copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:20 31-01-2024

Չեմ վստահե թուրքին, չեմ էլ հասկնա, թե մեր ղեկավարությունը ընչի է ըդպես շահագրգռված. սահմանամերձ գյուղի բնակիչ

Ժամանակ առ ժամանակ խոսակցություններ, իսկ դրանից հետո էլ ինչ-որ գործընթացներ են սկսվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Պատմաբանների և թուրքագետների կարծիքով` հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացից առանձնապես ակնկալիքներ չպետք է ունենալ, որովհետև Թուրքիային չեն հետաքրքրում Հայաստանի հետ սահմանների բացումը, ճանապարհների ապաշրջափակումն ու տնտեսական կապերի հիմնումը։ Նրանց միակ նպատակը` բացել Զանգեզուրի միջանցքը և իրականացնել «Մեծ Թուրանի» ծրագիրը։

Oragir.News-ի լրագրողը շրջել է Շիրակի սահմանամերձ գյուղերում՝ Երազգավորս, Ախուրիկ և լսել գյուղացիների կարծիքը։

Սահմանամերձ գյուղերի բնակիչներն ասում են, որ հայ-թուրքական հարաբերությունների, սահմանի բացման մասին ժամանակ առ ժամանակ լսում են, բայց առանձնապես սպասելիքներ չունեն։ Այն կարծիքին են, որ փակ սահմանը լավ բան չէ, բայց կծան շան կողքից անցնելիս ձեռքիդ փետը պտի չգցես։

Երազգավորսի բնակիչներից մեկն ասում է, որ 30 տարուց ի վեր միայն խոսում են սահմանը բացելու մասին, բայց չկա ընթացք։

«Գիդեմ-չիդեմ կխոսան, որ սահմանը պտի բացվի, բայց չեմ պատկերացնե՝ ինչղ պտի թուրքի հետ հարևանություն էնեմ, ըդքան թշնամանքից, ըդքան կոտորածից հետո։ Մեզնից քանիմ մետր են հեռու, իրանց նամազի ձենը պարզ կլսվի, մեր հետ հավասար նույն ջրամբարից կօգտվին, չիդեմ, ես թուրքին չեմ վստահե»,- ասում է սահմանամերձ գյուղի բնակիչը։



Մեկ այլ բնակիչ էլ ասում է, որ հասարակ ժողովուրդը իրար մեջ կիսելու բան չունի, կռիվը երկու երկրների ղեկավարների հետ է։

«Երկրաշարժից առաջ առևտուր ենք էրել թուրքերի հետ, էն ժամանակ ըսպես թշնամանք չկար։ Սաղ մե հանրապետություն էին, հայ չկար, թուրք չկար։Ես չեմ պատկերացնե սահմանի բացումը, որովհետև հմի ամեն ինչ պղտորված է, թշնամանքը մեծ է։ Կըսեն`ոչ հիմիկվա թուրքն է 60 թվերինը, ոչ էլ հայն է նույնը։ Ամեն դեպքում սիրուն-սիրուն խոսքերին հավատալ պետք չէ»։



Ախուրիկի բնակիչներից մեկն էլ ասում է, որ հենց սահմանը բացվեց, գյուղացիները վախից կլքեն գյուղը, որովհետև թուրքերի հետ ապրելն անհնար է։

«Թուրքը էլի նույն թուրքն է, իրա կերած ամանի մեջ թքող, կռնա հետդ գա նստի հաց ուտե ու վերջում մորթե։ Չեմ վստահե թուրքին, չեմ էլ հասկնա, թե մեր ղեկավարությունը ընչի է ըդպես շահագրգռված։ Սահմանը չի բացվի, որովհետև ոչ մի քայլ չեն էնե, ոչ գծերը կփոխեն, ոչ էլ աշխատանք կկատարվի։ Հասարակ մարդուն որ հարցնեք, թե իրան ինչ է պետք, կըսե՝ նորմալ, խաղաղ կյանք, ուրիշ բան պետք չէ»։
Գետք գյուղի բնակիչներն էլ ասում են, որ լսել են խոսակցություններ սահմանի բացման վերաբերյալ, բայց չեզոք վերաբերմունք ունեն, որովհետև եթե վերևները իրար մեջ որոշել են, ո՞վ պտի հասարակ գյուղացու կարծիքը հարցներ, ուզում է թուրքի հետ հարաբերությունները կարգավորել, թե ոչ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից