copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:40 30-11-2023

Տարածքային հանգամանքը գերակա չէ իրավունքներին․ Ցեղասպանության կանխարգելման թեմայով ՄԻՊ-ի ելույթը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը «Գլոբալացվող աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության ժամանակակից հրամայականները» խորագրով միջազգային գիտաժողովի շրջանակներում մասնակցել է պանելային քննարկման։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Ողջունելով մասնակիցներին՝ պաշտպանը նշել է նման միջոցառումների անցկացման կարևորությունը, քանի որ ևս մեկ անգամ հնարավորություն է ստեղծվում խոսել մարդու իրավունքների պաշտպանության համակարգում առկա մարտահրավերների մասին։

Ցեղասպանության և էթնիկ զտումների կանխարգելումը թեմայով քննարկմանը Պաշտպանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքներին վերաբերելի հարցեր, ներկայացվել են այս առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի իրականացրած աշխատանքների մանրամասները:

Անահիտ Մանասյանը հատուկ անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ անձամբ իր և ՄԻՊ աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին, որի ընթացքում ստացվել են ադրբեջանական ագրեսիայի արդյունքում քաղաքացիական անձանց շրջանում մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և վատ վերաբերմունքի՝ միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններ։

«Որպես Մարդու իրավունքների պաշտպան անմիջապես ներգրավվել եմ բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության գործընթացին։ Անձամբ ես և ՄԻՊ աշխատակազմը մեկնել ենք Գորիս, Կոռնիձոր և Վայք՝ տեղում իրականացրել ենք փաստահավաք աշխատանքներ։ Այդ ընթացքում զրուցել ենք հարյուրավոր անձանց հետ։ Փաստահավաք աշխատանքների ժամանակ հետապնդել ենք երկու նպատակ՝ իրականացնել մշտադիտարկում և բացահայտել Հայաստանի Հանրապետությունում նշված անձանց իրավունքների երաշխավորմանը վերաբերելի խնդիրները։ Հաջորդ կարևոր նպատակն էր բացահայտել խոշտանգումների, վատ վերաբերմունքի այլ ձևերի զոհ դարձած անձանց և երաշխավորել նրանց իրավունքների պաշտպանության պատշաճ կառուցակարգերի իրացումը։ Ինձ համար մի բան ակնհայտ էր. ադրբեջանական գործողությունների արդյունքում խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները»,- նշել է Պաշտպանը։

Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքագրված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում։

«Տեղեկությունների իսկությունն ապացուցող խորհրդապահական հատվածով զեկույցը ներկայացվել է մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին։ Շատ կարևոր է, որպեսզի մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցները խնդիրների լուծման առանցքում ունենան մարդու հիմնարար իրավունքները, քանի որ քաղաքական և տարածքային որևէ հանգամանք չի կարող գերակայել մարդու իրավունքներին վերաբերելի արժեքների նկատմամբ»,- ընդգծել է Ա. Մանասյանը։

Հայաստանի եվրոպական համալսարանի և Միջազգային կրթական և հետազոտական ալյանսի հետ համատեղ կազմակերպված միջազգային գիտաժողովի նպատակն է նպաստել մարդու իրավունքների պաշտպանության հիմնահարցերի և ցեղասպանության ու էթնիկ զտումների հիմնախնդիրների վերհանմանն ու հաղթահարման ուղիների ձևավորմանը: Որպես բանախոսներ հանդես են եկել միջազգային կազմակերպությունների, եվրոպական կրթական ու հետազոտական կառույցների և պետական մարմինների ներկայացուցիչներ, գիտնականներ, ոլորտային փորձագետներ, հետազոտողներ:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում