տարածքի մոտ 200 ք/կմ հատվածը, Արցախը հայաթափվել է, դատարկվել ու լուծարվել։ Անկախության պաշտպանության շարժում է հռչակվել, բայց շարժ չկա։ Ժողովրդավարական բարեփոխումները չեն շարունակվում։ ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենք կա, բայց գործընթաց չկա։

Մարդիկ հիասթափվել են քաղաքականություն որոշողից։ Չեն հավատում, որ հնարավոր է հետ բերել կորուստները։ Փաշինյանի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու որոշումը ցույց է տալիս, որ Փաշինյանը նույն աղետաբեր գծի վրա է մնացել։ Ու բնական է, որ մարդիկ չեն հավատում Հայաստանի առաջընթացին։ Իսկ ՔՊ առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ամեն առիթով փորձում է պարտությունների, նահանջների, ձախողումների, հետաձգումների, անգործության, նույն սխալ ուղին շարունակելու օբյեկտիվ պատճառներ ներկայացնել, հիասթափեցնել մարդկանց։

Հուսահատության պատճառներ էլ կան։ ՔՊ-ական պաշտոնյաներն արցախահայերի վերադարձը տեսանելի ապագայում իրատեսական չեն համարում, Արծվաշենը և ՀՀ տարածքից զավթված այլ հատվածները հետ բերելը կապում են սահմանազատման գործընթացի հետ, որը կառավարվում է ռուս-ադրբեջանական չբարեկամների կողմից ու կարող է տևել դարեր։ Սոցիալական բարելավման հույսեր ևս չկան։ Նույն ցածր աշխատավարձերն են, ցածր թոշակը, աղքատությունը, գործազրկությունը, արտագաղթը և այլն։ Այս ամենը կապվում է Փաշինյանի հետ։

Քաղաքական մյուս ակտորների պասիվությունն ու լուրջ ծրագրերի բացակայությունն էլ ամբողջացնում են պատկերը։ Օրեցօր ավելանում են նաև ընտրական ծախսերը։ ՔՊ-ն այսօր մեծ միջոցներ է ծախսում քարոզարշավի վրա, որը վարում է «Կրթվելը նորաձև է» արշավի անվան տակ, հավաքագրում մարդկանց, որոնք դիմում են իշխանություններին իրենց սոցիալական, անձնական խնդիրներով։ Մեկնարկային այսպիսի անհավասար պայմանները ևս հիասթափության ու հուսահատության պատճառների շարքում են։

Կարճ ասած՝ քաղաքացիների կեսից շատի անտարբերության գլխավոր մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։ Մարդկանց անտարբերություներից դուրս բերելու ուղիղ ճանապարհը քաղաքական, բովանդակային բանավեճն է Հայաստանի առաջընթացի, զարգացման ծրագրերի ու գաղափարների միջև։ Ցավոք, ներկայումս բանավեճերը բովանդակային չեն, քաղաքական հավակնությունները մնում են ստվերում, ինչն իր հերթին նպաստում է ժողովրդավարության այլասերմանը։ Այսինքն՝ եթե լուրջ ակտորները քաղաքական բանավեճը չդարձնեն ծրագրային ու գաղափարական, ապա չի բացառվում, որ այլասերված ժողովրդավարության պայմաններում ՔՊ-ից ավելի ապապետական ուժեր կհայտնվեն ասպարեզում, որոնք լկտիությամբ կփորձեն դուրս բերել մարդկանց անտարբերության թմբիրից։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
23:34 Էրեբունու կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը. ArmLur.am
20:38 Դիտարկում եմ Իրանին զանգվածային հարված հասցնելու հարցը, որը կլինի ավելի հզոր, քան բոլոր նախորդները․ Թրամփ
23:19 Ներքին Հանդի դիրքերում հայտնաբերվել է «Lexus» ու վարորդի մարմինը․ մահացածը Արցախյան բոլոր պատերազմների ամենաակտիվ մասնակիցներից է եղել
23:57 Աննախադեպ գտածո Էրեբունիում. հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար
21:23 Էսօր ամենաշքեղ մամայիս ծնունդն ա. Լուիզա Ներսիսյանի դստեր շնորհավորանքն ու կեսգիշերային անակնկալը
19:28 Գործարանը չպետք է դադարեցնի իր գործունեությունը․ Պապոյանն այցելել է «Արարատցեմենտ»
17:35 Ծորակից եկող ջրից սատկած լեշի հոտ էր գալիս․ ֆեյսբուքյան օգտատեր
18:02 Աշխատավարձերի խորը բևեռացում «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում. ղեկավարման խնդի՞ր, թե՞ անարդարություն
18:25 Wildberries-ի վաճառողները բողոքում են անօդաչուների հարվածներից հետո աջակցության բացակայությունից և ցածր փոխհատուցումներից