copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:33 06-07-2023

Ես եկել եմ այս հողի համար կռվելու և առանց կռվի չեմ նահանջի․ այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է

Հայաստանի Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանը Արցախյան առաջին պատերազմի՝ հայրենիքի ազատության, իր ժողովրդի նվիրական երազանքների համար կյանքը նվիրաբերած առաջին մարտիկներից մեկը դարձավ։ Նա իր կյանքը դրեց հայրենիքի զոհասեղանին և իր արյունով ներկեց հայրենի հողը, երբ սխրանք էր պահանջվում, երբ կասկածի տակ էր դրված ոչ միայն Արցախ աշխարհի, այլև Մայր հայրենիքի ազատությունը։

Այսօր ՀՀ ազգային բանակի կազմակերպիչներից, ռազմական գործիչ, Հայաստանի Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է։



Ջիվան Աբրահամյանն իր մարտական մկրտությունն ստացել է Աֆղանստանում ընթացող մարտերում։ Նա այստեղ պատերազմի առաջին փորձը ձեռք բերեց՝ ի վերջո գտնելով իր առաքելությունն այս աշխարհում։ Այստեղ դրսևորվեց նրա՝ մարտիկի բնավորությունը, իսկական հրամանատարի ձիրքը։ Նա խիզախ էր, վճռական, նախաձեռնող։

Ճակատագրի ամենազոր աստվածը՝ Ֆորտունան, գծում է բոլորիս կյանքի ճանապարհը, և ինչ վիճակված է մեզ ճակատագրով, պիտի պատահի։ Բանակից հետո շինարարի գործով զբաղվող Ջիվանն անակնկալ որոշում է կայացնում․ որոշում է սպայական դասընթացների մասնակցել։ Նա պատրաստվում էր մեծ մարտին։



Երբ սահմանին հնչեցին առաջին կրակոցները, նա անմիջապես զենք վերցրեց։ Վաճառելով իր մեքենան՝ զենք է գնում, փոքրիկ ջոկատ կազմում և մեկնում առաջնագիծ։

Նորանկախ Հայաստանը դեռևս չուներ բանակ։ 1990 թ․ Հայաստանի ներքին գործերի նախարարությանը կից ֆիդայական ջոկատներից կազմավորվեց Հատուկ գունդը՝ անկախ Հայաստանի կանոնավոր բանակի հիմքը։ Ջիվան Աբրահամյանը կանգնեց Հայոց բանակի կազմավորման հիմքում։

1991 թ․ ապրիլին սկսվեց «Օղակ» գործողությունը։ Տեղահանվեցին Գետաշենն ու Մարտունաշենը, Հադրութի շրջանի գյուղերը։ Հնչեցին առաջին կրակոցները։ Տագնապի ազդանշանով ոտի հանվեց Հատուկ գունդը։ Ջիվան Աբրահամյանն իր վաշտով շտապեց Շահումյան՝ այստեղ դիմավորելով թշնամուն և իր 30-ամյակը։



Մարտական ընկերները պատմում են՝ մարտին նախորդող գիշերը հավաքել է բոլորին, հայտնել է, որ վաղն անպայման մարտ կսկսվի, և խնդրել է հեռանալ բոլոր նրանց, ովքեր մի փոքր անգամ վախենում են կամ կասկածում։ Հետո միանգամից փոխվել է հոգատար ու մեղմ հրամանատարը․ աչքերն արյունով են լցվել ու հոխորտացել է․ եթե կռիվն սկսվելուց հետո մեկնումեկը փորձի դասալիք դառնալ, ինքն անձամբ կգնդակահարի։

Հայտարարել էր՝ որ եկել է այդ հողի համար կռվելու և առանց կռվի չի նահանջի։ Ջիվան Աբրահամյանի սխրանքի շնորհիվ թշնամին հասկացավ, թե ում հետ գործ ունի․ սա հայն է, որ կանգնած է իր հողի վրա և այն արյունով կպահի։

Շահումյանի շրջանի Վերին Շեն գյուղի պաշտպանության ժամանակ ընկավ Ջիվան Աբրահամյանը։ Դա գիտակցված մահ էր․ նա պատրաստ էր ամեն գնով կանգնեցնել թշնամու մեծաթիվ զորքը։ Նրա վաշտը շարունակեց իր հրամանատարի գործը․ այսպիսով ավարտվեց «Օղակ» գործողությունը։


Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Հայրենիք» շքանշանով։

Օվսաննա Իսրայելյան

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից