copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 20:08 13-05-2024

Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան

Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները կրկին ցույց են անցկացրել Թբիլիսիում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մանրամասնելով, որ մի քանի հարյուր մարդ՝ հիմնականում բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներ, Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացրել օտարերկրյա գործակալների մասին օրինագծի դեմ։

Ցուցարարարները պարզել են Վրաստանի և ԵՄ դրոշները, ինչպես նաև օրինագիծը հետ կանչելու պահանջով պաստառներ։
Ըստ աղբյուրի՝ Ռուսթավելի պողոտայում, որտեղ գտնվում է խորհրդարանը, արգելափակված է երթևեկությունը։
Ակցիայի վայրում հերթապահություն են իրականացնում ոստիկանության ուժերը։

Մայիսի 13-ին Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը երրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծին։

Կանոնակարգի համաձայն՝ երրորդ ընթերցմամբ օրինագծում նախատեսվում էին խմբագրական փոփոխություններ։ Ոչ ոք խմբագրական բնույթի դիտողություններ չի ունեցել, և նախագիծը երրորդ ընթերցման համար ուղարկվել է լիագումար նիստի քննարկման։

«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի հակառակորդները հանրահավաքներն անցկացնում են մայիսի 12-ից։ Նրանք խորհրդարանին են մոտեցել Ռուսթավելի պողոտայով և գիշերը մնացել այնտեղ, որպեսզի մայիսի 13-ի առավոտյան պատգամավորներին խանգարեն սկսել նախաձեռնության երրորդ ընթերցմամբ քննարկումն իրավական հարցերի հանձնաժողովի նիստում։ Մայիսի 13-ի առավոտյան ոստիկանությունը ցուցարարներին հեռացրել է խորհրդարանի ծառայողական մուտքերից: Ձերբակալվել է 20 մարդ, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի քաղաքացիներ։

Վրաստանի խորհրդարանը մայիսի 1-ին երկրորդ ընթերցմամբ հավանություն է տվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծին։ Դրա դեմ հանդես են եկել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ընդդիմությունը և արևմտյան դիվանագետները, որոնք այն համարում են խոչընդոտ Եվրամիությանը հանրապետության ինտեգրման համար։ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ օրինագծի նպատակը երկրի ակտիվ քաղաքացիական հասարակության խաթարումն է:

Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության առաջնորդները պնդում են, որ օրինագիծը ծառայում է միայն ոչ կառավարական հատվածի և լրատվամիջոցների՝ արտասահմանից ֆինանսավորման թափանցիկության ապահովմանը։ Զուրաբիշվիլին ասել է, որ վետո կդնի օրինագծի վրա, եթե այն ընդունվի բոլոր երեք ընթերցումներով:

Ապրիլի 15-ից Թբիլիսիում ընդդիմությունն ու քաղաքացիական ակտիվիստները ցույցեր են անցկացնում՝ ընդդեմ օրենքի ընդունման։ Մի քանի անգամ ցույցերը վերաճել են բախումների․ Վրաստանի խորհրդարանի մոտ ցուցարարներին ցրելու համար իրավապահներն օգտագործել են արցունքաբեր գազ և ջրանետիչներ:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ