«Որովհետև նախկին վարկանիշը այլևս չունի, դրա համար շատ կարճ հանդիպումներ է դնում։ Սա ընդունված տեխնոլոգիա է, որ շատ հակիրճ դնում ես այն, ինչ քեզ է անհրաժեշտ։ Ճիշտ է, նախօրոք բոլորին տանում են, իրենց ուզած մարդկանց են բերում, բայց անգամ այդ դեպքում վստահ չես․ կարող է պատահել, որ քո ուզած մարդը հանկարծ այնպիսի հայտարարություն անի, հատկապես երբ, որ դու ուղիղ եթեր ես, եթե ուղիղ եթեր չես, մոնտաժում ես, կարող է մոնտաժն էլ զգացվի։ Գլխացավանքից, ամեն ինչից հեռու դնում ես կարճ տեսանյութ, մի կողմ ես քաշվում»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը, անդրադառնալով այն հարցին, որ Նիկոլ Փաշինյանը Գյումրի այցի ժամանակ փողոցներով շրջայցն ամբողջական ձևով չի հրապարակել, ի տարբերություն ոչ վաղ անցյալի, երբ նա ցուցադրում էր, թե ինչպես են մարդիկ, ամենուրեք մեծ ոգևորությամբ մոտենում իրեն։
Խոսելով այն մասին, թե ինչու չհրապարակվեց ուսանողների հետ միջազգային հարաբերությունների թեմայով կառավարությունում տեղի ունեցած զրույցը, Բադալյանը նկատեց․ «Չեմ կարող ասել, միգուցե այնպիսի հարցեր են տրվել, որ պատասխաններ չեն եղել, և կարող էր ցույց տրվել իր չիմացությունը։ Միգուցե նպատակահարմար չի եղել, միգուցե այնտեղ հայրենասիրական հարցեր են տվել, որոնց պատասխաններն ինքը չի կարողացել տալ»։