Ներքին 2 տարի առաջ - 15:13 03-04-2024

ՊԵԿ-ը կառուցապատման ոլորտում բացահայտել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նոր դեպք

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է պայքարը կառուցապատման ոլորտում հարկեր չվճարելու նպատակով հարկման օբյեկտները թաքցնելու, հարկային մարմնի հսկողության ենթակա այլ իրավախախտումներ կատարելու արատավոր երևույթների բացահայտման և կանխման ուղղությամբ:

Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 8 բաժին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևան քաղաքի Ուլնեցու փողոցում բազմաբնակարան շենքի կառուցապատման գործունեություն իրականացնող ՍՊ ընկերություններից մեկն առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով թաքցնում է հարկման օբյեկտները` օտարվող բնակարանների գնման իրավունքների պայմանագրերում պակաս են նշվում բնակարանների իրական արժեքները, իսկ գումարի մնացած մասը, խախտելով «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի պահանջները՝ ստանում են կանխիկ եղանակով:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում հաստատվել են ստացված տեղեկությունները: Պարզվել է, որ տվյալ ընկերության կողմից Ուլնեցի փողոցում կառուցվող բազմաբնակարան շենքից բնակարանների գնման իրավունքների օտարման պայմանագրերում 1 քմ-ի արժեքը նշվել է 407․692-768.492 դրամ, մինչդեռ ըստ ստացված տեղեկությունների՝ 1 քմ-ի իրական արժեքը կազմել է 911.961 ՀՀ դրամ։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում, ՍՊ ընկերության անունից հանդես եկող, ընկերության տնօրեն և մասնակից Դ․Ա․-ի հայրը՝ Ս․Ա․-ն, բնակարանի գնորդի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել 104․1 քմ մակերեսով բնակարանը 235․000 ԱՄՆ դոլարով վաճառելու վերաբերյալ: Պահանջել է նաև գումարի մի մասը կանխիկ տրամադրել իրեն։ Այնուհետև բնակարանը օտարելու նպատակով, խախտելով ՀՀ դրամով գործարքներ կատարելու՝ «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենսդրական պահանջները, ընկերության բակում գտնվող գրասենյակային տարածքում, Ս․Ա․-ն բնակարանի գնորդից կանխիկ եղանակով ստացել է 100․000 ԱՄՆ դոլար, որի կապակցությամբ կազմել և գնորդին է տրամադրել ձեռագիր հայտարարություն։ Գումարը ստանալու վերաբերյալ հայտարարությունը գնորդին տրամադրելուց անմիջապես հետո Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից Ս․Ա․-ն և գործարքի կատարմանը ներգրաված Հ․Ա․-ն հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և բերվել են ՀՕՀ վարչություն։

Առերևույթ հանցանքի վերաբերյալ ՊԵԿ ՀՕՀ վարչությունից հաղորդում է ուղարկվել Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն՝ ներկայացնելով նաև ձերբակալված անձանց և կազմված փաստաթղթերը։

Ս․Ա․-ի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ 2 ամիս ժամկետով։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի