copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:54 12-10-2024

Հայաստանի նախագահը մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորություն է տեսնում

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հնարավորություն է տեսնում, որ մինչև տարվա վերջ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության համաձայնագիր կստորագրեն։

Հայաստանի նախագահն այս մասին ասել է «Արմենպրես»-ին և «Շանթ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականությանն այն իրավիճակում, երբ Ադրբեջանի կողմից Հայաստանի հասցեին պարբերաբար սպառնալիքներ են հնչում, իսկ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար Ադրբեջանն անընդհատ նոր պահանջներ է առաջ քաշում։

Նախագահի խոսքով՝ շատ ցանկալի է, որ Հայաստանը և Ադրբեջանը խաղաղության պայմանագիրը ստորագրեն Բաքվում կայանալիք COP29 գագաթնաժողովից առաջ, բայց դա կարող է չստացվել։ «Բայց ավելի մոտ ժամանակներում, միգուցե, COP29-ից հետո՝ մինչև տարվա վերջ, մենք հնարավորություն կունենանք խաղաղության համաձայնագիրը ստորագրել, քանի որ դրա հիմնական բովանդակությունը երկու կողմերի համար էլ ընկալելի է», - ասաց ՀՀ նախագահը:

Նրա խոսքով՝ ինչպես կյանքում, այդպես էլ քաղաքականության մեջ ամեն ինչ հեշտ չի ստացվում կամ տրվում:

«Պետք է մեր գաղափարները համբերատար առաջ տանել, թեկուզ բոլոր այն հայտարարությունների ֆոնին, որոնք շատ անհանգստացնում են ինչպես մեր հասարակությանն, այնպես էլ մեզ: Մենք փորձում ենք այդ ամեն ինչին պատասխանել այնպիսի քայլերով, որոնք իրականում ոչ թե իրավիճակը կսրեն, լարվածությունը կմեծացնեն, այլ միտված կլինեն հենց խաղաղության հաստատմանը», - նշեց ՀՀ նախագահը:

Վահագն Խաչատուրյանը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ այն հայտարարությունները, որոնք արել են Հայաստանի Հանրապետության վարչապետը և պետական իշխանության տարբեր ներկայացուցիչներ խաղաղության պայմանագիրը հենց այս պահին ստորագրելու պատրաստակամության վերաբերյալ, ուժի մեջ են:

«Բայց ադրբեջանական կողմից էլ, իհարկե, որոշակի խնդիրներ են մեջտեղ բերվում, որոնց հետևանքով այդ ամեն ինչը հետաձգվում է։ Բայց այն, ինչ կատարվել է վերջին տարիների ընթացքում, այն, ինչին մենք հիմա հասել ենք և, կարծես թե, վերջին փուլում ենք գտնվում, հեշտ չեն տրվել»,- ասաց Խաչատուրյանը:

Նախագահի դիտարկմամբ՝ խաղաղության հաստատման ուղղությամբ իրականացված քայլերը երկարաժամկետ և մանրակրկիտ աշխատանքի արդյունքում են եղել, ու հիմա էլ այդ աշխատանքները կատարվում են:

«Խաղաղությանն այլընտրանք չկա. պատերազմելու ցանկություն Հայաստանի կողմից ընդհանրապես չկա՝ չնայած հակառակ կողմից այդպիսի հայտարարություններ են արվում, որ մենք իբր թե պատրաստվում ենք նման գործողությունների: Մենք Հայաստանի Հանրապետությունում ապրող մարդիկ ենք, և բոլորս էլ տեսնում ենք, որ իրականում մենք այլ աշխատանքով ենք զբաղված, որը միտված է մեր երկրի պաշտպանունակությունը մեծացնելուն։ Դրան զուգահեռ, իհարկե, մենք զբաղվում ենք մեր տնտեսության և առօրյա խնդիրների լուծմամբ: Միանշանակ է, որ մենք պետք է շարունակենք մեր քաղաքականությունը խաղաղություն հաստատելու համար, և այն քայլերը, որոնք հիմա կատարվում են, միտված են միայն դրան: Թե որքանո՞վ կստացվի, ես հիմա չեմ ցանկանում կանխատեսումներ անել, և դրա կարիքն էլ չկա, որովհետև դա ի վերջո արդյունքի է բերելու, և մենք կարողանալու ենք հասնել նրան, որ հարևան բոլոր երկրների հետ ապրելու ենք խաղաղ, բարիդրացիական պայմաններում»,-նշեց ՀՀ նախագահը:

Նախագահը նշեց, որ այն, ինչ տեղի է ունենում Հարավային Կովկասում և դրանից դուրս, մեկ անգամ ևս հուշում է, որ ավելի լավ է թեկուզ մի փոքր երկար գործընթացի արդյունքում, բայց հասնել վերջնական խաղաղության, քան թե դրանով չզբաղվել և մի օր ուղղակի արթնանալ և տեսնել, որ գտնվում ես պատերազմական վիճակում:

«Դա իշխանության ներկայացուցիչների ամենօրյա աշխատանքն է, որն առաջնահերթ է, խլում է ռեսուրսներ, բայց ի վերջո մենք նաև դրա համար ենք, որ կարողանանք այդ հարցերը լուծել»,- ընդգծեց ՀՀ նախագահը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից