copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 21:22 10-10-2022

Բաքուն ցանկանում է հնարավորինս շուտ մեկնարկել խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքները


Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հետ։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպման արդյունքները և դրան վերաբերող հարցերը։

Եվրոպական միության բարձր ներկայացուցիչ Բորելը նշել է, որ ԵՄ առաքելությունը նախապատրաստման փուլում է, որն առաջիկայում պետք է ժամանի հայ-ադրբեջանական սահման։

Եվրոպացի պաշտոնյան բարձր է գնահատել Պրահայում կայացած հանդիպման արդյունքները և նշել ԵՄ հանձնառությունը՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման հարցում։
Ադրբեջանի արտգործնախարարն իր ակնկալիքներն է հայտնել Պրահայի հանդիպումից՝ տարածաշրջանում խաղաղության խթանման համատեքստում։

Բայրամովն ընդգծել է, որ Ժնևի հանդիպման ժամանակ հայկական կողմին են ներկայացվել խաղաղության պայմանագրի տարրերը։ Նրա խոսքով՝ կարևոր է հնարավորինս շուտ մեկնարկել խաղաղության պայմանագրի նախապատրաստման և սահմանազատման հարցերի շուրջ աշխատանքները։

Բացի այդ հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Ձեզ գուցե հետաքրքրի