copy image url
Միտք Ներքին 2 տարի առաջ - 09:00 19-03-2024

Տավուշի գյուղերի հանձնումը կնպաստի պատերազմի սկսմանը 

Տավուշի մարզի անկլավային և ոչ անկլավային գյուղերը հանձնելու են Ադրբեջանին։ Այս մասին աներկբա ասելու համար Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին մեծ շքախմբով այեցել էր Ոսկեպար, Բաղանիս, Տավուշի մարզպետարան։ Գյուղացիների հետ հանդիպման ժամանակ նա տեղեկացրեց, որ մտադիր են սահմանազատումը սկսել այս գյուղերից։

«Մեր քաղաքականություն այն է, որ պետք է թույլ չտանք պատերազմի սկսում։ Եվ այդ է պատճառը, որ մենք որոշել ենք, որ պետք է գնանք այս հատվածներում Հայաստանի սահմանների ճշգրտման։ Ու դա անում ենք ոչ միայն հանուն Հայաստանի Հանրապետության, այլև կոնկրետ Ոսկեպար գյուղի, Կիրանց գյուղի համար, որպեսզի ապահովենք այդ գյուղերի անվտանգությունը»,- ասել է Փաշինյանը։

Փորձագետները կանխատեսում են, որ Ադրբեջանի տարածքային պահանջները բավարարվելու են այս տարի։ Արդեն ապրիլից սկսվելու են հողային աշխատանքներ։ Ենթադրվում է, որ ադրբեջանական պաշտոնյաներ են ժամանելու Հայաստան և ռուս սահմանապահների օգնությամբ սահմանանշելու են ադրբեջանական գյուղերը։ Իսկ ՔՊ-ական կառավարությունը այդ տարածքներում սեփականություն ունեցող ՀՀ քաղաքացիներին փոխհատուցելու ծրագրերն արդեն քննարկում է մարզպետարանի հետ։ Անհասկանալի է միայն, թե ի՞նչ կապ ունի այս տարածքների հանձնումը ռուս-ադրբեջանական ագրեսիան կանխելու հետ։

Իրականում՝ այս գյուղերը հանձնելը պատերազմը չի կանխելու։ Հակառակը՝ Տավուշի մարզի գյուղերի տարածքները հանձնելով, ագրեսիայի հավանականությունը մեծանում է, քանի որ չբարեկամները ստանում են դիրքային առավելություն, իսկ ՀՀ-ն լոգիստիկ դժվարություններ։ Ինչու՞ է ՔՊ-ական իշխանությունն այսպիսի զիջումների գնում և անվտանգային սպառնալիքներ ստեղծում։

Հիշենք, որ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայատարարության երկու տարբերակ է հրապարակվել։ Առաջին տարբերակում Տավուշի մարզի անկլավային և ոչ անկլավային գյուղերի հանձնման մասին կետ կար, երկրորդի մեջ չկար։ Հետագայում Նիկոլ Փաշինյանը պարզաբանել էր, որ Տավուշի գյուղերի մասին կետն իր պահանջով է հանվել եռակողմ հայատարարության տեքստից։ Վերջին օրերի զարգացումները, սակայն, հիմք են տալիս ենթադրելու, որ տավուշյան գյուղերը հանձնելու թեման ոչ թե փակվել է, այլ հետաձգվել։ Այսինքն՝ Փաշինյանն այժմ կատարում է Պուտինին և Ալիևին խոստացած զիջումները, որոնք հայտարարության տեքստում չեն նեռարվել, բայց դրանց վերաբերյալ պայմանավորվածությունն ուժի մեջ է։

Կա լավատեսական ենթադրություն, ըստ որի՝ այս գյուղերի հանձնման դիմաց Ադրբեջանը ՀՀ-ին է հանձնելու հայկական 31 գյուղերի տարածքները, այդ թվում Սյունիքի մարզում ռուս սահմանապահների օգնությամբ զավթված տարածքները, ինչպես ակնարկել է Փաշինյանը մարտի 18-ին գյուղացիների հետ հանդիպման ժամանակ։ Նկատենք, որ ռուս-ադրբեջանական ուժերի կողմից Սյունիքում զավթված տարածքներն աշխարհաքաղաքական նշանակություն ունեն, քանի որ խափանում են Հարավ-հյուսիս միջազգային ավտոճանապարհի գործարկումը։ Հետևաբար՝ հայկական 31 գյուղերի տարածքները հանձնելը կնշանակի, որ ՌԴ-ն իրեն պարտված է ճանաչում, հրաժարվում է այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքից», ՀՀ ճանապարհները վերահսկելու նկրտումներից, չի խափանելու Հարավ-հյուսիս միջազգային նախագիծը, դառնալու է ժողովրդավարական պետություն և այլն։ Ներկայում Մոսկվան նման նահանջի նշաններ ցույց չի տալիս։ Հետևաբար՝ հայկական 31 գյուղերի տարածքների վերադարձման մասին լավատեսությունն իրականության հետ աղերս չունի։

Պարզ ասած՝ քանի որ ՀՀ-ն անվտանգային հայեցակարգային փոփոխություն չի կատարել և մնում է Փաշինյան-Պուտին-Ալիև պայմանավորվածությունների ծիրում, ուստի՝ հայկական 31 գյուղերի տարածքների ու Արծվաշենի վերադարձման հարցերը մեծ քաղաքական օրակարգում չեն հայտնվի։ ՔՊ-ական իշխանությունը ՀՀ իրավունքները վերականգնելու ներուժ չունի, չբարեկամներին ՀՀ-ից դուրս հրավիրելու քաղաքական կամք նույնպես չունի։ Ու եթե առաջիկայում ՔՊ-ական իշխանությունը շարունակի նույն անդեմ, անսկզբունք, անպատասխանատու քաղաքականությունը, ապա ոչ միայն կհանձնի Տավուշի գյուղերը, այլև կնպաստի պատերազմի սկսմանը, դրանից բխող աղետալի հետևանքներով։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
23:39 Ուկրաինան հшրվածել է ռուսական նավթավերամշակման գործարանին 2,500 կմ-ի վրա. Զելենսկի
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են
21:03 Ապրում եմ իմ երազած կյանքով. Արուսիկ Տիգրանյանի անկեղծացումն ու ընտանեկան կադրերը