copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 22:34 09-12-2024

Փրայմերիզն էլ պղծեցին

Գյումրիում քաղաքապետի պաշտոնակատարի ընտրությունը հերթական անգամ ցույց է տալիս, որ ՔՊ-ն շատ հեռու է ժողովրդավարությունից և քաղաքականությանը վերաբերվում է այնպես, ինչպես խորհրդային բռնազավթման տարիներին, երբ միակուսակցական համակարգ էր, մրցակցություն չկար, բայց ձևական ընտրություններ էին անցկացվում։ Ինչո՞ւ է ՔՊ-ն արհամարհական վերաբերմունք դրսևորում քաղաքականության և ժողովրդավարության հանդեպ։

Առաջին ակնհայտ բացը թեկնածուների ծրագրերի բացակայությունն է։ Նախընտրական քարոզարշավ չի եղել։ Անհայտ է, թե օրենքը վերաձևելով նշանակվող պաշտոնակատարն ինչքան ժամանակ է պաշտոնավարելու՝ մի քանի շաբա՞թ, ամի՞ս, թե՞ տարի։ Նույնիսկ՝ եթե ԺՊ-ն մի քանի շաբաթ պաշտոնավարի, ընտրողներն իրավունք ունեն իմանալու, թե ընտրվող, այնուհետև նշանակվող պաշտոնակատարն ի՞նչ է անելու այդ ժամանակահատվածում, ի՞նչ ծրագրեր, գաղափարներ է իրականացնելու քաղաքում, դրանցից ի՞նչ է շահելու գյումրեցին։

Եթե ուզում էին փրայմերիզ անել, ապա թեկնածուներին արտահայտվելու հնարավորություն պիտի տային։ Մասնավորապես՝ պիտի հրավիրեին հանրահավաքներ, որոնց ժամանակ թեկնածուները հանդես կգային ծրագրային ելույթներով, կներակայացնեին իրենց թիմերին։ Սակայն ՔՊ-ն այդպես չի վարվում, ինչը կասկածներ է հարուցում։ Հրապարակային միջոցառումներ չանցկացնելը վկայում է, որ ՔՊ-ն քաղաքում այնքան քիչ համակիրներ ունի, որ ամաչում է հանրահավաքներ կազմակերպել։ Եթե հանրահավաք անեին, ապա դրան մասնակցող ՔՊ անդամներն ու համակիրները հանրային արձագանքով, ծափերով, վանկարկումներով, սուլոցներով իրենց վերաբերմունքը կհայտնեին։ Գուցե կպարզվեր, որ թեկնածուներից մի քանիսը խոսել չգիտի կամ կիսագողական բառապաշար ունի։ Կարճ ասած՝ առանց հրապարակային հանդիպումների՝ փարյմերիզներ չեն լինում։ Այս առումով՝ Գյումրիում անցկացվող ՔՊ-ական փրայմերիզը կեղծ է։

Եթե ծրագիր, գաղափար չկա, ապա գյումրեցին ինչպե՞ս է ընտրելու, ի՞նչն է հաշվի առնելու ընտրելու ժամանակ։ Ենթադրելի է, որ այս ապաքաղաքական, ապագաղափարական ընտրության ժամանակ ընտրելու միակ չափանիշը լինելու է անձնական կապը։ Այսինքն՝ ով շատ բարեկամներ, ախպերներ ունի Գյումրիում, նա էլ շատ ձայներ է հավաքելու։ Սա արդեն քաղաքական միջոցառում չէ։ Սա դեռահասների փողոցային կռիվ է հիշեցնում, որտեղ հաղթում է շատ ախպերներ հավաքողը։

Ահա, թե ՔՊ-ն ինչի վերածում քաղաքականությունը և ինչպես է պղծում փրայմերիզը։

Ի վերջո՝ նախընտրության արդյունքները նույնպես կասկածելի են։ Քվեատուփով բնակարաններ գնում էին 90-ականներին։ «Շրջիկ քվեատուփ» անվանումն այդ տարիներից է մնացել։ Այս տարիներին շրջիկ քվեատուփով օրվա վերջում շրջում էին իշխանության թեկնածուի մարդիկ, ու որպես կանոն՝ լցոնում այն։ Այս դեպքում ևս կասկած կա, որ լցոնումներ են լինելու, քանի որ ՔՊ-ն արհամարհում ոչ միայն օրենքն, այլև ժողովրդի կարծիքը։ Դիտորդների բացակայությունն այս միջոցառման ժամանակ ևս հիմք է տալիս կասկածելու դրանց արդարությանը։ Օրինակ՝ եթե թեկնածուներից մեկը կեղծի, ո՞վ է նրա ձեռքը բռնելու։

Պարզ ասած՝ ՔՊ-ն Գյումրիում փրայմերիզի տնազ անցկացնելով, ցույց տվեց, որ ժողովրդականություն չունի, օրենքի դեմ է, արհամահում է ժողովրդավարությունը, ժողովրդի կարծիքը, չի հարգում քաղաքական մրցակցությունը, իսկ Փաշինյանի կողմից նշանակվելու հավակնություն ունեցողները կառավարման գաղափարներ ծրագրեր չունեն, այլ ձգտում են միայն իշխանություն ունենալ ու տնօրինել հարկատուների միջոցները։ Այս կեղծ, ապաքաղաքական, ապաժողովրդավարական միջոցառումն ավելի գցեց ՔՊ-ի վարկանիշը, իսկ Փաշինյանն այս կեղծիքի, ապօրինության պատասխանատվությունը գցեց ժողովրդի գրպանը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ