copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 12:50 13-02-2025

Դիվանագետներին ցուցադրաբար «կոտրում» են. Աննա Հակոբյանի նոր թիրախը

ՀՀ արտաքին քաղաքականությունն ունի շատ բացեր։ Առաջին հերթին՝ չկա իրականությանը համապատասխանող արտաքին քաղաքական հայեցակարգ, որն ուղենիշ կհամարվի արտաքին քաղաքականություն որոշողների, իրականացնողների համար։ Սակայն պարզվում է՝ օբյեկտիվ խնդիրներից զատ կան նաև սուբյեկտիվները։ Օրեր առաջ դիվանագիտական էթիկայի խնդրին է ուշադրություն դարձրել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, համապատասխան գրառում կատարելով Ֆեյսբուքի իր էջում.

«ՀՀ դիվանագիտական համայնքը շատ յուրահատուկ է, ունի իր ուրույն լեզուն, իր ուրույն նիստուկացը, իր ուրույն շփման եզրույթներն ու ոճը։ Եւ եթե այս ամենը տեղավորենք մեկ հավաքական կերպարի մեջ, այն կբնորոշվի որպես քայլող, խոսող, շնչող-արտաշնչող մի մեծ բարդույթ։ Անվստահ, միշտ շփոթված, առանց հստակ պատկերացման, հստակ տեսլականի։ Եվ այս իրավիճակն ունի իր բացատրությունը, օբյեկտիվ պատճառները»։

Տիկին Հակոբյանը նկատում է նաև, որ «մեր դիվանագիտական ուրույն լեզուն ունի մի օրինաչափություն։ Գրեթե բոլորը, անկախ ռանգից, պաշտոնից ու կարգավիճակից, հյուրընկալ երկրի մասին խոսելիս ասում են «սրանք»։ Օրինակ՝ «սրանց հետ պետք է այսպես», «սրանք սիրում են, որ…», «ուզում ենք սրանց բերենք ՀՀ», «աշխատում ենք սրանց վրա էս ուղղությամբ» եւ այլն։ Այսպես արտահայտվում են հավասարապես եւ՛ ԵՊՀ-ում կրթություն ստացած, եւ՛ Օքսվորդի համալսարանում կրթություն ստացած դիվանագետները։ Այսպես արտահայտվում են եւ՛ այդ մարդկանց բացակայությամբ, եւ՛ այդ մարդկանց տարբեր ներկայացուցիչների ներկայությամբ»։

Ի՞նչ օբյեկտիվ պատճառների մասին է ակնարկում Աննա Հակոբյանը։ Եվ ինչո՞ւ ՀՀ դիանագետները չեն արձագանքում այս վիրավորական դիտողություններին։

Ենթադրաբար՝ օբյեկտիվ պատճառների առաջին շարքում այն խոսույթն է, որն ընդօրինակում են Նիկոլ Փաշինյանից։ Այսինքն՝ ՀՀ դիվանագետներն այս վերաբերմունքն ընդօրինակել են Փաշինյանից, նրանից են լսել ու կրկնում են։ Ենթադրյալ երկրորդ պատճառը ՔՊ-ական իշխանության կողմից հաստատված էթիկայի նորմերն են։ ՔՊ ներսում, ներքին քննարկումներում այդպես են խոսում, դիվանագետներն էլ են այդպես խոսում։ Եթե դիվանագիտական լեզուն առանձին մաքրվի, իսկ վարչապետի կամ ՔՊ-ի լեզուն մնա նույնը, ապա դիվանագետները կխորթանան, կօտարանան երկրի ղեկավարից, քաղաքական թիմից, ինչն ավելի վատ է, քան էթիկայի բացակայությունը։

Ուշագրավ է նաև դիվանագիտական կորպուսի թիրախավորումը, երբ ակնարկներ են պտտվում անկախության պաշտպանության ուղղությամբ քայլերի և արտաքին քաղաքական կուրսի էական բեկման մասին։ Ենթադրելի է, որ առաջիկայում որոշ դեսպաններ պաշտոնանկ կարվեն էթիկայի նորմերը խախտելու պատրվակով։ Ենթադրելի է նաև, որ դիվանագիտական նոր նշանակումներին կնախորդի արտաքին քաղաքական նոր կուրսի հաստատումը։ Այսինքն՝ դիվանագետի էթիկայի թեման բացելով, ակնարկում են կուրսի առաջիկա հնարավոր փոփոխությունները Արևմուտքի հետ հարաբերությունների խորացման համատեքստում։ Իսկ եթե այս լավատեսական ենթադրությունն իրական չէ, և որոշ դեսպանների առաջիկա պաշտոնանկությունները քաղաքական համատեքստ չեն ունենալու, ապա վարչապետի տիկնոջ գրառումն ընդամենն ապտակ է քաղաքականություն որոշողին ու ամբողջ թիմին։

Այս խառը ենթադրությունների արանքում էլ, հավանաբար, խճճվել են ՀՀ դիվանագետները և չեն պատկերացնում, թե ինչպես վերաբերվեն իրենց հասցեագրված վիրավորական բնորոշումներին՝ պաշտպանվե՞ն, հակադարձե՞ն, թե՞ լռելյայն տեղավորվեն «քայլող, խոսող, շնչող-արտաշնչող մի մեծ բարդույթ» որակված «հավաքական կերպարի մեջ»։

Կարճ ասած՝ հույս կա, որ մասնագիտական ինքնասիրություն ունեցող դիվանագետները ինչ-որ կերպ կարձագանքեն այս վիրավորանքին, կպարզաբանեն դրա հիմքերը, համատեքստը և այլն։ Մինչ այդ՝ տպավորություն է, թե նրանց պարզապես ու ցուցադրաբար «կոտրում են», ինչպես հոգեբանները կոտրում են բարդույթները։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
23:50 Խլված մանդատներով ձևավորված խորհրդարանը կարող է ունենալ աթոռներ, բայց ոչ երբեք՝ ժողովրդի վստահությունը
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում