copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:15 15-03-2023

Մինչև լուսաբաց օգնություն չեղավ․ սեպտեմբերյան մարտերում զոհված 19-ամյա Հենդը 22 կյանք է փրկել

«Հենդը շատ երազանքներ ուներ։ Ընդունվեց ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը և զորակոչվեց։ Լավ ֆուտբոլիստ էր, պայծառ, հրաշք տղա։ Իր նման բարի մարդ քիչ կլինի։ Ինքը երբեք եսասեր չի եղել, եթե ինչ-որ մեկին բան էր հարկավոր լինում, տղաս մոռանում էր իր մասին ու վազում օգնելու»,- Oragir․News-ի հետ զրույցում պատմեց սեպտեմբերի 13-ին հերոսաբար զոհված ժամկետային զինծառայող, 19-ամյա Հենրիկ Սաֆարյանի մայրը՝ Ռիմա Ավետիսյանը։



Հենրիկի մասին հարևանները պատմում են․ «Ծառայությունից մեկ շաբաթով տուն էր եկել ու ծանրոցներով տուն բարձրացող հարևաներին օգնել․ անհավատալի բարի էր ու օրինակելի»։

«Գիշերը սկսել է «բոյը», ու ինքը ամբողջ գիշեր կռիվ է տվել իր ընկերների հետ։Ինքը մյուս ընկերոջը խնդրել է, որ նորակոչիկներին հետ տանի, ու մնացել է ամենավտանգավոր տեղում։ Ինքը դիրքին ծանոթ չի եղել, որովհետև տարել էին ինժիներատեխնիկական աշխատանքների համար։ Իր կամքով է գնացել։ Հարցրել են՝ կգա՞ք, ու ինքը միանգամից համաձայնել է»։

Հայրը՝ Արա Սաֆարյանը, որդու հետ խոսել է գիշերը․ «Թեժ կռվի ժամանակ ինքը խոսեց իմ հետ։ Ասեց՝ պապ, ամեն ինչ իդեալական է գնում, հաղթում ենք, փռթում ենք թուրքին։ Հետո զանգել է ընկերոջը ու ասել՝ Էդ ջան, երևի վերջին անգամ ենք խոսում։ Գնացի տղուս հետևից․ անգամ թուրքերը հարգել էին իր հզորությունը։ Գրպանում մնացել էր հեռախոսը, թաշկինակը, հիսուն դրամանոցը․․․»։



Հենրիկը և իր հինգ ընկերները կռիվ են տվել մինչ վերջ․ փրկել է 22 հոգու կյանք։ Մայրն ասում է՝ տղաները օգնական ուժեր են խնդրել, բայց մինչև լուսաբաց օգնություն այդպես էլ չի եղել․ «Մի զինվորական, մի սպա կողքներին չի եղել, թե չէ երեխեքը կփրկվեին»։ Հենրիկը իրենց տուն այցելողներին գրավում է նկարներից նայող հավատարիմ, ինքնատիպ ու ջերմ հայացքով։ Տանը մի նկար կա․ ընկերներն են ծնողներին նվիրել։ Հենրիկի վերջին զանգի օրվա հիշողությունն է։ Նկարում միակ որդին և գեղեցկուհի մայրն են։



«Տղայիցս հետո ինձնից բան չի մնացել․ աղջկաս համար եմ ապրում։ Քույրը շատ կապված էր եղբոր հետ ու շատ ծանր է տանում մեր վիշտը»,-ասում է մայրը։

Հայրը ներփակված է իր վշտի մեջ, տղամարդավարի զսպում է ցասումը՝ զինվորական է․ «Բայց այդ օրը չեմ մոռանա։ Վերջին զանգի օրը ամբողջ դասարանով պետք է նույնանման՝ սև և սպիտակ հագնեին, իսկ ինքը ասեց՝ ես իմ ուզած վերնաշապիկն եմ հագնելու, ու էդպես էլ արեց»։



Բազմաթիվ երազանքներ ունեցող տղան կյանքը նվիրեց հայրենիքին, մորը՝ Ռիմային, հորը՝ Արային, և գեղեցկուհի քրոջը՝ Անահիտին։ Հենրիկը զոհվեց, որ ապրենք մենք, ու հայ ազգը հարատևի։

Լուսին Ղազարյան

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից