copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:35 27-11-2023

Համայնքների խոշորացման բացասական ազդեցությունը Կոտայքի մարզում 

Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների մասին խոսելիս խոշորացված համայնքների բնակիչների գոհունակությունը սահմանափակվում է միայն փողոցների ասֆալտապատման և արտաքին լուսավորության մասին պատկերացումներով։ Փոքր բնակավայրերում իբր համայնքային խնդիրներ լուծող և համայնքների համաչափ զարգացմանը նպաստող այս ծրագիրն իրականում քաղաքական նկատառումներ ունի և իր բոլոր կողմերով ոչ թե թեթևացնում է գյուղական կյանքը, այլ արհեստականորեն բարդացնում է այն և սոցիալական որևէ խնդիր լուծելու հարցում խոչընդոտներ ստեղծում բնակիչների համար։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ գյուղական համայնքները զարգացնելու համար ներդրվել է համայնքների խոշորացման ծրագիրը։

Oragir.News-ը Կոտայքի մարզում ծանոթացել է խոշորացման հետևանքով առաջացած խնդիրներին։ Չնայած դժգոհությանը՝ բնակիչներից շատերը խուսափում են հրապարակավ խոսել դրա բացասական ազդեցության վերաբերյալ իրենց մտահոգությունների մասին։ Հարմարվել են թերևս, կարծում են՝ ոչինչ փոխել չեն կարող, իրենց փոխարեն ամեն ինչ են փոխել։

Սոլակ վարչական բնակավայրի բնակիչ Փառանձեմ Մանուկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս առումով լուրջ փոփոխություններ չի նկատել, բայց վատ կողմերն ակնհայտ են․ եթե նախկինում սոցիալական որևէ խնդիր լուծելու համար անհրաժեշտ փաստաթուղթ գյուղապետարանից էին վերցնում, հիմա ստիպված Սոլակից հասնում են Հրազդան քաղաք՝ Հրազդանի համայնքապետարան, որը ուղեվարձի և ժամանակի խնդիր է ստեղծում։

Այս խնդրի մասին իրենց մտահոգություններն են ներկայացնում նաև մեղրաձորցիները․ գյուղապետարանը միավորում էր բնակիչներին, իրավասու էր արագ կարգավորել նրանց խնդիրները, իսկ խոշորացման արդյունքում նրանց ձայնը ուշ է հասնում Ծաղկաձորի համայնքապետարան, երբ մի ամբողջ օր Oragir.News-ն անգամ չի կարողացել կապ հաստատել աշխատակազմի պատասխանատուների հետ․ ուշ երեկոյան նամակով պարզաբանում են՝ հեռախոսագծերը վնասվել են։

Հանքավան վարչական բնակավայրը դպրոց չունի։ Գյուղի երեխաները ստիպված տասնչորս կիլոմետր հեռավորության վրա գտնվող Արտավազդ գյուղի դպրոցն են հաճախում։ Հանքավան վարչական բնակավայրի ղեկավար Արծրուն Գևորգյանն ասաց, որ խոշորացման արդյունքում կարողացել են միայն լուծել երեխաներին փոխադրող տրանսպորտի հարցը, հետո հավելեց՝ կարևոր խնդիր են լուծել՝ տրանսպորտը երեխաներին ուղիղ դպրոցի բակ է տանում։ Դպրոց բացելու մասին չեն անհանգստանում, համայնքապետարանը տեղյակ է, բայց միայն տեղյակ է։ Մինչդեռ բնակիչների խոսքով՝ դպրոցը կնպաստեր նաև բնակիչների ավելացմանը, գուցե այնտեղ ժամանակավոր բնակություն հաստատած արցախցիներն այլ շրջան չտեղափոխվեին։

Համայնքների խոշորացման արդյունքում վարչական բնակավայրերում մշակութային կյանքն այլ ընթացք է ստացել․ աշխատատեղերը կրճատվել են, որն էլ հանգեցրել է մարդկանց զբաղվածության խնդրի ստեղծմանը, մշակութային միջոցառումներ հազվադեպ են կազմակերպվում։ Նախկին մշակութային կյանքն այլևս չկա։ Այժմ որոշ վարչական բնակավայրերում մշակույթի տան տարածքը հյուրընկալվող խմբերին վարձակալության հիմունքներով են տրամադրում, նույն կերպ՝ նախկինում գործող խմբակների կազմակերպիչներին, որը գյուղացիների համար ‹‹շռայլություն›› է։

Հասմիկ Հակոբյան

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում