«Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի (ներառյալ Արցախի) դեմ իրականացնում են հետևողական և անդադար ցեղասպանական քաղաքականություն, այդ թվում՝
• շրջափակումներ ու պաշարումներ,
• պատերազմական գործողություններ,
• էթնիկ զտումներ (հայաթափում),
• գերեվարումներ,
• պատմամշակութային եղեռն,
• ամենաբարձր պաշտոնական մակարդակով ՀՀ ամբողջ տարածքի նկատմամբ առաջադրված տարածքային հավակնություններ,
• ամենօրյա ռեժիմով հնչեցվող սպառնալիքներ ու վիրավորանքներ»։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ռազմական պատմաբան Արմեն Այվազյանը։
«Այդ հայատյաց ֆաշիստական պետությունների հետ 1992 թ. ի վեր ՀՀ բոլոր իշխանությունների վարած անիմաստ «բանակցությունները», «հաշտեցման» խակամիտ փորձերը, հարաբերությունների կարգավորման մասին կապիտուլյացիոն ու փուչ «արձանագրությունները», «համաձայնագրերն» ու «հանդիպումները» կարող էին ծնել միայն այն, ինչ ծնեցին՝
- մեր դեմ սանձազերծված նոր պատերազմներ,
- հայ պաշտոնատար անձանց միջավայրում կոլաբորացիոնիստների թվաքանակի աճ,
- պետական դավաճանություններ ու հանցագործություններ,
- նահանջ ու պարտություն...
Հետևաբար, ԱՅՍ ՓՈՒԼՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ «ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ՄԵԶ ՀԱԿԱՑՈՒՑՎԱԾ ԵՆ. դրանք ոչ միայն անիմաստ են, այլև ծայրաստիճան վտանգավոր ու վնասակար։ Պետք է դիմադրել կեղծավոր ու հանցավոր «միջազգային համայնքի» պահանջներին, որով զոհին (Հայաստանին) անընդհատ դրդում են «բանակցել» իր դահճի հետ։ Ասել է թե՝ ստիպում են մեզ գնալ կենսական նշանակություն ունեցող նորանոր զիջումների ու վերջնական կործանման։
Հարկավոր է դուրս գալ այս մահաբեր «բանակցությունների» 30-ամյա շրջանից։ Իրականում՝ յուրաքանչյուր թշնամական գործողություն մեզ բանակցությունները խզելու բավարար հիմք է տալիս։
Իսկ Արցախի ներկա պաշարումը ոչ թե շարքային թշնամական գործողություն է, այլ պատերազմական ու ցեղասպանական ակտ։
Թշնամու հետ բանակցել կարելի է միայն այն ժամանակ, երբ նա ստիպված կլինի հաշտվել քո գոյության հետ։ Այլապես՝ երբեք»։