Մանումենտի բարձունքում՝ Ուլնեցի փողոցի վերջնամասում գտնվող X զորամաս-հուշահամալիրը, որը նվիրված է արցախյան բոլոր պատերազմներում զոհված հերոսներին, սկսել են քանդել։
Զոհված զինծառայողների ծնողները
Oragir.News-ի հետ զրույցում բողոքում են, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ուղիղ 1 տարի առաջ եղել էր նշված վայրում և խոստացել, որ կանեն ամեն ինչ, որպեսզի տարածքը չքանդեն։
«Հունիսի 26-ին Տիգրան Ավինյանը թաղապետի և քաղաքապետարանի աշխատակիցների հետ եկավ X զորամաս, շրջեց, այնուհետև լրագրողների աչքից հեռու՝ ծնողների և տարածքի սեփականատիրոջ հետ սկսեց քննարկել հնարավոր տարբերակները, որպեսի հուշահամալիրը չքանդվի։
Այդ ժամանակ Ավինյանը քաղաքապետի տեղակալն էր, ասաց՝ առաջարկում եմ այս շրջակայքի հողերը քաղաքապետարանի Անշարժ գույքի վարչությունը նայի։ Եթե կլինեն համայնքային հողեր, ապա սեփականատիրոջը ընկալելի ու ընդունելի փոխհատուցում կտանք, փոխանակում կանենք։ Նաև աճուրդներից խոսեց և այլն։ Մի խոսքով՝ տպավորություն ստեղծվեց, որ հարցը լուծվում է։ Հետո ծնողներից մի քանիսը հանդիպել էին Ավինյանի հետ, ասել էր՝ սեփականատիրոջը դիմել են, որ ժամանակավորապես նշված վայրում աշխատանքներ չկատարի,մինչև իրենք լուծում տան դրան։
Անցավ քարոզարշավը, Ավինյանը դարձավ քաղաքապետ, 6 ամիս հետո սեփականատերը ասաց՝ պետք է ազատվի տարածքը»,- դժգոհեցին զոհված զինծառայողների ծնողները։
Նրանց խոսքով՝ իշխանություններն ի դեմս Տիգրան Ավինյանի, առիթը բաց չթողեցին ընտրությունների նախաշեմին այս խնդիրը օգտագործել ի շահ իրենց.
«Ավինյան, դու եկար այստեղ, խոստացար, որ հարցը կլուծես, եթե չլինի, Կառավարության միջոցով կփորձես լուծել, բայց թույլ չես տա, որ քանդեն սրբավայրը։ Ո՞նց եղավ, որ քաղաքապետ դարձար ու ոչինչ չկարողացար անել։ Դու խաբել ես մեզ»,- ասացին ծնողները։
Oragir.News-ն օրեր առաջ է եղել X զորամասի տարածքում, ֆիքսել, որ քանդման և ապամոնտաժման աշխատանքներ են իրականացվում։ Ընդ որում՝ դրանք անում են, ոչ թե հայերն, այլ օտարերկրացիները։
«Հայի ձեռքը չգնաց, որ քանդի, հնդիկներն են քանդում»,- ասել էր Աղաբեկ Խաչատրյանը՝ Բեկը, որը անձամբ էր կառուցել հուշահամալիրը։
Oragir.News-ը պարզաբանում ստանալու նպատակով այսօր կապ հաստատեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի հետ, վերջինս փոխանցեց Տիգրան Ավինյանի մեկնաբանությունը։
«Տիգրան Ավինյանի խոսքի հիման վրա սեփականատերը շուրջ 1 տարի ոչ մի գործողություն չի արել, որևէ քանդման աշխատանքներ չի արել՝ հաշվի առնելով քաղաքապետի խոսքը, որ այս փուլում որևէ գործողություն մի արեք, մինչև հասկանանք՝ ինչ տարբերակներով է հնարավոր այս հարցը լուծել։ Բայց քանի որ դա տվյալ մարդու տարածքն է, այդ մարդը, ենթադրաբար, այդ տարածքի հետ կապված այլ պլաններ ունի, որոնց վերաբերյալ գոնե այս պահին մեզ որևէ բան հայտնի չէ։ Այսինքն՝ որևէ շինթույլտվություն, նախագիծ չի ներկայացրել, որ մենք էլ ասենք, ինչ-որ բանի համաձայնություն ենք տվել, կամ մերժել ենք։ Փաստացի՝ 1 տարի որևէ գործողություն չի արվել։ Այդ մարդն էլ սպասել է, թե ծնողներն ինչ լուծում են գտնելու, ուր են տեղափոխելու, ինչ են անելու։ Ցավոք սրտի՝ մեր գործողություններն այդքանով ավարտվել են, քանի որ իրավական և մնացած այլ տեսանկյունից մենք որևէ լծակ ու ազդեցություն չունենք այդ մարդու սեփական տարածքի վրա»,- քաղաքապետի մեկնաբանությունը փոխանցեց մամուլի խոսնակը։