Ներքին 1 տարի առաջ - 18:05 16-04-2025

Փաշինյանը մասնակցել է Ոստիկանության տարեդարձին նվիրված կոլեգիայի հանդիսավոր նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ներքին գործերի նախարարությունում մասնակցել է Ոստիկանության 107-րդ տարեդարձին նվիրված կոլեգիայի հանդիսավոր նիստին:

Մինչ նիստը՝ Նիկոլ Փաշինյանը և ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ծաղիկներ են խոնարհել Ոստիկանության շենքի բակում տեղադրված հուշատախտակին և հարգանքի տուրք մատուցել հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած ոստիկանների հիշատակին:
Կոլեգիայի նիստում վարչապետը հանդես է եկել ելույթով, շնորհավորել Ոստիկանության բոլոր ծառայողներին տարեդարձի առթիվ, շնորհակալություն հայտնել իրենց ծառայության համար: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ոստիկանությունը պետության կարևորագույն հիմնասյուներից մեկն է, և վերաբերմունքը միշտ էլ եղել է համապատասխան: Երկրի ղեկավարի խոսքով, վերջին յոթ տարում ոստիկանության բարեփոխումների համար ներդրվել է 121 մլրդ դրամ, այսինքն՝ 300 մլն դոլար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, ինչպես նաև շոշափելի և ծանրակշիռ ներդրումներ են իրականացվել միջազգային գործընկերների կողմից։

Վարչապետը վերհիշել է ոստիկանության, պարեկային ծառայության բարեփոխումների ուղին և նշել, որ նոր ավտոմեքենաները, տեխնիկան, հագուստը, ֆիզիկական ենթակառուցվածքը չնայած արդեն իրողություն են, սակայն այդ ամենը ոչ թե նպատակ է, այլ ընդամենը միջոց.
«Այդ ամենը պիտի ծառայի նրան, որ մարդը փոխվի, որովհետև այդ ամեն ինչը, նոր մեքենան իմաստ չեն ունենա, եթե այդ նոր մեքենայի մեջ կամ նոր մեքենայով ծառայություն իրականացնող մարդը չփոխվի։ Այսինքն՝ տեխնիկան փոխվեց, մարդը չփոխվեց: Ի՞նչ ենք ստանալու մենք դրա արդյունքում։ Ստանալու ենք ոչինչ: Եվ ես հիմա հենց այսօր, առավել քան երբևէ, ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել սրա վրա»,-ասել է վարչապետը և հավելել, որ այդ ամենն արվում է, որպեսզի փոխվի ընկալումը աշխատանքի նկատմամբ։
Նիկոլ Փաշինյանի խոսքով, ամեն օր աշխատանքի նկատմամբ ինքներս մեզնից ունեցած պահանջկոտության չափը պետք է աճի, հակառակ դեպքում՝ իրականացված ներդրումները իմաստ չեն ունենա:

Վարչապետն ընդգծել է, որ խոսքը վերաբերում է ոչ միայն ոստիկանության ծառայողին, պետական ծառայողին, այլ նաև քաղաքացիներին.
«Մեր պետության և մեր իրավակարգի նկատմամբ մեր բոլորի վերաբերմունքի ֆունդամենտալ փոփոխություն է պետք: Վերջին շրջանում նաև քաղաքացիների հետ հարաբերություններում և հանդիպումներում մարդիկ շատ հաճախ են այդ հարցը բարձրացնում, ասում են՝ իսկ դուք ի՞նչ բացատրություն ունեք՝ ինչո՞ւ ենք մենք մեզ Հայաստանում պահում մի կերպ, երբ հայտնվում ենք ինչ-որ այլ պետությունում՝ եվրոպական, ամերիկյան, մեզ պահում ենք այլ կերպ: Ո՞րն է սրա բացատրությունը: Ես չեմ ուզում շատ երկար վերապատմել այդ բացատրությունը, բայց պատճառը պետության նկատմամբ մեր վերաբերմունքն է, որովհետև մենք Հայաստանի Հանրապետությանը՝ որպես պետություն, վերաբերվում ենք մի կերպ, այլ պետություններին վերաբերվում ենք շատ ավելի լուրջ։ Եվ սա ֆունդամենտալ պրոբլեմ է և սա արտահայտվում է բոլորիս մեջ»,- ասել Նիկոլ Փաշինյանը:

Ընդգծելով, որ ինստիտուցիոնալ առումով ոստիկանությունը երկրի ներքին անվտանգության, պաշտպանության առաջնային տեսանելի ինստիտուտն է և իրականացված բարեփոխումները ցույց են տալիս պետության ծառայողի, պետության ուսադիրի, պետության խորհրդանիշի նկատմամբ ունեցած վերաբերմունքը՝ երկրի ղեկավարը նշել է.
«Շատ կարևոր է, որ այդ նույն վերաբերմունքը լինի նաև ոստիկանության կողմից, և նաև մենք պետք է ամենօրյա մեր ծառայության մեջ մեր առաջ խնդիր ունենանք, որ նույն վերաբերմունքը լինի նաև քաղաքացու կողմից։ Եվ սա փոխլրացնող գործողություն է։ Այո՛, քաղաքացին պետք է ունենա հարգանք պետության և ծառայության նկատմամբ, ծառայությունը պետք է ամեն օր վաստակի և պաշտպանի այդ հարգանքը: Եվ այդպես շարունակ»։

Իր խոսքում վարչապետն անդրադարձել է նաև քրեական ոստիկանության, համայնքային ոստիկանության ձևավորմանը, խոսել ոստիկանության գվարդիայի ձևավորման մասին ևս:
«Ես ուզում եմ ասել, որ այս ամեն ինչը պետք է նշանակի բովանդակության փոփոխություն և վերաբերմունքի փոփոխություն պետությանը, ծառայությանը, հանրությանը և նաև հանրության վերաբերմունքի փոփոխություն: Այն հարգանքը, որ ունի ոստիկանությունը, մենք պետք է ամեն օրվա մեր աշխատանքով ավելացնենք՝ հատիկ-հատիկ, գրամ-գրամ»,-ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Ամփոփելով խոսքը՝ վարչապետը կրկին շնորհավորել է բոլորին, շնորհակալություն է հայտնել իրականացվող աշխատանքների համար, նշել, որ բարեփոխումն անընդհատ գործընթաց է և կարևոր է, որ բարեփոխման գործընթացը բերի միջանկյալ արդյունքների։

Ոստիկանության օրվա առթիվ, օրինականության և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի և մասնագիտական բարձր պատրաստվածության համար ՀՀ ՆԳՆ մի խումբ ծառայողներ պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրով:

Ամենից շատ դիտված

14:35 Հրաժարվեցի հաջողությունից հոլիվուդյան երազանքի համար. Դավիթ Թադևոսյանի խոստովանությունը ԱՄՆ-ի իրականության մասին
23:26 2.5 ամիս Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով
21:00 ՍԴ-ի որոշումն արդեն հայտնի՞ է․ ՔՊ-ն մատնում է իրեն
20:14 Մենք կարևորություն չենք տալիս մեզ ուղղված զրպարտությանը. մեր պատմությունը չի պարունակում ցեղասպանություն. Էրդողան
23:56 Իրանը բանակցություններ է վարում, բայց հրապարակայնորեն հերքում է դա. Վենս
22:39 Բաքվի ներկայիս բռնապետը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական սալի արանքում. իրանագետ
23:04 Արմավիրում ավտոտնակում կայանված «Chevrolet»-ում կրակ է բռնկվել. այն վերածվել է մոխրակույտի
23:19 Եթե ԱՄՆ-ն խախտի պայմանավորվածությունները, Իրանը պատրաստ է պատերազմի. Ղալիբաֆ
16:41 Երևանում սուպերմարկետի մենեջերը նկարել է աշխատակցուհուն և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել
21:19 Զինված հարձակում Գերմանիայում. կասկածյալը ծագումով թուրք է