copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:07 20-02-2023

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Թուրքմենստանի դեսպանի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետգելդի Այազովի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ժաննա Անդրեասյանը, կարևորելով Հայաստանի և Թուրքմենստանի միջև ձևավորված բարեկամական կապերը, նշել է, որ երկու երկրների հարաբերություններում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցությունն առանձնահատուկ տեղ է գրավում: Նախարարի խոսքով՝ համատեղ նախագծերի իրականացումը և փորձի փոխանակման հնարավորությունը նպաստում են երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը:

ԿԳՄՍ նախարարը միջբուհական համագործակցության զարգացման համատեքստում առանձնացրել է դրա կայուն զարգացման ապահովման հնարավորությունը՝ համատեղ կրթական և հետազոտական, ինչպես նաև ուսանողների ու դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացման միջոցով՝ ընդգծելով, որ ՀՀ բուհերում ներկայում սովորում է Թուրքմենստանի 30 քաղաքացի:

Ժաննա Անդրեասյանը գիտության ոլորտում համագործակցությունը զարգացնելու և ամրապնդելու պատրաստակամություն է հայտնել՝ Թուրքմենստանի գործընկեր կառույցների հետ համատեղ գիտահետազոտական ծրագրեր կյանքի կոչելու միջոցով:
Նախարարը կարևորել է համագործակցության շարունակությունը ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի և Թուրքմենստանի գիտությունների ակադեմիայի սեյսմաբանության և ֆիզիկայի ինստիտուտի միջև: Այդպիսի համագործակցությունը, ըստ նախարարի, հեռանկարային է գիտության ոլորտում նոր ծրագրեր և նախաձեռնություններ իրականացնելու համար:

Կողերը դիտարկել են նաև մշակույթի և ստեղծագործական ոլորտում համագործակցությունը՝ երկու երկրներում անցկացվող միջազգային միջոցառումներին թատերական արվեստի վարպետների, անհատ կատարողների, ստեղծագործական խմբերի և մշակութային կազմակերպությունների մասնակցությամբ: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ 2023 թվականին նշվում է հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակը, և ցանկալի կլինի թուրքմեն մշակույթի գործիչների մասնակցությունը հոբելյանական միջոցառումներին:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ ներպետական համաձայնեցման ընթացակարգ է անցել «ՀՀ կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև մշակույթի ու արվեստի բնագավառում 2022-2024 թվականների համագործակցության» ծրագրի նախագիծը, որը 2022 թ. հունիսին փոխանցվել է թուրքմենական կողմին՝ փոխհամաձայնեցման: Կողմերը համաձայնվել են ծրագրի նախագծի ժամկետները փոխել՝ սահմանելով 2023-2024 թթ.:

Երիտասարդության և սպորտի ոլորտներում համագործակցության համատեքստում Ժաննա Անդրեասյանն առաջարկել է Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում և Երևանի Օլիմպավանում անցկացնել համատեղ ուսումնամարզական հավաքներ ազատ ոճի ըմբշամարտ, ծանրամարտ, հունա-հռոմեական ըմբշամարտ, ձյուդո և բռնցքամարտ մարզաձևերից: Նշվել է, որ այսօրինակ ծրագրերը կնպաստեն երիտասարդ սերունդների միջև շփումների համար անհրաժեշտ նոր հարթակների և հնարավորությունների ստեղծմանը:

ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետգելդի Այազովն իր հերթին շնորհակալություն է հայտնել թուրքմենական կողմի նախաձեռնություններին աջակցելու համար՝ նշելով, որ մեծ ուշադրություն են դարձնում ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությանը:

Դեսպանն անդրադարձել է Հայաստանի և Թուրքմենստանի համատեղ միջոցառումներին, մասնավորապես՝ նշվել է, որ 2019 թ. նոյեմբերի 5-7-ը Թուրքմենստանում կայացել են Հայաստանի մշակույթի օրեր, որի շրջանակում տեղի են ունեցել մի շարք ցուցադրություններ, փորձի փոխանակման և վարպետության դասեր: 2020 թ. մայիսի 4-6-ը նախատեսվում էր իրականացնել «Թուրքմենստանի մշակույթի օրերը Հայաստանում» ծրագիրը, սակայն կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ ծրագիրը հետաձգվել է, և այն Հայաստանում կանցկացվի այս տարի:

Մուհամետգելդի Այազովը խոսել է նաև Երևանի Կոմիտասի անվան պետական և Թուրքմենստանի ազգային կոնսերվատորիաների, Հայաստանի ազգային ագրարային և Թուրքմենստանի Ս. Ա. Նիյազովի անվան գյուղատնտեսական համալսարանների, ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության և Թուրքմենստանի գիտությունների ակադեմիայի սեյսմաբանության և ֆիզիկայի ինստիտուտների, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի, ինչպես նաև Երևանի պետական և Թուրքմենստանի Մախթումկուլիի անվան պետական համալսարանների միջև համագործակցության ընդլայնման հարցերի մասին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը