Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 09:40 04-08-2023

Արցախի ժողովրդի գոյությունը հնարավոր է բացառապես ՀՀ-ի հետ անխոչընդոտ կապի պայմաններում. Ներսիսյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԺՆԵՎԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ԱՐԳԵԼՈՒՄ Է ՆՎԱՍՏԱՑՈՒՑԻՉ, ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՏՆՁԳՈՂ «ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ»

Ադրեջանը ինչպես նախկինում, 2020թ. 44-օրյա պատերազմի օրերին, այնպես էլ դրանից հետո՝ առ այսօր, Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացնում է նրան ֆիզիկապես ոչնչացնելու, Արցախից վտարելու, իսկ մնացածներին էլ հարկադրաբար հպատակեցնելու ծրագիր:
Դեռևս 2020թ. նոյեմբերի 9-ին, Եռակողմ հայտարարության տեքստը կազմելիս ու այն ստորագրելիս, մասնակից կողմերը իրավացիորեն եկել էին այն եզրահանգման, որ Արցախի ժողովրդի գոյությունը, նրա անվտանգությունը, նրանց կարիքների համար անհրաժեշտ և անվտանգ ապրանքներ ձեռք բերելը, պատշաճ բուժօգնություն ստանալը, արտաքին աշխարհի հետ անվտանգ կապն ապահովելը հնարավոր է բացառապես Հայաստանի Հանրապետության հետ անխոչընդոտ կապի առկայության պայմաններում, որի համար նախատեսվել է Լաչինի միջանցքը:

2022թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը Արցախում դիտավորությամբ ստեղծել է հումանիտար ճգնաժամ, փակել է Արցախը Հայաստանին կապող ճանապարհը, այդ ընթացքում կազմակերպել սպանություններ, սպանության փորձեր, գույքի ոչնչացման և վնասման դեպքեր, կիրառել ռազմական ուժ, ցուցադրել դրա կիրառման սպառնալիք և այդ ամենին զուգահեռ սկսել պարտադրել հումանիտար օգնություն՝ իր «ձեռքից» ու իր առաջարկած ճանապարհով:

Արցախի ժողովրդի կողմից հումանիտար օգնությունը ՀՀ-ից ստանալու և ՀՀ հետ կապ ունենալու պահանջը ոչ թե կամակոր ցանկություն է, այլ սեփական անվտանգության և պարզապես ինքնապահպանության գիտակցում, ինչն ամբողջությամբ տեղավորվում է միջազգային մարդասիրական իրավունքի տրամաբանության մեջ: Մարդուն չի կարելի պարտադրել՝ գոյության միջոցներ ստանալ մեկից, ով բացահայտորեն սպանում կամ սպառնում է սպանել այդ մարդուն, այդպիսի երևույթները հատուկ էին միայն ստրկատիրական հասարակարգերին:

Քաղաքացիական անձանց պաշտպանության մասին Ժնևի կոնվենցիան երաշխավորում է առանց խտրականության մարդասիրությունը և հակառակը՝ արգելում նվաստացուցիչ, վիրավորական և մարդկային արժանապատվությունը ստորացնող մարդասիրությունը:

Իսկ այսօր Ադրբեջանը հարկադրանքի, բռնությամբ ու բռնության սպառնալիքի գործադրմամբ հենց այդպիսի «մարդասիրություն» է փորձում մատուցել Արցախի ժողովրդին:

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
23:39 Ուկրաինան հшրվածել է ռուսական նավթավերամշակման գործարանին 2,500 կմ-ի վրա. Զելենսկի
09:01 Արարատ Միրզոյանի կնոջ «հանճարը». 429 միլիոն էր, դարձել է 0
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են
21:03 Ապրում եմ իմ երազած կյանքով. Արուսիկ Տիգրանյանի անկեղծացումն ու ընտանեկան կադրերը