copy image url
Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 11:18 13-09-2023

Աղդամ-Ասկերան ճանապարհի բացումը պետք է նպաստի Լաչինի միջանցքի բացմանը. ԵՄ

Աղդամ-Ասկերան ճանապարհի բացումը կարեւոր քայլ է, որը պետք է նպաստի Լաչինի միջանցքի բացմանը։ Այս մասին ասված է Եվրոպական խորհրդի նախագահի ներկայացուցիչ Շառլ Միշելի հայտարարության մեջ։

«2023 թվականի սեպտեմբերի 1-ի հայտարարության մեջ շարադրված տարրերի և առաջարկների համաձայն՝ նախագահ Միշելը շարունակում է ակտիվորեն ներգրավված լինել այս և այլ մոտեցումների առաջմղման գործում՝ կենտրոնանալով ղարաբաղցի հայերի առջև ծառացած լարվածության և մարդասիրական իրավիճակի թուլացման վրա։

Մասնավորապես, նախագահ Միշելը վերջին մի քանի օրերին ինտենսիվ կապեր է պահպանել ինչպես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ 2023 թվականի սեպտեմբերի 9-ին հեռախոսազրույցների ժամանակ, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ սեպտեմբերի 10-ին Նյու Դելիում G20 գագաթնաժողովի շրջանակներում:

Այս ջանքերը, որոնք աջակցում էին նրա գրասենյակի և ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ամենօրյա փոխգործակցությանը Բաքվի, Երևանի և ղարաբաղահայության ներկայացուցիչների հետ, ուղղված էին լարվածության թուլացմանը և Ղարաբաղի հայերի համար մարդասիրական հասանելիության ապաշրջափակման լուծում մշակելուն:

Այս համատեքստում մենք նշում ենք ռուսական մարդասիրական բեռների անցումը Աղդամ-Ասկերան ճանապարհով: Հասկանում ենք այս զարգացման հետ կապված զգայունությունը: Մենք հուսով ենք, որ դա խթան կդառնա տեղի բնակչությանը կանոնավոր մարդասիրական մատակարարումների վերականգնման համար:

Իրավիճակը տեղում արագորեն վատանում է. Չափազանց կարևոր է ապահովել առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը ղարաբաղցի հայերին։ Աղդամ-Ասկերան երթուղու բացումը կարևոր քայլ է, որը պետք է նպաստի Լաչինի միջանցքի բացմանը։ Կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին ցուցաբերել պատասխանատվություն և ճկունություն՝ ապահովելու ինչպես Լաչին ճանապարհի, այնպես էլ Աղդամ-Ասկերան ճանապարհի օգտագործումը։

Այս բարդ իրավիճակը տեղում շատ երկար է տևում. Այժմ կարևոր է գտնել կայուն և փոխընդունելի լուծումներ՝ ապահովելու մարդասիրական հասանելիությունը, ներառյալ աշնան և ձմեռային սեզոններին ընդառաջ:

Մենք վերահաստատում ենք մեր հաստատակամ համոզմունքը, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի նախորդ պայմանավորվածությունների և Արդարադատության միջազգային դատարանի վճռի համաձայն, և ընդգծում ենք մեր համոզմունքը մատակարարման այլ ուղիների օգտակարության վերաբերյալ՝ ի շահ տեղի բնակչության:

ԵՄ-ն ակնկալում է, որ այսօրվա իրադարձություններին առաջիկա օրերին և շաբաթներին կհետևեն ավելի կոնկրետ քայլեր, այդ թվում՝ Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև իրենց իրավունքների և անվտանգության շուրջ երկխոսության, հաշտեցման ջանքերի և հայ-ադրբեջանական ընդհանուր խաղաղության գործընթացի վերաբերյալ»,- ասվում է հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում