copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 20:09 10-10-2022

Թեհրանը դեմ է ռուս-ուկրաինական պատերազմի կողմերին զինելուն

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է, որ Թեհրանը որևէ զենք-զինամթերք չի տրամադրել ռուս-ուկրաինական պատերազմի կողմերից որևէ մեկին։ Իրանական «Mehr» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աբդոլլահյանն այս մասին ասել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Պավել Յաբլոնսկու հետ կայացած հանդիպման ընթացքում։

Աբդոլլահյանի խոսքով՝ Իրանը զենք չի տրամադրել հակամարտող կողմերին, քանի որ Թեհրանի հիմնական դիրքորոշումը դեմ է ցանկացած կողմի զինելուն։ Նա ընդգծել է, որ նման դիրքորոշմամբ իր երկիրը նպաստում է, որ պատերազմը հնարավորինս շուտ ավարտվի։

Բացի այդ հանդիպման ընթացքում քննարկվել են քաղաքական, տնտեսական, մշակութային և մի շարք այլ ոլորտներում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Իրանի արտգործնախարարը ողջունել է երկկողմ հարաբերությունների համակողմանի ակտիվացումը և դրանց հետագա ընդլայնումը:

Լեհաստանի փոխարտգործնախարարն իր հերթին բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունները և համագործակցությունը համակողմանի զարգացնելուն ուղղված ջանքերը։ Յաբլոնսկին հայտնել է երկկողմ հարաբերությունների վերաբերյալ Լեհաստանի տեսակետները, ինչպես նաև անդրադարձել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։